Իոաննիսյան․ Մարզերում դեռ խնդիրներ կան ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի կարծիքով, երեկ մի շարք քաղաքներում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները տարբերվում են Երևանի ավագանու, ինչպես նաև նախորդ իշխանությունների օրոք անցկացված ՏԻՄ ընտրություններից:

«Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանն ասաց, թե Հրազդանի և Էջմիածնի քաղաքապետերի ընտրությունները ցույց տվեցին, որ մարզերում դեռևս խնդիրներ կան դրանց պատշաճ անցկացման հետ: Նա շեշտեց, որ երկու քաղաքներում էլ տեղամասերում ընտրողները հիմնականում եղել են ազատ․ - «Իհարկե ընտրությունները անհամեմատ ավելի լավն էին, քան նույն համայնքների քաղաքապետերի նախորդ ընտրությունները: Ավելի մրցակցային էին, ավելի օրինական էին, բայց, այդուհանդերձ, համեմատելով Երևանի ավագանու՝ անցած ամիս տեղի ունեցած ընտրությունների հետ, խախտումների կոնցենտրացիան, խնդիրների կոնցենտրացիան շատ ավելի մեծ էր»:

Իոաննիսյանը ներկայացրեց երեկվա ընտրություններում արձանագրված խախտումներն ու թերությունները, ասաց, որ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Հրազդանում իրենց դիտորդների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ․ - «Խնդիրներից հիմնականը օգնողների գործոնն էր, որոշ առումով նաև կուտակումները, որոշ առումով տեղամասերում մթնոլորտը և․․․ կրկնում եմ, միևնույն թեկնածուն ունենում էր մեկից ավել վստահված անձ, ու այդ մարդիկ իրենց ներկայությամբ ամեն դեպքում ինչ-որ ազդեցություն ունենում էին ընտրողների վրա: Որովհետև հաճախ այդ վստահված անձինք ինչ-որ «թաղի լավ տղաներն» էին»:

Իոնանիսյանի գնահատմամբ, Հրազդանում անցկացած ընտրություններին կիրառվել են վարչական լծակներ։ Այս ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ում ՔՊ-ն չէր աջակցում։

«Բազմաթիվ ահազանգեր ունեինք հենց Հրազդանի մասով, որ այնտեղ վարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունենում: Քաղաքապետարանը արդեն «պոդկոնտրոլնի» է քաղաքապետարանին, և քաղաքապետարանի և մարզպետարանի որոշ ստորաբաժանումներ վարչական ռեսուրսը չարաշահում են Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի համար: Փորձեցինք այդ ահազանգերի հետքերով գնալ, որոշ դեպքերում ինչ-որ անուղղակի փաստեր ձեռք բերեցինք, և դրանք հրապարակվեցին: Մնացած դեպքերում մեզ չհաջողվեց ապացույցներ հավաքել, և հիմա էլ չեմ պնդի, որ դրսևորումներ եղել են: Բայց նման ահազանգեր եղել են, ինչը տեղով մտահոգիչ է, որովհետև ես անձամբ կարծում եմ, որ չի լինում ծուխ առանց կրակ»:

Առանձնացնելով Հրազդան քաղաքը՝ Իոաննիսյանը շեշտեց, որ այնտեղ շատ էին օգնողների միջոցով քվեարկողները․ - «Մենք տեսնում էինք տեղամասեր, որտեղ օգնողի միջոցով քվեարկելը ընտրողների բավականին զգալի տոկոսը՝ 7-8 տոկոսը․․․ Շատ հետաքրքիր էր, երբ երկու տեղամասեր, մի տեղ քվեարկել են օգնողով չորս հոգի, մյուս տեղ՝ վաթսուն հոգի: Օգնողով քվեարկությունը նշանակում է, որ առնվազն մեկ այլ անձ իմացել է, թե ում է քվեարկել ընտրողը: Եթե իրականում այլ անձի փոխարեն չի քվեարկվել, որովհետև հաճախ մենք տեսնում էինք, որ օգնողն ու ընտրողը գտնվում էին քվեախցիկում, և ընտրողը ընդհանրապես չի մասնակցում պրոցեսին»:

Հարցին, թե օգնողների գործոնը որքանով է ազդել Հրազդանի ընտրության արդյունքի վրա, Իոաննիսյանը պատասխանեց․ - «Կրկին դժվար է գնահատել չափը, թե որքանով է ազդում ընտրությունների արդյունքների վրա: Բայց այն, որ սա խնդիր է և կարող է անգամ իրականում ունենալ կրիմինալ դրդապատճառներ, փաստ է»:

Արձագանքելով հարցին, թե արդյոք կառավարությունն իր մեղքի բաժինն ուներ Հրազդանում արձանագրած խախտումների գործում, Իոաննիսյանն ասաց․ - «Մենք կապի մեջ էինք գործադիր իշխանության հետ և մենք զգում էինք, որ գործադիր իշխանությունը ցանկություն ունի և պայքարում է այդ դրսևորումների դեմ»:

Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական էին, 25-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 42-ում ընտրել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում՝ միայն ավագանու անդամների, և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի:

Ըստ պաշտոնական տվյալների, 39 գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարի հայտ ներկայացրած գրեթե բոլոր թեկնածուներն ինքնառաջադրվել են։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գյուղերում որևէ թեկնածու չի առաջադրել, թեև մի շարք թեկնածուներ այդ կուսակցության անդամ էին։

Ըստ նախնական արդյունքների, կուսակցության 6 անդամներ ընտրվել են գյուղապետեր Արարատի Նոր Կյանք, Արմավիրի Խանջյան, Կոտայքի Արզնի, Սոլակ և Մրգաշեն, ինչպես նաև Տավուշի Սարիգյուղ համայնքներում։ Մյուս համայնքներում հիմնականում ընտրվել են անկուսակցական գյուղապետեր։ Արմավիր Ծաղկունք գյուղում հաղթել է ՀՀԿ-ական գյուղապետ Դավիթ Կարապետյանը, նրա մրցակիցը՝ անկուսակցական Դավիթ Երանոսյանը, ստացել էր 22 ձայն։

Քննչական կոմիտեն երեկվա ընտրությունների ընթացքի վերաբերյալ երեք 3 հաղորդում է ստացել։ Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 2-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, իսկ 1-ը՝ կրկնակի քվեարկության փորձին: