Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Աներկբա է, որ ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2018թ․
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2018թ․

Աներկբա է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստանի մոտ հինգ տասնյակ համայնքներում կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները:

«Կան և կարող են լինել, որ ընտրությունը միշտ չի, որ նշանակում է ազատ կամարտահայտություն, դա մի խնդիր է, որի վրա մենք պետք է, իհարկե, աշխատենք: Տեսականորեն և գործնականում չենք բացառում էդպիսի դետալներ, բայց նույնիսկ էս պարագայում մենք, բանականաբար, քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն, և որևէ այլ տարբերակ չի կարող լինել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցավում է Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի պարտության համար, բայց մյուս կողմից ուրախ է, որ ևս մեկ քայլով արձանագրեցին իրենց հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին:

Նշելով, որ իրենց պաշտպանած թեկնածուներից երկուսը պարտվել են, իսկ մնացածը ընտրվել են, Փաշինյանը շարունակեց․ - «Բայց էականը դա չէ, էականը այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք, և ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»:

Այսօր ավելի ուշ ուղիղ հեռարձակմամբ դիմելով ժողովրդին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է, որ իր պաշտպանած թեկնածուն չի հաղթել:

«Իշխանությունը որևէ քայլ, կես քայլ չի ձեռնարկել, փորձ անգամ չի արել քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար։ Ժողովուրդ ջան մենք սրա համար ենք հեղափոխություն արել։ Վերլուծություններ են հնչում, ասում են՝ այ տեսեք, հեղափոխական էյֆորիան նվազեց, անկում ապրեց: Ընդհակառակը, հեղափոխական էյֆորիան ավելի մեծացավ», - հայտարարեց Փաշինյանը։

Դիտարկմանը, թե նախորդ իշխանությունները Սյունիքում միշտ բարձր տոկոսներ են ստացել, վարչապետն արձագանքեց՝ սա ևս վկայում է հեղափոխության ակնհայտ հաղթանակը:

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին, բայց կուսակցությունը պաշտոնապես հայտարարել էր, որ չի աջակցում 18-ամյա Սևակին: Ավելին, վարչապետն ասել էր, թե դեմ է քաղաքականության մեջ ընտանեկան ավանդույթներին։

«Այսինքն, որ իմ որդին ա ոչ մի բանով պիտի չզբաղվի՞։ Ոչ մեկն էլ իրավունք չունի իմ որդու իրավունքները սահմանափակել, որպես ազատ, անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր թեկնածությունը դրել ա և հաղթել ա բարձր տոկոսներով», - նշեց այսօր այս առնչությամբ հայտարարեց Սասուն Միքայելյանը:։

Պատգամավորը չի հերքում՝ որդու հաղթանակի հարցում իր գործոնը կա։

«Բնականաբար ինչ-որ չափով էլ իմ ֆակտորը կար։ Է՝ դու էլ քո հորով թող անցնեիր։ Այսինքն, մարդիկ գնահատել են իմ անցած ճանապարհը։ Հասկանում ե՞ք, այսինքն Սասուն Միքայելյանը իրա երեխուն չի կարա էդ քարուքանդ երկրում, էդ Հրազդանում․․․ երևի դուք լավ գիտեք ինչ վիճակում ա էսօր Հրազդանը: Պլյուս դրան՝ երկու հարյուր քանի միլիոն դրամ էլ պարտք ունի քաղաքապետարանը, չի տարել ընդեղ ինչ-որ շահադիտական նկատառումներով։ Այսինքն Միաքայելյան Սասունը ուզում է քաղաքը սարքի և ուզեցել ա երկար տարիներ սարքի», - ընդգծեց պատգամավորը։

Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում: Նախնական տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուները հաղթել են Էջմիածնի և Արմավիրի, պարտվել՝ Հրազդանի և Կապանի քաղաքապետների ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG