«Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, հավանաբար գալիք տարվա փետրվարին Վաշինգտոնում մենք կգումարենք ամերիկա-հայկական միջկառավարական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ անցկացնելու ռազմավարական նշանակության քննարկումներ: Կարծում եմ, մեզ համար դա գերազանաց պահ կլինի՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք խորացնել մեր հարաբերությունները: Ինչպես դեսպան Միլզը հայտարարեց անցած շաբաթ, ի պատասխան այստեղ տեղի ունեցած փոփոխությունների, որոնք դուք անվանում եք «թավշյա հեղափոխություն», ԱՄՆ-ն մեծացրեց Հայաստանին հատկացվող աջակցությունը՝ օժանդակելու այն փոփոխություններին, որ հայաստանցիները առաջ են տանում», - նշեց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:
Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզն անցած շաբաթ հայտարարեց, որ այս տարի Միացյալ Նահանգները 14 միլիոն դոլարով ավելացրել է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար նախատեսում է 20 միլիոն դոլար ավելի հատկացնել, քան նախատեսված էր ի սկզբանե:
Ջորջ Քենթը զբաղեցնում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալի պաշտոնը և պատասխանատու է Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների համակարգման համար:
Քենթին երեկ ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և, կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը ասել էր, որ ուրախ է այցելել Հայաստան երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, և Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը․ - «Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավար, անվտանգ և բարգավաճ Հայաստանին: Տեղյակ ենք, որ ձեր երկիրը ժողովրդավար կերպով փոխվեց, հնարավոր են նոր ընտրություններ, և մենք քաջալերում ենք, որպեսզի այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, որոնց կմասնակցեն բոլորը»:
Քենթ․ Վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպումը կկայանա
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահի հնարավոր հանդիպման հարցին՝ Ջորջ Քենթը վստահություն հայտնեց, որ այն կկայանա․ - «Որպես դիվանագետներ մենք միշտ աջակացում ենք մեր առաջնորդների միջև հանդիպման կայանալուն: Վստահ եմ, որ [Թրամփ-Փաշինյան] հանդիպումը կկայանա, սակայն չեմ կարող ասել, թե այն երբ ու որտեղ կկայանա: Կարող եմ ենթադրել, որ հանդիպման հարցը կքննարկվի վարչապետ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպմանը»:
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը խոսեց նաև Իրանի հետ հարաբերություններից․ - «Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները թիրախավորում են որոշակի ընկերությունների, որոշակի ոլորտներ: Խնդիրը փոքր ծավալի բնականոն առևտուրը չէ: Սակայն հայաստանյան, ինչպես նաև վրացական ու ադրբեջանական ընկերությունները, որոնց ներկայացուցիչների հետ ես խոսեցի անցած շաբաթ, պետք է գիտակցեն, թե ովքեր են իրենց հաճախորդները: Այո, մենք քաջալերում ենք ընկերություններին՝ առևտուր չանել իրանական որոշակի ընկերությունների հետ, որովհետև նրանք կարող են ԱՄՆ պատժամիջոցների ներքո լինել: Միացյալ Նահանգների այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են պատժամիջոցների քաղաքականության համար, հավանաբար այս նոյեմբերին կայցելեն տարածաշրջան՝ հայաստանյան, վրացական ու այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ տանելու համար»:
Ի դեպ, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամեր առաջ հայտարարել է, որ իր հարավկովկասյան այցի ընթացքում քննարկելու է նաև Իրանի հետ հարաբերությունների հարցը: