Րաֆֆի Հովհաննիսյան․ Երևանի գիտակից քաղաքացին ուզում է իրական այլընտրանք

«Ժառանգության» քարոզարշավն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էր։

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն երևանցիներին իրեն ընտրելու կոչեր չի անում և չի թերագնահատում մրցակիցներին, այլ խորհուրդ է տալիս ուսումնասիրել բոլորի ծրագրերը, և միայն լավ ծանրութեթև անելուց հետո գնալ ընտրության։

«Անահիտ Թարխանյանը լավ թեկնածու է, շատ լավ ցուցակ է․․․ Ընդհանրապես մենք շատ հարուստ տեսականի ունենք: Այնպես որ, դուք բոլորին ուսումնասիրեք, ընտրեք ում կուզեք, որովհետև 23-ից հետո իշխանությունը ձերն է լինելում հաշվետու է լինելու ձեր առջև»․ - նշեց «Ժառանգության» թեկնածուն:

Հովհաննիսյանի հետ զրույցներում բնակիչները սոցիալական բազմաթիվ խնդիրներ թվարկեցին, որոնք, ըստ նրանց, նախկին իշխանությունների անտարբերության արդյունք են:

«Պուրակը պետք է բարեկարգվի, կանաչ տարածքներ․․․ Ուրիշ ձեր կյանքում ի՞նչ կա, որ պետք է փոխվի», - թեկնածուի այս հարցին մի տարեց տղամարդ արձագանքեց․ - «Ղեկավարությունը լավը լինի, թոշակը բարձրացնեն, որ կարանանք ապրենք, գոյություն պաշտպանենք»:

Քաղաքացիները բողոքեցին աղբահանությունից, վերելակներից:

Գնահատելով իր ընտրվելու շանսերը՝ «Ժառանգության» թեկնածուն նկատեց, որ մարդիկ այսօր էլ դեռ վախենում են բարձրաձայնել իրենց նախընտրած թեկնածուի անունը:

Այդուհանդերձ Հովհաննիսյանը վստահ է, որ երևանցուն այլընտրանք է պետք․ - «Մենք մասնակցում ենք ոչ թե շանսերի համար կամ շանսերի իրացման համար: Մենք հավատում ենք, որ Երևանի գիտակից քաղաքացին ուզում է իրական այլընտրանք, և պետք չէ, որ որևէ մեկը մեր շարքային քաղաքացիներին դնի ինչ-որ թերուսի վիճակում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ բարձրաձայնել, թե մրցակիցներից որ ուժն է երեխաների միջոցով տարածում իր թռուցիկները․ - «Ես ինքս չեմ տեսել այդ արարքը, բայց վստահ եմ, որ հազարավոր վկաներ եղել են: Եվ եթե անվախ Հայաստանի մեջ ենք ապրում, հըլը տեսնենք, մեր անվախ հայրենակիցները պատրա՞ստ են վկայելու՝ անկախ նրանից, թե որ համարն է այդ ուժը: Իրավապահ մարմինները չեն ներկայացնում ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն, նրանք պետության պաշտպաններն են, և կտեսնենք, թե որքան օպերատիվ իրենք կաշխատեն»:

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրն է։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։