«Մարտիկ» հիմնադրամից ավելի քան 54 միլիոն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը չի ընդունում մեղադրանքը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվելու ստորագրությունը չհեռանալու մասին։
«Ազատության» հետ զրույցում Աղաբեկյանը պնդեց, թե գործել է հիմնադրամի կանոնադրության շրջանակում․ - «Կանոնադրության մեջ հստակ ձևակերպված խնդիրներից ելնելով, և, կարծում եմ, հետագա քննչական գործողությունների ընթացքում այդ համոզման են գալու նաև քննությունն իրականացնող մարմինները»:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, «Մարտիկ» հիմնադրամի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է դեռ երկու ամիս առաջ իրավապահներին ներկայացված Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա։
Ըստ այդմ, իրավապահները պարզել են, որ 2012-2016 թվականներին հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ։ Մասնավորապես, առանձնապես խոշոր չափերի գումարներ են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար «պրեմիում» տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար։ Ըստ իրավապահների, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել է հիմնադրամի գույքը։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել է այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին։
Հրաժարվելով պատասխանել «Ազատության» այլ հարցերին՝ Աղաբեկյանը պնդեց, որ գործել է կանոնադրության շրջանակում․ - «Ես այդպես եմ ձևակերպել: Քանի որ կանոնադրությունը ես եմ գրել 2002 թվականին, և Կանոնադրությունը գրելիս էլ հասկացել եմ, թե հետագայում ինչ ծրագրեր եմ իրականացնելու»:
«Մարտիկի» հիմնադիրներից է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հիմնադրամը ձևավորվել է 2002 թվականին։
Ֆեյսբուքի իր էջում Աղաբեկյանը կարճ հաշվետվությամբ է հանդես եկել։ Նշել է, որ հիմնադրամի հաշվին առկա է 1 միլիոն 241 հազար դոլար, որն անձեռնմխելի է։
Քրեական գործի քննությանը զուգահեռ, Լեռնային Ղարաբաղում դրամահավաք է նախաձեռնել Ղարաբաղի նախագահի խորհրդական, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նա և ևս տասը հոգի որոշել են հավաքել մեղարդանքում նշված 54 միլիոն դրամ գումարը և փոխանցել հիմնադրամին։
Հարությունյանը պարզաբանում է, որ այս քայլին են դիմել, քանի որ իր ընկեր Աղաբեկյանը չի ընդունում մեղադրանքը։
Հարցին, թե արդյոք գումար հավաքելու նախաձեռնությունը չի նշանակում, որ ընդունում են, որ հիմնադրամից իսկապես գումար է հափշտակվել, Լեռնային Ղարաբաղի պաշտոնյան պատասխանեց․ - «Այդ գնահատականը թող արդարադատությունը տա: Եթե կա խնդիր և քննիչը գտնում է, որ ոչ կանոնադրության համապատասխան է ծախսվել, մենք՝ իր ընկերները, կապահովենք անհրաժեշտության դեպքում, որ այդ խնդիրը չլինի»:
Անահիտ Բախշյանին ապրիլյան պատերազմից հետո կասկածելի էր թվացել հիմնադրամի գործունեությունը, ինչից հետո նա սկսել էր ուսումնասիրել այն: Կասկածները գնալով մեծացել էին, սակայն Բախշյանի նամակները տարբեր գերատեսչություններ, այդ թվում և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այդպես էլ արդյունք չէին ունեցել:
«Այդ հիմնադրամը ամբողջությամբ թող ուղղեն, փոխանցեն այս վերականգնողական կենտրոնի հաշվին, և ասեն՝ թող այն ծառայի մեր զիվորների առողջությանը: Կոնկրետ սահմանների պահպանության համար գիշերային տեսանելիության, ցերեկային տեսանելիության, այն բոլոր սարքերը, որոնք այսօր մեր սահմանները առավելագույնս պաշտպանված են․․․ ինչո՞ւ ինքը դա չարեց», - նշում է Բախշյանը:
Նա փոխանցեց, որ ապրիլյան պատերազմից հետո բաց նամակով դիմել է Արթուր Աղաբեկյանին՝ խնդրելով գումարներ ուղղել պատերազմի հետևանքները վերացնելուն․ - «Պատասխան եղավ, թե, կարճ ասած՝ դու ի՞նչ իրավունք ունես, եթե «Մարտիկի» անդամ չես»:
Եվ երբ Բախշյանը փորձել էր գումար հանգանակել, «Մարտիկի» էջում գտել է Հայխնայբանկի անունը, որն արդեն գոյություն չուներ։ «Սա ևս կասկածի տեղիք է տվել», - ասում է նա:
Բախշյանը հիշում է տարիներ առաջ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը, թե՝ 5 տարի հետո անկիրթ սպա չենք ունենա, եթե մարդիկ 100-ական դոլար հանգանակեն հիմնադրամին․ - «Ոչ մեկին չեք կրթել։ Էլ կանոնադրական նպատակները ո՞ւր մնացին»:
Բախշյանի կասկածներն առնչվում են նաև հիմնադրամի կայքէջին, որն ըստ նրա վարագուրված է, չկան սպառիչ տեղեկություններ։
Թվարկելով «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած ծրագրերից մի քանիսը՝ նա ուշադրություն է հրավիրում Աղաբեկյանի կողմից բանակին անվանական զենք նվիրելու հանգամանքին․ - «Բանակին փոխանցվել է Նոր տարվա նվեր, փոխանցվել է անվանական զենք․․․ ընդ որում, էդ անվանական զենքերը գնվել են երկու խանութներից՝ «Ասպար» և «Հայդուկ», որոնք, ըստ ժողովրդի մեջ տարածված խոսակցության, հենց ինքը դրա մեջ է»:
Բախշյանը հաշվել է, որ 2017-ին կառավարչական նպատակների համար ծախսվել է ոչ թե ընդհանուր գումարի 10, այլ 27 տոկոսը։