Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը այսօր Ֆեյսբուքի իր էջում դժգոհություն է հայտնել Ղարաբաղի Մեծ Թաղեր գյուղում գտնվող իր հայրական տունը, Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում և «Մետաքսկոմբինատ» ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում կատարված խուզարկությունների կապակցությամբ։
«Անհիմն» գնահատելով խուզարկությունները՝ Աղաբեկյանը նշել է, որ դրանց նպատակը եղել է 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր հայտնաբերելը։ Վկայակոչելով խուզարկության թույլատվության մասին դատարանի որոշումը՝ Աղաբեկյանը նշում է, որ իրեն կասկածում են այդ օգնության յուրացման մեջ։
«Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից», ֊ գրել է Աղաբեկյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զբաղեցնում է ԼՂ փոխվարչապետի պաշտոնը, իսկ այժմ էլ հանդիսանում է ԼՂ նախագահի խորհրդական։
Աղաբեկյանը նաև նշել է, որ համաձայն դատարանի որոշման, ինքը «իբր», տրամադրված օգնության մի մասն էլ փոխանցել է Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Վերջինս մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ։
Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականը տեղեկացնում է, որ դիմել է Ղարաբաղի Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։
Նա նաև կոչ է արել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից ինքը ընդհանրապես չի շփվել Մանվել Գրիգորյանի հետ, իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել է նրան ընդամենը 2 անգամ՝ Ղարաբաղի նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ:
Աղաբեկյանը շարունակել է, թե Հայաստանից և արտերկրից ստացված օգնությունների ստացման և բաշխման հանձնաժողովի համակարգող չի եղել, եղել է միայն օգնություն ուղարկող իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, և հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:
«Պարոնա՛յք, մի խայտառակեք ռեսպուբլիկան», ֊ վերջում գրել է Ղարաբաղի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ Ղարաբաղի իշխանություններից ակնկալելով տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատական, եթե օպերատիվ տվյալները Արցախի Հանրապետության կառավարությունը և պատկան մարմինները չեն տրամադրել։
«Ազատության» հետ կարճ զրույցում Աղաբեկյանն ասաց, որ իր վերաբերմունքն արդեն հայտնել է իր հայտարարությունում՝ հավելելով միայն, որ կատարվածի վերաբերյալ ակնկալում է Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունների գնահատականը․ ֊ «Մնացածը՝ իրենք գիտեն, ինչ ուզում են՝ ապացուցեն»:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի պետնախարար, այժմ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ պատերազմի օրերին ինքն էր ղեկավարում օպերատիվ շտաբը, որի ներկայացուցիչներն այսօր հավաքվել և արդեն տվել են իրենց գնահատականը։ Հարությունյանն ասաց, որ Ղարաբաղի կառավարություն ուղարկված օգնությունը ամբողջությամբ տրվել է բանակին, կամավորականներին, տեղահանվածներին:
«Ազատության» դիտարկմանը, թե Արթուր Աղաբեկյանը սպասում է Ղարաբաղի իշխանությունների գնահատականին, Հարությունյանը պատասխանեց․ ֊ «Մենք արդեն հավաքվել ենք և տվել մեր պարզաբանումը, որ ամբողջ օգնությունը, ինչ ստացել է Ղարաբաղի կառավարությունը, հաշվառված և հրապարակված է: Իսկ այն, ինչ մենք չենք ստացել, այսինքն՝ եղել են դեպքեր, երբ որ մարդիկ իրենց օգնությունը անձամբ էին տանում, տրամադրում դիրքերին, ջոկատներին, կամավորականներին, դրանց մասին մենք որևէ տեղեկություն չենք կարող տալ»:
Ղարաբաղի նախագահի խորհրդական Հարությունյանը հավելեց նաև, որ «Մետաքսկոմբինատը», որտեղ կատարվել են խուզարկությունները, պետական ընկերություն է, որը գտնվում էր այն ժամանակվա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ղեկավարման ներքո։
Հարությունյանը չի հավատում, որ Արթուր Աղաբեկյանը կարող է ներգրավված լինել պատերազմի մասնակիցներին ուղղված օգնության յուրացման մեջ․ ֊ «Նախ՝ ճանաչում եմ իրեն, և երկրորդը՝ քանի որ ես էի ղեկավարում օպերատիվ շտաբը, այնպիսին էր մեթոդները, որ հնարավոր չէր այնտեղից ինչ֊որ բան տանել: Հանձնաժողովով ընդունվում էր, հանձնաժողովով անցնում: Այսինքն, մեկ մարդու կամ մի քանի մարդու կողմից չէր այդ ամենը մուտքագրվում և ելքագրվում»: