Ըստ Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայության, Երևանում 0038 հրամանով այդ օրերին փաստացի հաստատվել է ռազմական դրություն և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում ձևավորվել է զինվորական կառավարման նոր կառույց, որով էլ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ:
Այս կապակցությամբ Գագիկ Մելքոնյանն ասաց․ - «Չեմ կարծում, որովհետև նախարարը պետք է զեկուցեր իրան [Ռոբերտ Քոչարյանի] իր կատարած ամեն մի քայլը: Ու ես չեմ կարծում, որ զեկուցած չլինի»:
Ավելին, Գագիկ Մելքոնյանը պնդում է, որ հույժ գաղտնի 0038 հրամանի արձակումից առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է զինված ուժերի ղեկավարների հետ և հանձնարարական տվել։
Մելքոնյանը, ով ևս մասնակցել է այդ հանդիպմանը, ասաց․ - «Քոչարյանը հանձնարարական տվեց, որ ամսի 23-ին լրիվ սպայական կազմը հավաքվի Գլխավոր շտաբում: Ու 23-ին ինքը հանդիպում ա ունեցել սպայակազմի հետ: 23-ին ծլել ա էդ 0038 հրամանը: Բանակը դրանից հետո նոր սկսել ա հավաքվել: 0038 հրամանից հետո նոր արդեն սկսել են կորպուսներից վաշտեր տեղափոխել Երևան, որին մենք ներկա չենք եղել, չենք տեսել»:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանները քանիցս հայտարարել են, թե Քոչարյանն ընդամենը փորձել է կանխել զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին, և որ դա արել է այն պատճառով, որ Պաշտպանության փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը հայտարարել էին, որ իրենք պատրաստ են աջակցել ընդդիմադիրներին, և արդեն խոսակցություն էր գնում, որ որոշ ստորաբաժանումներ պատրաստ են անցնել ընդդիմադիրների կողմը:
Ի պատասխան Գագիկ Մելքոնյանը հայտարարում է՝ թող բերեն թեկուզ մեկ զինվորի օրինակ, որին իրենք փորձել են ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Իրենք նման լիազորություն էլ չունեին, քանի որ, ըստ Մելքոնյանի, զորքը ենթարկվում է պաշտպանության նախարարին եւ գլխավոր շտաբի պետին։
2008-ին Զինված ուժերի թիկունքը համակարգող պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանը պնդում է, որ ինքն անցել էր ոչ թե ընդդիմության կողմը, այլ ժողովրդի։ Բայց փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը գտնվել է հոսպիտալում և ցանկության դեպքում անգամ չէր կարող զորքը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։
Մելքոնյանը պնդում է, որ մինչև մարտի 1-ը պատրաստվում էին զորքերը Երևան բերելու գործողությունները․ - «Մենք խոսակցություններից արդեն իմանում էինք, որ արդեն զորք պըտի բան անեն, պարետային ժամ պըտի լինի: Չէ՞ որ էդ հրամանով տալիս ա, որ պետք ա զորք տեղաշարժվի Երևան: Ամեն մեկը իր խնդիրը ստացած էր: Էդ ժամանակ արդեն ամեն կորպուսում հրաման էր տրված, որ ամեն կորպուսից 100-120 մարդ պըտի գա Երևան: Ինչի՞ համար էր բերում Քոչարյանը էդ մարդկանց: Բերում էր միտինգը ցրելո՞ւ համար, թե՞ միտինգը պաշտպանելու համար»:
Ըստ Մելքոնյանի, մինչև հիվանդանոց տեղափոխվելը Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին առաջարկել էր զրուցել Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի վերջինս բանակցի նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար: Արդյունքի, սակայն, չի հասել․ - «Բանակցություններ էին վարում Գլխավոր շտաբի պետի հետ, որպեսզի Գլխավոր շտաբի պետը կարողանա իրենց համոզի, որ բանակը պետք չի ներքաշել էս գործի մեջ: Հիմնականում էս ա եղել: Մենք ի՞նչ ենք արել․․․ ես ու Մանվել Գրիգորյանը, որ շեշտում ա մեր անունները: Բանակը պետք է կանգներ հակառակորդի դեմ, ոչ թե բանակի պիտի գար Երևան միտինգներ ցրեր»:
Հակադարձելով Քոչարյանի ու նրա պաշտպանների հայտարարություններին՝ նախկին փոխնախարարն ասաց, որ Քոչարյանը քաղաքական հետապնդման չի ենթարկվում․ - «Չեմ կարծում, որ սա հետապնդում է քաղաքական, որովհետև փաստացի զոհեր կան՝ 10 մարդ, փաստացի ինքը, լինելով Գերագույն հրամանատար, իր հրամանով ա կատարվել էդ ամեն ինչը»:
Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե բանակը քաղաքական գործընթացներին չներգրավելու թեմայով էր 2008 թվականի մարտի 1-ից առաջ հանդիպում ունեցել զինվորական վերնախավի հետ՝ պահանջելով Պաշտպանության նախարարից միջոցներ ձռնարկել՝ բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար։