Մատչելիության հղումներ

Քոչարյանը 0038 հրամանի մանրամասներին ծանոթացել է միայն այս քրգործի շրջանակում․ Երկրորդ նախագահի փաստաբան


Փաստաբան Հայկ Ալումյան, 16-ը օգոստոսի, 2018 թ․
Փաստաբան Հայկ Ալումյան, 16-ը օգոստոսի, 2018 թ․

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն վերաքննիչ դատարանի որոշումը։

Վերաքննիչ ատյանը, ըստ երկրորդ նախագահի փաստաբանների, որոշում էր կայացրել՝ կալանքից ազատ արձակել Քոչարյանին բացառապես նախագահի անձեռնմխելիության իրավունքից ելնելով։ Փաստաբան Հայկ Ալումյանն այսօր ասաց՝ իրենք բողոքարկման ևս երկու հիմք էին ներկայացրել, սակայն վերաքննիչը դրանք չի քննել: Այդ հիմքերից մեկի մասին, նախաքննական գաղտնիքը հաշվի առնելով, չեն ուզում խոսել։ Մյուսը՝ Ալումյանի պնդմամբ, հետևյալն է՝ Քոչարյանի պաշտպանները հակաօրինական չեն համարում արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը, մինչդեռ «մարտի 1-ի» գործը քննող ՀՔԾ-ն մեղադրանքում այն որակել է որպես հակասահմանադրական և հակաօրինական։

«Այսինքն՝ քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշումը, պետության անունից ոչ ոք իրավունք չունի ասել, որ այդ հրամանագիրը եղել է ապօրինի։ Եթե պետության անունից որևիցե մեկը, որևէ պաշտոնատար անձ, մարմին, այդ թվում՝ դատարանը, ասեն, որ նախագահի հրամանագիրը եղել է ապօրինի՝ այն դեպքում, երբ դեռ Սահմանադրական դատարանը այդպիսի գնահատական չի տվել, այ սա սահմանադրական կարգի տապալման նման գործողություն է դառնում»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նա հավելեց՝ եթե վճռաբեկ դատարանը համաձայնեց իրենց տեսակետին, որ այս մեղադրանքով Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիությունից, ապա մեղադրանքը կհանվի։ Քոչարյանի փաստաբանը նաև նշեց՝ Ռոբերտ Քոչարյանը երկրում է և չի էլ պատրաստվում այն լքել։

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Ալումյանն անդրադարձավ 2008 թվականին պաշտպանության նախարար, «մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, այժմ հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի արձակած հայտնի թիվ 0038 հրամանին։ Գործը քննող հատուկ քննչական ծառայությունն այդ հրամանից որոշ դրվագներ էր հրապարակել: Ըստ ՀՔԾ-ի՝ Հարությունյանն այդ հրամանը ստորագրել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման համար։

Ըստ այդ հրամանի ընդդիմախոսների՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք Սահմանադրության խախտմամբ Հայաստանում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են ներքաղաքական հարցեր լուծելու համար՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Ըստ նախաքննական մարմնի, Երևանում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում ձևավորվել է զինվորական կառավարման նոր կառույց, որով իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ․ զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր:

Նախաքննական մարմինը նաև նշել է․ «Փաստացի հաստատված ռազմական դրության պայմաններում նույն օրը, երեկոյան, զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ալումյանն այսօր անդրադառնալով այդ հրամանին, ասաց․ «0038 հրամանը չի վերաբերում զորքի կիրառմանը»։ «Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ հանկարծ զինված ուժերը չխառնվեն քաղաքական գործընթացներին։ Փետրվարի 23-ի դրությամբ, գիտեք, որ արդեն քանի օր չարտոնված հանրահավաքներ էին գնում: Նորմալ է, բայց արդեն երկրապահ կամավորականների շտաբում խմորումներ էին, որոշում էր կայացվում՝ միանա՞լ ընդդիմադիր թիմին, թե չէ: Արդեն պաշտպանության երկու փոխնախարարներ հայտարարել էին, որ իրենք պատրաստ են աջակցել ընդդիմադիրներին, և արդեն խոսակցություն էր գնում, որ որոշ ստորաբաժանումներ պատրաստ են անցնել ընդդիմադիրների կողմը»,- ասաց Ալումյանը։

ՀՔԾ-ի հրապարակած՝ թիվ 0038 հրամանում նշվում է, որ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ են մայրաքաղաքի կենտրոնում զինծառայողներին զինել, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը պատասխանեց․ «Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է անել ամեն ինչ օրենքի սահմաններում, որպեսզի բանակը չխառնվի քաղաքական գործընթացներին, որպեսզի կանխեն բանակի հնարավոր մասնակցությունը գործընթացներին»,- ասաց Ալումյանը, շարունակելով․ «Այդտեղ պետք էր ունենալ մի կորիզ, որը ոչ մի պարագաներում չի մտնի քաղաքական գործընթացների մեջ։ 0038 հրամանի մեջ ընդհանրապես ոչինչ ասված չէ բանակի կիրառման մասին, ընդամենը բանակը բերված էր այնպիսի վիճակի մեջ, որ եթե հանկարծ բանակի մեջ խռովություններ լինեն, այդ խռովությունները հնարավոր լինի ճնշել այնքան արագ, որ զոհեր չլինեն»:

Ալումյանի պնդմամբ՝ Քոչարյանը 0038 հրամանի մանրամասներին տեղեկացել է այս քրեական գործում ներգրավվելու ժամանակ միայն։ «Պարոն Քոչարյանը հրաման տվել էր, որ ապահովեր զորքի չմիջամտելը, իսկ թե այդ հրամանն ինչ կերպ է կազմվել և ում կողմից է կազմվել․․․ դուք գիտեք՝ պարոն Քոչարյանն այդ հրամանի մանրամասների մասին տեղեկացել է այս քրեական գործում»,- ասաց Ալումյանը։

Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի փաստաբանն անդրադարձավ նաև 2008 թ․ մարտի 1-2-ի զոհերին առնչվող հարցին։ «Ազատության» հարցին՝ հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ կրակելու հանգամանքների մասին ի՞նչ գիտի Քոչարյանը, Ալումյանը, փակագծեր չբացելով, պատասխանեց․ «Այս քրեական գործի հիմքը պետք է նախևառաջ դրվի, այսինքն՝ պարզվեն նրանք, ովքեր կրակել են, հետո պարզվեն նրանք, ովքեր նրանց զենք են տվել, հետո պարզվեն նրանք, ովքեր հրաման են տվել, հետո էլ պարզվեն նրանք, ովքեր այդ հրաման տվողներին են հրաման տվել»։

Երկրորդ նախագահի պաշտպանը չհամաձայնեց այն պնդումներին, թե 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանը, ունենալով լծակներ, ազատության մեջ գտնվելով՝ կազդի գործով անցնող անձանց վրա: «Ի պաշտոնե, օրենքով, իրեն հսկում են թիկնապահներ, իրեն օր ու գիշեր հսկում են ԱԱԾ-ի մարդիկ։ Միանգամից պարզ կդառնա՝ ում է զանգել, ոնց է զանգել, ինչու է զանգել»,- ասաց Հայկ Ալումյանը։

Մինչդեռ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր հույս է հայտնել, որ գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG