Փաշինյանը հանրահավաքում զգուշացրել էր, որ եթե դատավարները շարունակեն զանգեր ստանալ նախկին իշխանություններից և կատարել նրանց հրահանգները, հնարավոր է անցումային արդարադատության համակարգ ստեղծվի: Վարչապետը նաև սահմանադրական փոփոխությունների մասին խոսել՝ խորհրդարանի ինքնալուծարումը հնարավոր դարձնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
Այս հայտարարություններից հետո Արա Բաբլոյանը մտահոգություն էր հայտնել վարչապետի ելույթի կապակցությամբ և հանդիպումներ նախաձեռնել:
Այսօրվա հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ նշվում է․ - «Փաշինյանն ու Բաբլոյանը համաձայնել են, որ Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, սակայն եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության և համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով և միևնույն ժամանակ որևէ կերպ չվնասի արդարադատությանը»:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում եւ թե հանրային լայն շրջանակներում», - նշված է հայտարարությունում։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, այս հայտարարությունը նշանակում է, որ փաստացի վերհաստատվել է այն ստատուս քվոն, որ գոյություն ուներ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո․ - «Երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց, նա հայտնվեց ազատության մեջ և փաստացի հայտարարեց, որ քաղաքականություն է վերադառնում, սա որոշակի աժիոտաժ առաջացրեց նախորդ համակարգում: Սկսեցին հնչել կոշտ հայտարարություններ նոր գործադիր իշխանության հասցեին: Եվ սա բերեց այսպես ասած հակահեղափոխության մասին խոսակցությունների, դիմադրության մասին խոսակցությունների վերելքի: Եվ դրան հետևեց Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի էսպես վերջնագրային տոնով հայտարարությունը, որ եթե կա անհրաժեշտություն, ապա հեղափոխությունը կանցնի ավելի արմատական և կոշտ քայլերի: Մեր տեսանյունից, հաջորդաբար արդեն Արա Բաբլոյանի հայտարարությունը, որ մտահոգություն էր Փաշինյանի հնչեցրածի վերաբերյալ, գործնականում դա հանդիպելու և քննարկելու պատրաստակամություն էր այն իմաստով, որ նախորդ իշխանության ոչ բոլոր շերտերն են, որ պատրաստվում են հակահեղափոխություն իրականացնել, կամ ինչ-որ սաբոտաժային դիմադրության քայլեր կազմակերպել: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այդ հանդիպումը առնվազն այս հայտարարության մակարդակում տվել է իր արդյունքը։ Եվ Բաբլոյանի հետ հանդիպմամբ վերահաստատվել է այն ստատուս քվոն, որը կար ապրիլի 23-ից, մայիսի 8-ից հետո: Կարծում եմ հայտարարության տողատակը դա էր, որ չկա անցումային արդարադատության կարիք, որ խորհրդարանի ընտրությունը կլինի այն ժամանակ, ինչը որ սահմանվել է: Այսինքն՝ նախկին կամ նախորդ դարձող իշխանությունը հետ չի կանգնում իր պայմանավորվածություններից: Էստեղ խնդիրը հետևյալն է․ թե Արա Բաբլոյանի հետևում նախկին իշխանության ինչ սեգմենտներ են կանգնած, այսինքն Արա Բաբլոյանը ո՞ր շերտերի անունից է պայմանավորվել և ո՞ր շերտերն են, որ համաձայն չեն լինելու այդ պայմանավորվածությանը և գործելու են, այսպես ասած, դրանից դուրս: Իհարկե հասկանալի է, որ ամբողջը չի ներկայացվում, բայց ես կարծում եմ, որ ամբողջ համակարգը, որպես այդպիսին, գոյություն չունի Սերժ Սարգսյանից հրաժարականից սկսած»:
Վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ ողջունելով այն և դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները:
Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով: Նա վերահաստատում է իր դիրքորոշումը, որ «խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքոում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողություններ»: