Անահիտ Աբադ․ Կինոփառատոնում տաբուներ չպետք է լինեն

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում երեկոյան ֆիլմերի դիտումները հիմնականում լեփ-լեցուն դահիլճներում են անցնում, սակայն ցերեկային սեանսներին, ինչպես նկատեցին կինոթատրոնի դրամարկղի աշխատակիցները, դահլիճը գրեթե դատարկ է:

«Գուցե շոգն ու տոմսերի փոքր-ինչ թանկացնում է ազդել», - ենթադրում էին նրանք:

Սակայն, դրամարկղի աշխատակիցների փոխանցմամբ, որոշ ֆիլմերի համար տոմսերը նախապես սպառվում են․ - «Նախորդ տարիների համամետ, այս տարի կան ֆիլմեր, որոնք նկատմամբ հետաքրքրությունն ավելի շատ է»:

Այդուհանդերձ կինոփառատոնից հիասթափվածներ էլ կան: «Ոսկե Ծիրանի» նկատմամբ իր հետաքրքությունը կորցրել է երիտասարդ ռեժիսորներից Հովհաննես Իշխանյանը:

Անցած տարվա դառը փորձը պատճառ է դարձել, որ այս տարի բոյկոտի կինոփառատոնը․ - «Պարզ դարձավ, որ տաբուներ կան»:

Անցած տարի փառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ, սակայն հետագայում Կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվեց դրանց ցուցադրությունից։ Կինոփառատոնի ղեկավարությունը որոշել էր ամբողջովին հանել արտամրցութային ծրագիրը (37 ֆիլմ)։ Մի շարք անհատներ և կազմակերպություններ քննադատել էին տեղի ունեցածը՝ անվանելով դա բացահայտ գրաքննություն։

Այս ցանկում էր հայտնվել Իշխանյանի ԼԳԲՏ թեմատիկայով «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմը: Թեպետ Իշխանյանն այս տարի էլ նոր ֆիլմ ուներ, չի ցանկացել ներկայացնել «Ոսկե Ծիրանին»․ - «Ինձ համար կարևոր իրադարձություն էր ժամանակին «Ոսկե Ծիրանը», բայց անցած տարի իրա դեմքը բացահայտվեց: Ու այլևս դու չես կարող մասնակիցը լինել մի բանի, որին դու 180 աստիճանով դեմ ես: Ուրիշ հարց, եթե «Ոսկե Ծիրանը» իր դիրքորոշումը արտահայտի․․․ Ոչ մի քայլ չձեռնարկեցին, որպեսզի այդ 37 ֆիլմերը ցուցադրեն»:

«Կինոփառատոնում տաբուներ չպետք է լինեն», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը, որի «Եվա» ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե Ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում:

Փառատոնից դուրս մնալու դառը փորձ ունի նաև Աբադը․ հենց այս տարի էր, որ Ադրբեջանի բողոքների պատճառով Ստամբուլի միջազգային կինոփառատոնում արգելվեց «Եվա»-ի ցուցադրությունը:

«Ամեն ֆիլմ ունի իրա դժվար կտրելիք ճամփան: «Եվա»-ի ճակատարգիրն էդպես դժվար է: Շատ ուրախ եմ, որ հիմա «Ոսկե Ծիրանում» ցուցադրվում է ու լավ է»:

Հարցին, թե պարզել է արդյոք, թե ինչու է արգելվել իր «Եվա»-ի ցուցադրությունը Ստամբուլի կինոփառատոնում, Աբադը պատասխանեց․ - «Ֆիլմում ղարաբաղյան հակամարտությունն են տեսնում, փորձում են տողամեջերին գտնել ղարաբաղյան կոնֆլիկտը: Մինչդեռ ֆիլմում չկա ղարաբաղյան կոնֆլիկտ: Կան մարդիկ, ովքեր ապրում են էդ տարածքում»: