Ասղար Ֆարհադի․ Ֆիլմը կարող է տալ և՛ պատասխաններ, և՛ հարցեր

Ասղար Ֆարհադի

«Ոսկե Ծիրանի» օրագրում այս օրն առանձնանում է իտալացի ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Ջանֆրանկո Ռոզիի ծրագրի բացումով: Ռեժիսորի ֆիլմերից կինոփառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել «Սրբազան օղակաձև ճանապարհը», «Մարդասպանը՝ սենյակ 164», «Ծովի մակարդակից ցածր» ֆիլմերը: Իտալացի աստղը Հայաստան կժամանի վաղը, իսկ արդեն ուրբաթ օրը կշփվի հանդիսատեսի հետ:

Սովորականի պես այսօր էլ վաղ առավոտից «Ոսկե Ծիրանի» ժյուրիի անդամները անցել են գործի․ սրահից սրահ են տեղափոխվում՝ մրցանակիրներին որոշելու համար:

Խաղարկային ֆիլմերի ժյուրիի կազմում այս տարի բրիտանացի օպերատոր Լարի Սմիթն է, ով ժամանակին աշխատել է հայտնի ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ: Ընդգրկված են նաև Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեքի Փրոբստը (Գերմանիա), ռեժիսոր Վալերի Մասադյանը (Ֆրանսիա), ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը (Ռուսաստան): Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահը իրանցի ռեժիսոր, կրկնակի օսկարակիր Ասղար Ֆարհադին է:

Այսօր Ֆարհադին հանդիպում է ունեցել իր երկրպագուների հետ: Մեկ ժամից ավելի տևած զրույցի ընթացքում նա պատմեց, թե ինչպես է 13 տարեկանից որոշել կիոնյով զբաղվել, ինչու իր ֆիլմերում սաունդթրեք չի հնչում: Ասաց նաև, որ հնարավոր է համարում հայ-իրական համատեղ նախագծի շուրջ աշխատել:

«13 տարեկանում որոշեցի կինո նկարել։ Հասարակ ֆիլմեր էի նկարում, մի հինգ այդպիսի ֆիլմ նկարեցի: Հետո որոշեցի սովորել հենց կինեմատոգրաֆիա: Բայց այդ բաժին չընդունվեցի, ժյուրին որոշեց ինձ թատրոնի բաժին ուղարկել: Շատ բարկացա։ Անգամ որոշեցի ամեն ինչ թողնել: Բարեբախտաբար այդ քայլին չդիմեցի, որովհետև հենց թատրոնի շնորհիվ է, որ այսօր այսպիսի ֆիլմեր ունեմ: Թատրոնը իմ տունն է, և կուզեի մի օր վերադառնալ այնտեղ», - ասաց նա: - «Ես չեմ դատում որպես ռեժիսոր, որպես սցենարիստ, որովհետև ես այդ տարածքն ուզում եմ տալ հանդիսատեսին, թող նրանք դատեն: Մենք սովոր ենք դասական մոտեցմանը՝ գնալ թատրոն, կինո և դիտել, թե ինչ արդյունք է մեզ ներկայացնում ռեժիսորը: Բայց մենք այս դեպքում դադարում ենք մտածել: Նրանք ասում են՝ սա սևն է, սա սպիտակը: Սա ժողովրդավարական հարաբերություն չէ հանդիսատեսի և ֆիլմի միջև: Եվ հենց այս պատճառով ես որոշեցի, որ չեմ դատի: Դո՛ւք դատեք: Զուգահեռաբար հարցեր կծագեն: Ֆիլմը կարող է մեզ տալ և՛ պատասխաններ, և՛ հարցեր: Պատասխանների դեպքում մենք ֆիլմը շատ շուտ մոռանում ենք, բայց երբ վերջում հարցեր են առաջանում, մենք սկսում ենք մտածել պատասխանների շուրջ և գտնում մեր պատասխանները: Չկա մեկ հատուկ պատասխան բոլոր իրավիճակների համար: Յուրաքանչյուր մարդ իր բնավորության համաձայն կգտնի իր պատասխանը»:

Բացատրելով, թե ինչու իր ֆիլմերում սաունդթրեք չկա՝ իրանցի ռեժիսորն ասաց․ - «Երբ կա սաունդթրեք, տպավորություն է ստեղծվում, որ սցենարիստը, ռեժիսորը ներկա են, իսկ ես ուզում եմ, որ հանդիսատեսն ինձ չտեսնի»:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք մտադիր է որևէ նախաձեռնությամբ զարգացնել հայ-իրանական համատեղ ֆիլմարտադրությունը, Ֆարհադին պատասխանեց․ - «Ես իրոք չգիտեմ: Դա կախված է նրանից, թե ինչ թեմա, պատմություն կլինի: Բայց մշակութային առումով մենք շատ նման ենք միմյանց: Ինքս կցանկանայի, որ կինոյում մեր երկների համագործակցությունն ավելի ակտիվ լինի»:

Վավերագրական ֆիլմերի ժյուրին նախագահում է չին կինովավերագետ Ճաո Լյանը: Ժյուրիի անդամներն են Լիտվայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր Աուդրյուս Սթոնիսը, նիդերլանդացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն վան Լիսհաութը, Ռուսաստանից ռեժիսոր և սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը և Ֆրանսան ներկայացնող ազգությամբ հայ ռեժիսոր, անցած տարվա «Ոսկե Ծիրանի» մրցանակակիր Թամարա Ստեփանյանը:

«Ազատության» հետ զրույցում Ստեփանյանն ասաց, որ մրցույթին ներկացված ֆիլմերը բավականին լավն են․ - «Բավականին հետաքրքիր են, բավականին տարբեր: Նոր մոտեցումներ են առաջադրվում, նոր հայացքներ, նոր վիզուալ լեզու: Իմ կարծիքով, բավական մեծ աշխատանք ունենք անելու որպես ժյուրի, որովհետև դժվար է լինելու ընտրել լավագույնին»:

Կլինի առանձին մրցանակ FIPRESCI ժյուրիի կողմից: Սա կինոգետների, կինոլրագրողների կողմից շնորհվող մրցանակ է: Այս տարվա ժյուրիի կազմում Հայաստանից լրագրող Նունե Հախվերդյանն է, Սլովանիայից ու Ֆրանսիայից լրագրողներ Պետրա Մետերցն ու Պիեռ Սիմոն Գյուտման:

Այս տարի փառատոնին իր աջակցությամբ միացել է նաև Սփյուռքի նախարարությունը։ Նախարար Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ 500 հազար դրամ մրցանակ կշնորհվի «Հայկական համայնապատկեր» հատուկ ծրագրի լավագույն սփյուռքահայ ռեժիսորին: