Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնությունն անցել է վճռական գործողությունների

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մոտ երկու տասնյակ անդամները անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սբ էջմիածնի դիվանատանը, որտեղ գտնվում է կաթողիկոսական գրասենյակը և Մայր աթոռի քարտուղարությունը:

Պահանջը նույնն է՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականը։ Վաղ առավոտյան դիվանատուն եկած քաղաքացիները Վեհափառ հայրապետին մեղադրում են նաև Սուրբ Գեղարդ մասունքից մի հատված Սանկտ Պետերբուրգի քաղաքապետին նվիրաբերելու մեջ։

Ըստ նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանի՝ դա կատարվել է գաղտնի ու անօրեն ճանապարհով․ - «Իրենք տվել են կոնկրետ անձի՝ Լենինգրադի քաղաքապետին, հողերի, տարածքների դիմաց: Տեղեկատվությունը էսպես է եղել․ էդ գեղարդը հասանելի է որոշ եպիսկոպոսների, այդ մասին օրեր առաջ իմացել մեկ-երկու հոգի, և էդ մեկ-երկուսից էլ մենք իմացել ենք: Դա Աստված է մեզ հայտնել»:

Մայր աթոռից, մինչդեռ հակադարձում են, թե Սուրբ Գեղարդի ամբողջականությունը խախտված չէ։ Դրանից նվիրաբերում եղել է, բայց ռուսական եկեղեցուն ու դեռ տարիներ առաջ։

Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի բնորոշմամբ՝ այդ գործընթացները հատուկ են քրիստոնեական եկեղեցիներին, որը, բնական է և միտված է կապերի սերտացմանը․ - «Տարիներ առաջ Ալեքսի պատրիարքի օրհնությամբ և համաձայնությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Սուրբ Գեղարդի բնից կամ կոթից, ներսից մի ասեղի գնդիկի չափով հատված՝ երկաթյա կտոր ընծայաբերվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն: Նաև դրանում դերակատարություն է ունեցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետը, որի անունը բարձրաձայնվեց այսօր՝ Գեորգի Պոլտավչեկոն»:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը արդեն մի քանի շաբաթ է, որ պահանջում է Վեհափառի հրաժարականն ու ցույցեր է անցկացնում Երևանում և Էջմիածնում։

Նախաձեռնություն անդամներն այսօր էլ փորձեցին հանդիպել Գարգեգին երկրորդի հետ: Նրանց հետ էր նաև Սբ Գայանե եկեղեցու վանահայր Տեր Կորյուն աբեղա Առաքելյանը։ Սակայն դիվանատանը բարձրացած աղուկին ընդառաջ դուրս եկած կաթողիկոսը նրանց հետո երկխոսության չգնաց։

Գարեգին Երկրորդի հեռանալուց հետո դիվանատանը կրքերը թեժացան։ Հոգևորականներն ու աշխարհիկները լեզվակռվի բռնցեին, ապա նաև միմյանց քաշքշեցին։

Կրքերը հանդարտվելուց հետո հոգևորականները հայտարարեցին՝ դիվանատունը բռնազավթվել է անօրինական ճանապարհով և իրենք հեռանում են, քանի որ նման պայմաններում աշխատելն անհնար է։ Դրանից հետո արդեն տեր Վահրամը ասաց, որ հարցի հետագա լուծումը թողնում են իրավապահներին․ - «Եկեղեցական կյանքը քաղաքական կյանք չէ: Եթե քաղաքական կյանքում նման մեթոդները կիրառելի են, ապա եկեղեցական կյանքում ամեն ինչ եկեղեցական կանոններով է առաջնորդվում: Եվ նման նախաձեռնություններով, նման ակցիաներով, նման բռնազավթումներով, նման ներխուժումներով հնարավոր չէ կաթողիկոս հրաժարեցնել: Կարծում եմ, եզրակացություններ պետք է կատարվեն և անհրաժեշտ քայլեր պատկան մարմինների կողմից ձեռնարկվեն, որպեսզի վերականգնվի բնականոն աշխատանքը Մայր աթոռ Սբ Էջմիածնում»:

Անժամկետ նստադուլ հայտարարածները, սակայն, պնդեցին, թե բռնություն իրենց վրա գործադրել են քահանաները, ապա հեռացել են՝ կողպելով անգամ սանհանգույցի դռները։

Սբ Գայանե եկեղեցու վանահայրը, ում այս նախաձեռնությանը միանալու պատճառով կարգալույծ անելու հարցը Մայր աթոռի օրակարգում է, ասաց՝ արդարությունը վերականգնելու համար սա միակ ճանապարհն է․ - «Մենք եկել ենք մեր պահանջով, ինքը թողել փախել է: Մենք այսօր այս շենքին տիրություն կանենք մինչև կվերադառնա կամ հրաժարական կտա»:

«Ազատության» հարցին, թե որքանով են իրավաչափ իրենց գործողությունները, նստացույցի մասնակիցներն արձագանքեցին՝ եկեղեցին ժողովրդինն է։

Նշեցին նաև, որ այսօր կոչով դիմել են իրավապահներին ու վարչապետին՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Մայր աթոռից այսօր երեք ահազանգ են ստացել, որոնցից երկուսն այն մասին է եղել, որ «աղանդավորները հարձակվել են հոգևորականների վրա», իսկ երրորդը՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները մտել են դիվանատուն և հարձակվել պահակի վրա: Այս պահին իրավապահները տեղում հասարակական կարգն են ապահովում:

Ի դեպ, արդեն երեկոյան Մայր աթոռը հրապարակեց Գեղարդի սրբազան մասունքի կադրերը՝ պնդելով, որ այն եկեղեցու թանգարանում է։ Ըստ Հայաստանյաց առաքելական եկեղեցու, սա այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը նրան խաչելուց հետ: