Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտադիր են շարունակել խաչերթերն ու բողոքի ակցիաները


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը չի պատրաստվում հրաժարական տալ՝ այսօր նման հայտարարություն արեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիկոսպոս Խաչատրյանը՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջող խմբի հետ հանդիպումից անմիջապես հետո։

Արդեն մի քանի օր շարունակ Երևանում Գարեգին երկրորդի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները երկրի հոգևոր առաջնորդի հրավերով այսօր հյուրընկալվել էին Էջմիածնում։ Մոտ 2 ժամ տևած փակ հանդիպումից հետո հոգևոր դասի ներկայացուցիչը պնդեց՝ այդ խմբի մեղադրանքներն անհիմն են, տեղեկություններն էլ խոսակցության մակարդակի վրա են։

«Փաստերը ներկայացված էին հետևյալ ուղղությամբ, որ՝ կաթողիկոսը հայհոյանքներ է օգտագործում իր աշխատողների նկատմամբ, իր շրջապատում գտնվող անձանց նկատմամբ, որ կաթողիկոսը զբաղվում է տարատեսակ բիզնեսներով, ներկրումներ են կատարվում Հայաստան... մեղսագրումներ, որոնք, ճիշտն ասած, միայն մամուլի հրապարակումներից և բամբասանքների ժանրից են։ Ես որևէ ձևով հստակ և փաստերի տեսքով ներկայացված չեմ տեսել», - ասում է հանդիպմանը մասնակցած Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ու հավելում. - «Վերջնագրային ոճով խոսել հոգևոր առաջնորդի հետ անթույլատրելի է»

Մինչդեռ կաթողիկոսի հրաժարականը պահանջող խմբի անդամները պնդում են՝ Գարեգին երկրորդն իրականությունից կտրվել է, որպես հոգևոր առաջնորդ նա այլևս ընդունված ու սիրված չէ ժողովրդի կողմից։ Սա վերջին հանդիպում էր Վեհափառի հետ՝ ասում են մասնակիցները։

Նախաձեռնությանն է միացել նաև Սուրբ Գայանե վանքի վանահայրը։ Հայր Կորյուն Առաքելյանի խոսքով՝ Գարեգին երկրորդի հրաժարականին կողմնակից են նաև եպիսկոպոսաց դասի մյուս անդամները, իրենց զորակցությունը հայտնել են, իսկ նրանք էլ ովքեր լուռ են՝ պարզապես եկեղեցու ներսում ստեղծված վախի մթնոլորտի զոհն են։

«Այսօր, քանի դեռ Վեհափառը իր գահի վրա է, և բոլոր լծակները իր ձեռքին են, առաջնորդներ, եպիսկոպոս, վարդապետ, քահանա և այլն՝ բոլորը վախի մեջ են։ Ցավոք սրտի՝ եպիսկոպոսներ ունենք, որոնք պարզապես ասում են՝ բաներ կա, որ միայն կարող ենք հրապարակել կամ կիսվել ձեզ հետ իր մահից հետո միայն։ Հավատացեք, թե իր ընտրության օրերին ինչ օրն ենք ընկել, որ այսօր վախենում ենք քայլ կատարել», - նշեց վանահայրը։

«Փաստեր ունենք, որ Վեհափառ Հայրապետը իսկապես չարաշահումներ է թույլ տվել». ֊ պնդում են նախաձեռնող խմբի անդամները։

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն էլ հակադարձում է՝ վախի մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող. - «Ես կարծում եմ՝ դա քարոզչական հնարք է՝ մարդկանց մոտ շփոթություն ստեղծել, որ մեր բարձրաստիճան եկեղեցականների կողմից իրենք աջակցություն են ստանում այսպիսի մի քայլ կատարելու համար, քանի որ խորապես համոզված եմ և հավատացած եմ, որ մեր թեմակալ առաջնորդները՝ եպիսկոպոսները, եկեղեցականները թե՛ քաջությունը ունեն, թե՛ իրազեկվածությունը ունեն, որ եկեղեցու համապատասխան ատյաններում խնդիրները բարձրացնեն և հետամուտ լինեն այդ խնդիրների լուծմանը»։

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտադիր են շարունակել խաչերթերն ու բողոքի ակցիաները։ Միևնույն ժամանակ նշում են՝ կաթողիկոսի թեկնածու չունեն, նրան պետք է ընտրի եպիսկոպոսաց ժողովը։

Նշենք, որ կաթողիկոսի պաշտոնը ցմահ է։ Ազգային-եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել կաթողիկոսին բացառապես դավանական շեղումների դեպքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG