Կուտակային համակարգում փոփոխությամբ պետբյուջեի բեռը կավելանա տարեկան 12-15 միլիարդ դրամով

ՊԵԿ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյան

Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխությունների արդյունքում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները այս հուլիսի 1-ից կուտակելու են ոչ թե աշխատավարձի 5, այլ ընդամենը 2.5 տոկոսը։

Եթե ասածն արտահայտենք թվերով, ապա ստացվում է, որ, օրինակ, 200 հազար դրամ աշխատավարձ ստանալու պարագայում մասնակիցը կկուտակի 5000 դրամ, 300 հազարի դրամի դեպքում՝ 7500 դրամ: Իսկ նրանք, ում աշխատավարձը 500 հազար դրամ կամ ավելի է, ամսական կկուտակեն ոչ ավելի քան 12.500 դրամ։

Աշխատավարձի էական նվազում կզգան հատկապես այն քաղաքացիները, որոնց վրա նոր է տարածվելու պարտադիր բաղադրիչը։ Հաջորդ ամսվա սկզբից համակարգին միացողների թիվը 80 հազար է։

Փոխարենը, ըստ Պետական եկամուտների կոմիտեի Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանի, կավելանա այն 200 հազար քաղաքացիների եկամուտը, որոնք արդեն մի քանի տարի շարունակ կուտակում են ապահով ծերություն ունենալու համար․ - «Ովքեր վճարում էին մինչև հուլիսի 1-ը, նրանք ևս ներառյալ կսկսեն վճարել ավելի քիչ: Դրա արդյունքում տարբերություն գումարը կֆինանսավորվի պետության կողմից: Օրինակ, 200 հազար աշխատավարձ ստացողի մոտ 5 հազար դրամ եկամուտը ավելացավ, կամ 2,5 տոկոսով: 500 հազար ստացողի մոտ 12,5-ով ավելացավ»:

Համբարձումյանը հավելեց, որ նոր փոփոխությունը պետբյուջեի վրա տարեկան 12-15 միլիարդ դրամ կարժենա։

Տնտեսագետ պաշտոնյանի համար, սակայն, անհասկանալի է կառավարության այն ձևակերպումը, ըստ որի «2,5 տոկոս քաղաքացուց, 7,5 տոկոս պետությունից» սկզբունքով կուտակելու համակարգը գործելու է մինչև եկամտային հարկի համարժեք կարգավորումներ նախատեսելը։

ՊԵԿ փորձագետն ասում է՝ հարկային օրենսգրքի նոր փոփոխություններով եկամտահարկի դրույքաչափերի նվազեցում չի սպասվում․ - «Նախագիծը, որով նախատեսվում է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն, չի ներառում եկամտային հարկի նվազեցում»:

Համբարձումյանը տեղեկացրեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ եկամտային հարկի նվազեցման հարցը շոշափվել է։ Ըստ նախնական տարբերակի՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկը նախատեսվում էր սահմանել 20 տոկոս, իսկ 500 հազարից բարձր ստացողներին համար՝ 25 տոկոս։ Սակայն թե ինչ պատճառով է առաջարկը դուրս մնացել նախագծից, ՊԵԿ փորձագետը չգիտի։

Հարցի պարզաբանումը ստացանք Ֆինանսների փոխնախարարից։ «Ազատության» հետ զրույցում Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ եկամտահարկի դրույքաչափերի փոփոխության հարցն իսկապես տեղ չի գտել ԱԺ հասած Հարկային օրենսգրքի նոր նախագծում։ Փոխնախարարի խոսքով, գործադիր իշխանությունը կարծում է, որ եկամտահարկը նվազեցնելու հարցը ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի։ Ժամանակ է պետք, որ հասկանան՝ հնարավոր է այն իջեցնել ու ինչ չափով։

«Այս առումով մենք առաջարկել ենք, որպեսզի եկամտային հարկի դրույքաչափի վերանայման հարցի նպատակահարմարությանը անդրադառնանք մի փոքր ավելի ուշ, որովհետև ներկա փուլում վերլուծությունները դեռևս ընթացքի մեջ են, և այդ հնարավոր փոփոխության ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա բավական մեծ է: Այս առումով կարծում ենք, որ մենք պետք է բազմակողմանիորեն հարցը քննարկենք և արդյունքում նոր կայացնենք հավասարակշռված որոշում», - ասաց փոխնախարարը:

Պողոսյանն ասաց, որ Կառավարության կողմից առաջարկներ կլինեն հավանաբար արդեն աշնանը։ Փոխնախարարը չշտապեց բացել փակագծերը, թե եկամտահարկի դրույքաչափերի նվազեցման որ շեմն է ընդունելի նոր կառավարության համար․ - «Պատասխան հնչեցնելը, կարծում եմ, պրոֆեսիոնալ չի լինի»:

Ֆինանսների փոխնախարարը նաև հավաստիացրեց, որ պետբյուջեն ունի այդ հնարավորությունը, որ կուտակային կենսաթոշակային համակարգի 5 տոկոսի փոխարեն իր վրա վերցնի 7,5 տոկոսը։ Թե որտեղից է տրամադրվել այդ գումարը, ըստ նրա, պարզ կդառնա օրենքը հաստատելուց հետո։