«Մենք այս իրավիճակում կայացրել ենք այն որոշումը, որը բխում է մեր բոլորի շահերից», - երեկ կեսգիշերին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ օգտատերերի խնդրանքով անդրադառնալով կառավարության հունիսի 11-ի նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին։
Նշենք, որ որոշումը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում, այն Կառավարության նիստում ընդունվեց բուռն քննարկումների արդյունքում, որոշման հետևանքով իր հրաժարականի մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը, ով առաջարկում էր կուտակայինի պարտադիր բաղադրիչի ներդրումը հետաձգել մեկ տարով:
Վարչապետի պնդմամբ՝ հնարավոր տարբերակներից կայացվել է ամենափոխզիջումային որոշումը․ - «Մենք էս որոշումը կայացրել ենք, որպեսզի հանդարտ պայմաններում, առանց ցնցումների, մենք հասկանանք էս համակարգի ամբողջ էությունը, սահմանադրականությունը, հետագա ճակատագիրը որոշելու խնդիրը: Եթե երկու ամսից, նույիսկ երեք ամսից կպարզվի, որ սա չի կարող լինել ինչ-ինչ-ինչ պատճառներով, որովհետև հակասահմանադրական է, որևէ ողբերգություն չկա: Այդ բոլոր գումարները բոլոր վճարած քաղաքացիները մինչև վերջին կոպեկը կարող են հետ ստանալ, որովհետև այդ գումարները էսօր կոնկրետ կան, գոյություն ունեն և դրված են ձեր անձնական հաշիվներին: Իսկ եթե կպարզվի, որ համակարգը կարող է գործել, համակարգը որոշակի բարեփոխումների արդյունքում կարող է գործել և ինքը հուսալի է, մենք կշարունակենք աշխատել այդ բարեփոխումներից, նրբությունները ճշտելուց հետո: Այնպես որ, ես իսկապես խորապես համոզված եմ, որ մենք այս իրավիճակում կայացրել ենք այն որոշումը, որը բխում է մեր բոլորի շահերից: Որովհետև եթե հիմա կանգնեցնենք, հետո պարզվի, որ պետք է շարունակվի այդ համակարգը, հետո շատ դժվար կլինի հետ բերել: Մենք այնքան կորուստներ կունենանք՝ ֆինանսական, ռեպուտացիոն և այլն, որ այդ համակարգը ուղղակի քարուքանդ կլինի»:
Ըստ կատարված փոփոխության, 1974-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները նախկինում նախատեսված 5 տոկոսի փոխարեն, այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին պետք է փոխանցեն իրենց եկամուտների 2,5 տոկոսը:
Վարչապետը երեկ ուղիղ եթերում հայտարարեց, որ նախատեսվում է նաև եկամտահարկի տոկոսադրույքի իջեցում․ - «Մենք կուտակային բաղադրիչի մեջ քաղաքացիների վճարած 5 տոկոսը առաջարկում ենք դարձնել 2,5 տոկոս, և այս համակարգը գործի այնքան ժամանակ, քանի դեռ Կառավարության նախաձեռնությամբ եկամտահարկի տոկոսները չեն իջել այնքան, որ համեմատելի կլինի այս գումարի հետ: Երբ որ եկամտահարկի տոկոսները կիջնեն, կուտակայինի այս 2,5 տոկոսը նորից կդառնա 5 տոկոս: Իհարկե, քաղաքացիները համար կլինի համեմատելի մի իրավիճակ»:
Ավելի քան մեկ ժամ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ վարչապետը հստակեցրեց, որ արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը դեռ դադարեցված չէ, և ինքը միայն հրահանգել է քննարկել վարորդներին տուգանող այդ սարքերի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու հնարավորությունը․ - «Կասեցնելու որոշում, որպես այդպիսին, չի կայացվել: Եվ ընդհանուր առմամբ, հիմա Կառավարությունը աշխատում է և առաջիկայում՝ մինչև ամսի 25-ը, մինչև ամսվա վերջ, մենք կունենանք օրենսդրական փաթեթ, որը կվերաբերվի հետևյալին․ մենք հուսահատ պարտքերի համաներում կանենք, ըստ ամենայնի՝ ետին թվով, և մենք նաև կքննարկենք, որոշում կկայացնենք խախտումների համար իրականացվող տուգանքների չափերը փոքրացնելու մասին: Որպեսզի տուգանքները համաչափ լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատավարձերին և եկամուտներին»:
Գիշերային առցանց ասուլիսից հետո, այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, վաղը նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: