«Մենք՝ «Սասնա ծռերի» հարազատներս, և մեր աջակիները, համակիրները, որոշեցինք դադարեցնել Արշակունյաց փողոցի շրջափակումը: Սակայն դատարանի շենքի ելք ու մուտքը պետք է արգելափակվի, պահանջը դեռևս մնում է ուժի մեջ, որը պատվիրակների միջոցով կներկայացվի պատկան մարմիններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի հայրը՝ Պավել Եղիազարյանը:
Հարցին, թե արդյո՞ք հետագայում կրկին կդիմեն նման ակցիաների, նա պատասխանեց․ «Իհարկե: Եթե հանրությունը, «Սասնա ծռերի» աջակցիները կգտնի, որ պետք է նաև փակել փողոցներ, հրապարակներ, խաղաղ անհնազանդության ձևով արդարացի բողոքը բարձրաձայնելու համար կարվեն այդ բոլոր գործողությունները»:
Շենգավիթ վարչական շրջանի դատարանի մուտքերն ու հարակից Արշակունյաց պողոտայի երկկողմանի երթևեկությունը երեկ «Սասնա ծռերի» աջակիցները արգելափակեցին, երբ դատարանը մերժեց զինված խմբի տասը անդամների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի ու մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և ազատելու միջնորդությունը։
Դատական դեպարտամենտից այսօր «Ազատությանը» տեղեկացրին, որ մուտքերի արգելափակման պատճառով զինված խմբի 10 անդամները արդեն 24 ժամից ավելի գտնում են դատարանի շենքում:
«Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի եղբայրն ու «Սասնա ծռերի» այլ աջակիցներ այսօր պնդեցին, որ իրենց գործողությունները ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ դատարանների ու դատախազության դեմ է:
«Մենք այս իշխանությունների դեմ որևէ խնդիր չունենք: Ընդհակառակը, ասացինք՝ մենք շարունակելու ենք սատարել մինչև վերջ», - ասաց Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը:
Վարչապետ Փաշինյանը հորդորելով ժամը 15-ից դադարեցնել քաղաքացիական անհնազանդությունները հարց էր բարձրացնում՝ իշխանափոխությունից հետո ու՞մ դեմ են իրականացվում բողոքի գործողությունները, երբ արդեն ժողովրդի կողմից լիազորված կառավարությունն է երկրի ղեկին:
Մինչ «Սասնա ծռերի» աջակիցները քննարկում էին Արշակունյաց պողոտան բացելու հարցը՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին կարծիք հայտնեց, որ ոչ թե փողոց փակելով է պետք զբաղվել, այլ դատարանների ու դատախազության վրա ուղիղ ճնշում գործադրելով․ - «Եթե բողոքը դատարանին է ուղղված, ինչո՞ւ ենք փողոցը փակել: Փողոցը գործադիր իշխանության տիրույթն ա, վարչապետը էսօր ի՞նչ անի, մի հատ գրություն ուղարկի Նուբարաշեն, որ էս, էս, էս խցերի դուռը բացե՞ք և էս, էս կալանավորներին բա՞ց թողեք: Ես դրան դեմ եմ: Դա ինչո՞վ ա տարբերվում․․․ եթե կարելի է մի հատ ցուցումով մարդկանց բանտից ազատել, ապա կարելի է մի հատ ցուցումով էլ մարդկանց կալանավորել»:
Երեք ոստիկանի մահվան հանգեցրած ՊՊԾ գնդի գրավման դեպքերով գործը պետք է հանգուցալուծվի օրենքով ու հանրային լայն խմբերի հետ քննարկմամբ նախօրեին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:
«Սասնա ծռերի» աջակիցներն այսօր որոշեցին կազմել խումբ, որը կհանդիպի կառավարության ներկայացուցիչներին՝ լսելու նրանց տեսլականը զինված խմբի անդամների հնարավոր ազատման վերաբերյալ:
Իսկ մինչ այդ բողոքավորները որոշեցին փակ պահել Շենգավիթ վարչական շրջանի դատարանի մուտքերը: