Մատչելիության հղումներ

Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի օրենքով նախատեսված գործիքների կիրառմամբ. Փաշինյան


Վարչապետը հայտարարեց՝ Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից։

Քաղբանտարկյալների խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից, երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես որպես վարչապետի թեկնածու իմ ելույթում՝ Ազգային ժողովում, արդեն խոսել եմ և ասել եմ, որ կարծում եմ, որ այդ խնդրին պետք է լուծում տրվի, որպեսզի Հայաստանը ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից, և ինձ համար խնդիրը հետևյալն է՝ շատերը պատկերացնում են, որ այդ հայտարարությունից հետո պետք է գնանք և բանտախցերի դռները բացենք և մեր քաղբանտարկյալներին ասենք՝ «ժողովուրդ ջան, դուրս եկեք», ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ, դա օրինական ճանապարհ չէ, և մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների կիրառման միջոցով», - հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը պարզաբանեց. - «Ուզում եմ ընդգծել, թե ինչն է օրենքով սահմանված կարգ՝ եթե, օրինակ, մարդու դատավճիռն ուժի մեջ է մտել, և նա դատապարտված է որոշակի ժամկետով ազատազրկման, մենք պետք է նայենք, թե արդյոք նրա պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակը լրացել է, և տեսնենք, թե ինչ օրինական ճանապարհներ կան, որ մենք էդ խնդիրը էդ ճանապարհով լուծենք։ Էլի եմ ասում՝ օրինական։ Եթե նման հնարավորություն չկա, մենք պետք է մտածենք համաներմամբ այդ մարդկանց ազատ արձակելու մասին, եթե հանկարծ պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չի կիրառել, պետք է փորձել կիրառել ներման ինստիտուտը»։

Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքականության հետ առնչվող գործերում, որտեղ չկան զոհեր, այդ գործերով անցնող մարդիկ օրենքով սահմանված կարգով պետք է ազատ արձակվեն։

«Հիմա բայց ես ուզում եմ ինչպես և բոլոր հասարակական կազմակերպությունները հստակ ասել, որ ինձ համար կան երկու տարբեր խնդիրներ՝ կան քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ մենք չունենք զոհեր, և կան գործեր, որտեղ մենք ունենք զոհեր։ Ես ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերվում է «Սասնա ծռեր»-ի գործին։ Այն դեպքերը, որ չունենք զոհեր, ընդհանրապես էդ կարգի հարցեր չկան, դրանք շատ հեշտ և պարզ հարցեր են, այդ մարդիկ պետք է դուրս գան բանտերից և հայտնվեն ազատության մեջ, էլի եմ ասում՝ օրենքով սահմանված կարգով», - ասաց վարչապետը։

Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի գործին, Փաշինյանը նշեց, որ այդ գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար:

«Հիմա ինչ վերաբերվում է «Սասնա ծռեր»-ի գործին. «Սասնա ծռեր»-ի գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ «Սասնա ծռեր»-ի գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար, և ես կարծում եմ, որ այդ գործի լուծման, հանգուցալուծման եղանակների և մեխանիզմների վերաբերյալ պետք է հանրային քննարկում ունենանք տարբեր ֆորմատներով: Մենք պետք է նաև, ինձ համար սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, անպայման այդ դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին հրավիրենք և զրուցենք, նրանց հետ նույնպես քննարկում ունենք, նրանց տեսակետները լսենք, հասկանանք գործում ինչ կա, ինչն է, որ հիմնավոր ապացույց է, ինչն է, որ հիմնավոր ապացույց չէ, ինչն է, որ, այսպես ասած, սարքած է, ինչը սարքած չէ: Այսինքն, մենք պետք է էս ամբողջական ինֆորմացիան հավաքենք, ի մի բերենք և հասկանանք, թե ոնց ենք լուծում թնջուկը՝ ինչ ճանապարհներով, ինչ մեթոդներով, ինչ ծավալներով, որովհետև, բնականաբար, էն հանձնառությունները, որ ստանձնել եմ, ես ինքս էլ լինելով նախկին քաղբանտարկյալ, պարզ է, որ վարչապետի աշխատասենյակ մտնելուց հետո իմ առաջին մտածումների և մտահոգությունների առարկան հենց այս խնդիրն է եղել և շարունակում է այդ խնդիրը մնալ։ Քաղբանտարկյալների մասով միանշանակ պետք է լուծվի, իսկ «Սասնա ծռեր»-ի մասով խնդիրը պետք է լուծվի, ուղղակի մենք պետք է ճշգրիտ հասկանանք ծավալները, շրջանակը, մեթոդները խնդրի լուծման», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG