Երևանի կենտրոնական փողոցներից բերման է ենթարկել 87 մարդ

Ոստիկանություն բերման ենթարկվածներից 20-ը անչափահասներ են:

Ֆրանսիայի հրապարակից այսօր բերման ենթարկվածների մեծ մասը երիտասարդներ էին։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր կազմակեպում հրապարակը բացելու գործողությունները։ Ընդդիմադիր «Ելք»-ի պատգամավոր Լենա Նազարյանն էր նրանից փորձում պարզաբանումներ ստանալ։

Նազարյանի դիտարկմանը, թե հավաքն ինքնաբուխ է և օրինականության մեջ կարող է տեղավորվել, Օսիպյանը հակադարձեց․ - «Ձեր գործողություններով անհամաչափ սահմանափակում եք քաղաքացիների իրավունքները: Նրանք իրավունք չունեն ազատ տեղաշարժվեն, և մենք դա վերականգնում ենք»:

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում մի շարք մանրամասներ ներկայացրեց՝ պարզաբանելով, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքից բերման ենթարկվածների մի մասը կասկածվում են հանցագործության մեջ․ - «Բերման ենթարկվածներից 33-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Հիշեցնեմ, որ այդ արարքների համար 50 հազար դրամ տուգանք է նախատեսված: Ես նկատի ունեմ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը: 54 անձ հանցագործություն կատարելու կասկածանքով են բերվել: Այսինքն ստուգվում է նաև նրանց՝ զանգվածային անկարգություններին առնչություն ունենալու փաստը: Ներկայացվել է նախաքննության մարմին, այս պահին նախաքննության մարմինը կատարում է քննչական գործողություններ»:

Փաստաբաններն ու ոստիկանություն բերման ենթարկվածները պնդում են, որ ոստիկանությունը վերջիններիս սահմանված երեք ժամից ավելի է պահել բաժիններում, տվյալներ ճշտելուց հետո փորձել է հարցաքննել որպես վկա կամ կասկածյալ։

Ոստիկանության Էրեբունու բաժնում նաև անչափահասներ կային։ Նրանցից մեկի փաստաբան Սիրուշ Աղվանյանն «Ազատությանն» ասաց՝ Ֆրանսիայի հրապարակում քայլելու ժամանակ է անչափահասը բերման ենթարկվել, և սահմանված երեք ժամը լրանալուց հետո անչափահասին փորձել են որպես վկա հարցաքննել: Նա, սակայն, հրաժարվել է։

«Միանշանակ դա խախտում է: Որպես վկա հարցաքննվելուց հրաժարվել է, ոչ մի ցուցմունք չի տվել», - հավելեց փաստաբանը:

Ակտիվիստ Անի Հակոբջանյանը ևս բերման է ենթարկվել Ֆրանսիայի հրապարակից։ Պատմում է, որ փորձել է դուրս գալ ոստիկանական ավտոբուսից և արժանացել է ոստիկանի հայհոյանքին․ - «Երբ մեզ բերման էին ենթարկում, շատ կոպիտ էին վարվում: Փորձեցի դուրս գալ ավտոբուսից, ոստիկաններից մեկը կոկորդիցս ուժեղ սեղմեց, շպրտեց, ասեց՝ վեր ընկի տեղդ: Նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը հայհոյեց»:

Անին պնդում է, որ բերման ենթարկելից ոստիկանները չէին ներկայանում։ Եվ ոստիկանությունում արդեն տվյալները ճշտելուց հետո հայտնել են, որ պետք է հարցաքննեն նաեւ որպես վկա՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով հարուցված գործի շրջանակներում․ - «Ամենասկզբում ոստիկանները պարտավոր էին ներկայանալ, ովքեր են իրենք, ինչու են բերման ենթարկում: Բայց ոչ մի բան չասացին: Միայն քաշքշելով նստեցրին ավտոբուս»:

Անին նույնպես որևէ հարցի չի պատասխանել։ Ասում է, որ քննիչը հարցեր էր տալիս նաև Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ․ - «Հարցրին՝ ո՞ւմ հետ էիք մասնակցում, ովքե՞ր էին ձեզ հետ ակցիաները իրականացնում, Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ձեր հե՞տ էր և այլն․․․»

Ակտիվիստ Վարդգես Գասպարիին ևս ոստիկանություն էր տարվել՝ որպես կասկածյալ զանգվածային անկարգությունները կազմակերպելու քրեական գործում։

«Ազատության» հետ զրույցում Գասպարին ասաց․ - «Ես ասեմ եմ, որ ոնց իրենք բերել են, էնպես էլ դուրս բերեն»:

Գասպարին նույնպես հարցերին չի պատասխանել։ Ասում է, որ ինքը բուժօգնության կարիք է ունեցել, բայց ոստիկանները հրաժարվել են բժիշկ կանչել՝ փոխելու վիրակապը։

Ակտիվիստը պնդում է, որ երբ իրեն փորձել են որպես կասկայծյալ հարցեր տալ, սկսել է նկարահանել, դրանից հետո ոստիկանները ծաղրալից են վերաբերվել և դադարեցրել հարցեր տալ։

Բերման ենթարկված 18-ամյա Սիմոն Մումջյանը պնդում է, որ հանրահավաքի մասնակից չէ, սակայն իրեն ևս ոստիկանություն են տարել ու 50 հազար դրամով տուգանել՝ հասարական կարգը խախտելու համար։

Նոր Նորքի ոստիկանական բաժին էր եկել «Ելք»-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանը։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց․ - «Հնարավոր բոլոր իրավունքներն ու ընթացակարգային նորմերը խախտված են: Զանգել թույլ չեն տվել․ սա անձնական կյանքի հարգանքի իրավունքի խախտում է, արդար դատաքննության իրավունքի խախտում է: Ձերբակալման ժամկետը չի կարող ավել լինել, քան երեք ժամը․ նրանք ավելի քան երեք ժամ գտնվել են անազատության մեջ»: