Մատչելիության հղումներ

«Դա հնդկական կինո է, և կարծում եմ՝ սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է»․ Փաշինյան


Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ավարտից հետո՝ ուշ երեկոյան, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում մի խումբ անձինք կոտրել են ցուցանակներ, լուսաֆորներ և ճանապարհային նշաններ, ինչպես նաև քարերով ու մետաղյա իրերով հարվածներ հասցրել նշված վայր մոտեցած ոստիկանության երեք ավտոմեքենաներին:

Արդեն վեց օր շարունակվող քաղաքացիական անհնազանդության ակցիաներով Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ երեկ երեկոյան տեղի ունեցածն իրենց հետ որևէ կապ չունի, ընդամենը տեղի է ունեցել սադրանք խաղաղ հավաքները անկարգություն ներկայացնելու համար․ - «Դա հնդկական կինո է, և կարծում եմ՝ սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, ռեժիսորը՝ ոստիկանությունը, ռեժիսորի ասիստենտը Շմայսը և նրա նման մի քանի ուրիշ գործող անձինք»:

Տեղի ունեցածը ոստիկանական սադրանք որակելը վառ երևակայության արդյունք է, նման անկարգությունների պատճառով ընդհանուր հավաքը ցրելու հիմքեր ստեղծել հնարավոր չէ, պնդում է Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը․ - «Հավաքի վայրը բոլորովին ուրիշ տեղ էր, հավաքի մասնակիցները բոլորովին ուրիշ տեղ էին գտնվում: Չէր կարող Մաշտոցի պողոտայում կատարված հանցագործությունը կամ սադրանքը ինքնըստինքյան հանգեցնել ամբողջ հավաքը ցրելու գործողության: Դրանք մարդիկ էին, ովքեր երևի թե ոգևորված էին հավաքի կազմակերպիչների կողմից արված հայտարարություններով՝ թավշյա հեղափոխություն իրականացնելու»:

Ոստիկանության շտաբի պետը վստահ չէ՝ արդյո՞ք անկարգություններ իրականացնողները մաս են կազմել Փաշինյանի նախաձեռնած հավաքին, մինչդեռ Քննչական կոմիտեն, հաղորդելով դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին, նշում է՝ անկարգություններ իրականացնող ու ոստիկանությանը գույքային վնաս պատճառողները հանդիսացել են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ:

Ինչպե՞ս է պարզվել, որ այդ անձինք ցուցարարներ են՝ «Ազատության» այս հարցին Դատախազությունից պատասխանեցին՝ առկա են տվյալներ, որ անկարգություն իրականացնողները նախկինում ևս Փաշինյանի նախաձեռնած հավաքների մասնակիցներ են եղել: Այդուհանդերձ, գործով մինչ հիմա որևէ մեկը ձերբակալված չէ․ ըստ Ոստիկանության՝ դեպքից հետո բերման է ենթարկվել յոթ անձ և մեկ անչափահաս, բայց նրանք Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հարցաքննությունից հետո ազատ են արձակվել, անկարգությունների անմիջական մասնակիցները դեռ փնտրվում են:

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում երեկ ուշ երեկոյան դեպքերը մեկնարկել են հավաքները լուսաբանող լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումների ավարտից հետո, այդուհանդերձ հարակից գրասենյակից դուրս գալով՝ անկարգությունները նկարահանել է Factor.am-ի անձնակազմը:

Լրատվամիջոցի խմբագիր Արևիկ Սահակյանի խոսքով՝ անկարգություններ իրականացնողները վարքագծով ակնհայտորեն տարբերվում էին նախորդող օրերի հավաքների մասնակիցներից, նրանք նաև բռնությամբ լրագրողի աշխատանքն են փորձել խոչընդոտել: - «Այն պահին, երբ ինձ քաշքշում էին և մեր տեսանյութերում էլ կարող եք տեսնել, որ լրագրողը բղավում է, որ՝ պարոն ոստիկան, լրագրողի նկատմամբ փորձում են բռնություն իրականացնել, ոստիկաններից որևէ մեկը չմիջամտեց: Ես, համենայնդեպս, չտեսա, որ նրանցից որևէ մեկին ոստիկանները փորձեն, ուժ կիրառելով, հանդարտեցնել»

Տեղի ունեցող դեպքերին մեկնարկից սկսած ականատես է եղել և տեսանկարահանել ռեժիսոր Վահան Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ անկարգություն իրականացնողները եղել են կազմակերպված խմբերով, մոտ գտնվող ոստիկաններն էլ ուշ են արձագանքել:

«Երկաթե մահակներ ունեին, գրպաններից հանեցին, որը շատ զարմանալի էր, որովհետև ակնհայտ պատրաստված էին, գիտեին ինչի համար էին եկել ու խմբերով էին, որովհետև անուններ գիտեին, ճանաչում էին և այլն: Ու սկսեցին ջարդել», - պատմեց ռեժիսորը՝ հավելելով․ - «Իմ կարծիքով սադրանք էր, որովհետև այդքան կազմակերպված ու մի խաչմերուկ ներքև ոստիկան կար, իսկ այստեղ ոչ մի ոստիկան այդ պահին, որ իրենք գոռալով, հայհոյելով բարձրանում էին այդ խաչմերուկից»:

Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած դեպքերից հետո «Ազատության» թղթակիցն արձանագրելով տեղի ունեցածի հետևանքները, նաև ֆիքսել էր, որ անկարգությունների ենթադրյալ մասնակիցներից մեկը շփվում էր ոստիկանների հետ: - «Տպավորություն էր, որ այս քաղաքացիները, կարծես թե, ոչ սթափ վիճակում էին: Նրանց նաև ոստիկանները նկատեցին, բայց որևէ գործողություն նրանց նկատմամբ չիրականացվեց», - ուղիղ եթերում արձանագրել էր մեր թղթակից Սիսակ Գաբրիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG