ԱՄՆ֊ը և դաշնակիցները հարվածներ են հասցրել Սիրիային քիմիական զենքի օգտագործման համար

Ապրիլի 14֊ին Միացյալ Նահանգները դաշնակիցների՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ հարվածներ են հասցրել Սիրիային՝ ի պատասխան անցած շաբաթ տասնյակ մարդկանց կյանքեր խլած քիմիական գրոհի, որը, ենթադրաբար, իրականացրել են երկրի նախագահ Բաշար ալ֊Ասադին հավատարիմ կառավարական զորքերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնակիցների գրոհի մասին հայտարարեց Սպիտակ տնից հեռարձակված տեսաուղերձով, նշելով, որ դրա նպատակն է վերջ դնել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման նմանօրինակ դեպքերին։

Ապրիլի 7֊ին Սիրիայի Դումա քաղաքում ենթադրաբար թունավոր գազ է կիրառվել, որը 43 քաղաքացիական անձանց կյանք է խլել։ Այդ միջադեպից հետո Թրամփը սպառնացել էր, որ «մարդասպան դիկտատոր» Բաշար ալ֊Ասադը, ում ԱՄՆ նախագահը «հրեշ» և «հանցագործ» էր անվանել, «շատ թանկ է վճարելու»։

Ապրիլի 13֊ին՝ արդեն իսկ Թրամփի հայտարարության պահին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում լսելի էր պայթյունների ձայնը։

Պենտագոնը հայտարարել է, որ սիրիական թիրախների ուղղությամբ ավելի քան 100 հրթիռային հարձակում է իրականացվել։ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը հայտարարել է, որ գրոհի հետևանքով ԱՄՆ և դաշնակիցների կորուստների մասին տվյալներ չկան։ Բուն հարձակումը Մաթիսը բնութագրել է որպես «ծանր, բայց մանրակրկիտ կերպով թիրախավորված»։ ԱՄՆ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ նոր հարվածներ չեն ծրագրվում և «սա մեկանգամյա գործողություն էր»։ Հետագա ռազմական գործողությունները կախված են այն բանից, թե արդյոք Սիրիան կշարունակի քիմիական զենք օգտագործել, հավելել է նա։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը իր հերթին հայտարարել է, որ նախնական տվյալներով հարվածները «հաջողությամբ ոչնչացրել են նախանշված թիրախները»։

Սիրիական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք, Ասադի դաշնակից Ռուսաստանի օգնությամբ, բավական հզորացվել են վերջին շրջանում, արձագանքել են արևմտյան դաշնակիցների գրոհին։ Սիրիայի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է չեզոքացնել 13 հրթիռ։ Սիրիացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ թե՛ զինված ուժերի, և թե՛ քաղաքացիականների շրջանում հարվածների հետևանքով վիրավորներ կան։

Ռուսաստանը զգուշացրել է, որ հարվածները «անհետևանք չեն մնա», իսկ Սիրիան ու Իրանը դրանք բնութագրել են որպես «միջազգային օրենքի աղաղակող խախտում»։

Պենտագոնը նշել է, որ Սիրիային հասցված հարվածը երկու անգամ ավելի հզոր էր անցյալ տարի Թրամփի հրահանգով իրականացված հարվածից։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը նաև նշել է, որ ընտրվել են այնպիսի թիրախներ, որտեղ ռուս զինվորականներ չկան, սակայն, ի տարբերություն նախորդ տարի իրականացված հարվածի, այս անգամ Ռուսաստանին հնարավոր թիրախների մասին տեղեկատվություն չի տրամադրվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Սիրիայում Ռուսաստանի օդային և ծովային ռազմակայանների մերձակայքում որևէ հարված չի իրականացվել։

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Սիրիայի կառավարական զորքերի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է չեզոքացնել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների հարվածների մեծամասնությունը։

Թրամփը կոչ է արել Ռուաստանին և Իրանին դադարեցնել աջակցությունը Ասադի «մարդասպան» և «սարսափելի ռեժիմին»։