Մատչելիության հղումներ

Պետդումա է ներկայացվել ԱՄՆ և այլ երկրների դեմ պատասխան պատժամիջոցների օրինագիծ


ՌԴ Պետդումայի նիստ, արխիվ
ՌԴ Պետդումայի նիստ, արխիվ

Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել ԱՄՆ և ամերիկյան պատժամիջոցներին աջակցող այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի նախագիծ, որը քննարկվելու է եկող շաբաթ՝ ապրիլի 16-ին։ Այս մասին հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը։

Նախագծով առաջարկվում է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանում ԱՄՆ կամ այլ օտար պետությունների քաղաքացիների աշխատանքը, այդ թվում՝ բարձրորակ մասնագետների։ Բացի այդ՝ պատգամավորները առաջարկում են արգելել կամ սահմանափակել ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ ալկոհոլի ու ծխախոտի, տեխնոլոգիական սարքավորումների ու համակարգչային ծրագրերի, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի և դեղորայքի:

Օրինագծի հեղինակները առաջարկում են նաև դադարեցնել միջազգային համագործակցությունը միջուկային արդյունաբերությունում, օդանավաշինության, հրթիռային արդյունաբերության ոլորտներում, փոխանցել է Պետդումայի փոխխոսնակը:

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի կառավարությունն իր նախաձեռնությամբ կարող է նոր ապրանքատեսակներ մտցնել այս ցուցակ։ Կանխվելու է նաև «անցանկալի» ԱՄՆ քաղաքացիների մուտքը Ռուսաստան։

Օրինագիծը ներկայացրել են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և խորհրդարանական չորս խմբակցությունների ղեկավարներ, այսինքն՝ ակնհայտ է, որ ապրիլի 16-ին այն կդառնա օրենք։

Հիշեցնենք, ապրիլի 6-ին Միացյալ Նահանգները հրապարակեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ցուցակ, որում հայտնվել են ռուսական 14 ընկերություններ և 24 չինովնիկներ ու գործարարներ։ Պետդումա այսօր ներկայացված նախագիծը այդ նոր ցուցակի պատասխանն է։

Հիշեցնենք, ամերիկյան նոր պատժամիջոցների հետևանքով ռուսաստանցի օլիգարխները կորցրել են շուրջ 16 միլիարդ դոլար, իսկ մի քանի ընկերություններ, այդ թվում նաև՝ Օլեգ Դերիպասկայի «Ռուսալ»-ը, հայտնվել են սնանկացման վտանգի առջև։ Ռուսաստանի կառավարությունը, այդուհանդերձ, խոստացել է օգնել ամերիկյան պատժամիջոցների ցուցակում հայտնված գործարարներին։

Ամերիկյան նոր պատժամիջոցների համաձայն՝ ցուցակում ներկայացված անձանց մուտքը Միացյալ Նահանգներ արգելվում է, ինչպես նաև ամերիկյան ընկերություններին արգելվում է որևէ գործ ունենալ այդ անձանց և ընկերությունների հետ, իսկ ցուցակում հայտնված ռուսաստանյան ընկերությունների և քաղաքացիների բոլոր հաշիվները ԱՄՆ-ում սառեցվում են։

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանելու են այս պատժամիջոցներին, և պատասխանը խիստ է լինելու։

Հավելենք նաև, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով միանգամից մի քանի կետով արժեզրկվել է ռուսական արժույթը։

Պետդումա ներկայացված հակաամերիկյան պատժամիջոցների մասին օրենքի նախագծի հեղինակները համոզված են, որ այդ պատժամիջոցները կամրապնդեն Ռուսաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG