Խորհրդարանը քննարկեց Հայաստան - ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը

Ազգային ժողովն այսօր ավարտեց անցած տարվա նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին օրինագծի քննարկումները:

Ըստ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանի՝ նոր համաձայնագիրը գալիս է փոխարինելու 1999 թվականից գործող Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին և ընդգրկում է նոր մոտեցումներ բոլոր ոլորտներում․ - «Համաձայնագիրը կուղղորդի Հայաստան - Եվրամիություն քաղաքական ու տնտեսական հարաբերությունները դեպի նոր, ավելի բարձր մակարդակ»:

Ակնկալվում է, որ վաղը Ազգային ժողովը կվավերացնի համաձայնագիրը: Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են այս հարցում: Լիարժեք ուժի մեջ մտնելու համար, սակայն, փաստաթուղթը պետք է վավերացնեն Եվրոպական բոլոր երկրները, ինչպես նաև Եվրամիության խորհրդարանը: Թե երբ կավարտվի այդ գործընթացը, դժվար է կանխատեսել, սակայն համաձայնագիրը մասնակի կսկսի գործել հունիսի 1-ից:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևորեց դրա հնարավորինս արագ վավերացումը Եվրոպական խորհդրարանի կողմից, քանի որ դրանից հետո այն իրավական պարտադիր ուժ կստանա:

Նոր համաձայնագիրը թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության համար «հաջողության պատմություն» համարող Արմեն Աշոտյանը նաև կոչ արեց եվրոպացի գործըներներին՝ տարբերություն չդնել Արևելյան գործընկերության երկրների միջև․ - «Չի կարելի Արևելյան գործընկերությունը տրոհել «սիրած երեխաների», և երկրորդ կարգի, «վերցնովի» քաղաքական զավակների: Այո, այս համաձայնագիրը ասոցացման համաձայնագիր չէ, այդպես չի կոչվում: Քաղաքական մասը, այդուհանդերձ, գրեթե ամբողջությամբ կրկնում է ասոցացման համաձայնագիրը»:

Փաստաթղթի վերջնական վավերացումը, ինչպես շեշտեցին պատգամավորները, կարևոր է հատկապես ղարաբաղյան կարգավորման գործընթացի համար: Փաստաթղթում ամրագրվել են հակամարտության լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքները, որոնք իրավական պարտադիր ուժ կստանան Եվրոպական խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո:

Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ քանի որ Եվրամիությունը այժմ նաև Ադրբեջանի հետ համագործակցության պայմանագիր է նախապատրաստում, պետք է հետամուտ լինել, որ դրանում այլ ձևակերպումներ տեղ չգտնեն․ - «Ինչքան իրենք մեզ պետք է վերահսկեն մեր պետականաշինության գործընթացներում, այնքան էլ մենք պետք է վերահսկենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն, և Ղարաբաղի հարցում այն բանաձևումները, որ որդեգրվել է, դառնան միս ու արյուն և կիրառվեն բոլորի նկատմամբ անվերապահորեն»:

Վավերացումից բացի, շատ կարևոր է, թե ինչպես են կատարվելու համաձայնագրի կետերը, որոնք բարեփոխումներ են նախատեսում բազմաթիվ ոլորտներում: Արդյո՞ք իշխանությունը քաղաքական կամք կունենա կատարել իրական բարեփոխումներ:

Նաիրա Զոհրաբյան («Ծառուկյան»)․ - «Այս համաձայնագիրը կարող է կյանքի կոչվել մեկ դեպքում՝ եթե իշխանությունը ունենա խիզախություն ջարդելու սեփական ողնաշարը»:

Սերգեյ Բագրատյանը («Ծառուկյան») նկատեց, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա ազդել գործընթացների վրա՝ չսպասելով իշխանությունների կամքի դրսևորմանը․ - «Մեր ժողովուրդը լավ խոսք ունի՝ մինչև անձրև գա, գորտի աչքը դուրս կգա: Մենք էն վիճակին չենք, որ քաղաքական կամքի վրա հույս դնենք»:

Ըստ Խոսրով Հարությունյանի (ՀՀԿ), քաղաքական կամքի առկայության մասին վկայում է համաձայնագրի ստորագրումը․ - «Այս փաստաթղթի ի հայտ գալու, այս փաստաթղթի ծնվելու, ձևավորվելու ակունքում, արմատներում կա մեկ գլխավոր գործոն՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կամքը»:

Արտակ Զեյնալյանը («Ելք»), սակայն, նկատեց, թե մինչև այժմ իշխանության տված ոչ մի խոստում չի իրագործվել, ուստի վստահություն չկա․ - «Տրվել է խոստում, որ կառուցվելու է ատոմակայան, խոստում, որ լինելու է Հայաստան - Պարսկաստան երկաթգիծ, խոստում Հյուսիս - Հարավ ավտոճանապարհի, խոստում, որ երրորդ անգամ իշխանության ղեկին չի մնալու նույն մարդը: Եվ այս խոստումները չեն իրականացել: Ուստի սրանով է նաև պայմանավորված այն հանգամանքը, որ մարդիկ թերահավատ են, որ կիրականացվի ստորագրված պայմանագիրը»:

Էդմոն Մարուքյանը («Ելք») հայտարարեց, որ եթե իշխանությունները փորձեն չափազանցված գնահատականներ տալ ձեռքբերումներին, իրենք օբյեկտիվ իրականությունը կներկայացնեն․ - «Բոլոր հարթակներում, որտեղ դուք կասեք, որ Հայաստանը պառլամենտական երկիր է դարձել, մենք պետք է ասենք՝ սուտ են ասում: Եվ բոլոր հարթակներում, որտեղ ասեք, որ այս համաձայնագիրը մենք իրականացնում ենք և եսիմ ինչեր ա էղել, եթե չեղավ՝ դա էլ ենք ասելու՝ սուտ են ասում»:

Քանի որ համաձայնագրում անդրադարձ կա նաև հայկական ատոմակայանի անվտանգությանը, պատգամավորները հետաքրքրվեցին, թե համաձայնագիրը վավերացնելուց հետո ինչ պարտավորություններ է ունենալու Հայաստանն այս մասով:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Միքայել Մելքումյան․ - «Մենք պետք է հստակ իմանանք, որ Հայաստանի մրցունակության ապահովման կարևոր պայմաններից մեկը մեր էներգետիկ բալանսի պահպանումն է: Կխնդրեի շատ հստակ ասեիք, թե մենք ինչ պարտավորություններ ենք ստանձնում ատոմակայանի մասով»:

​Կարեն Նազարյանն պարզաբանեց, որ ատոմակայանը փակելու մասին լուրերը անհիմն են․ - «Եղան տարբեր լուրեր, այդ թվում նաև անհիմն լուրեր, եթե կարող եմ այդպես բնորոշել: Դրանք արհեստականորեն էին շրջանառվում, թե իբրև ատոմակայանը փակվելու է և այլն: Համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում կողմերի մոտեցման հիմքում ընկած է այն իրողությունը, որ երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել հենց նույն երաշխավորված հզորությունը: Սա է ընկած հոդվածի հիմքում, և ոչ թե համաձայնագրի ստորագրումից կամ վավերացումից հետո ատոմակայանի փակումը: Համաձայնագրում այդպիսի որևէ ձևակերպում չկա»: