Մատչելիության հղումներ

ԱԺ համապատասխան հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել Հայաստան - ԵՄ համաձայնագրին


Ակնկալվում է, որ արդեն այս շաբաթ Հայաստանի Ազգային ժողովը կվավերացնի Հայաստանի և Եվրամիության միջև անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

«Պատմական» և «հավակնոտ»․ այս որակումները տրվեցին համաձայնագրին, որն այսօր քննարկվեց Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստում, և դրական եզրակացությամբ վաղն արդեն լիագումար նիստում կքննարկվի:

Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեց բանակցային գործընթացը՝ շեշտելով, որ համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը նոր՝ ավելի բարձր մակարդակ կտեղափոխի․ - «Համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել Երևանի ու Բրյուսելի միջև քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք ստեղծել տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար»:

Համաձյանագիրը, ըստ Նազարյանի, նոր ժամանակաշրջան կբացի նաև Հայաստան - Եվրամիություն առևտրային հարաբերություններում, կսերտացնի տնտեսական համագործակցությունը, նոր հնարավորություններ կստեղծի ներդրումների համար:

Հայաստանը, նրա փոխանցմամբ, նաև ֆինանսական աջակցություն կստանա մինչև 2020 թվականը․ - «Այստեղ խոսքը գնում է մինչև 176 միլիոն եվրոյի մասին, որը կունենա տարեկան բաշխում, և այդ ուղղությամբ աշխատանքները արդեն իսկ ընթացքում են»:

Համաձայնագիրը պետք է վավերացնեն Հայաստանի Ազգային ժողովը, եվրոպական 28 երկրների, ինչպես նաև Եվրամիության խորհրդարանը։ Առայժմ Եվրամիության երկրներից միայն Էստոնիան է վավերացրել փաստաթուղթը:

Չնայած վավերացման գործընթացը ժամանակատար է, սակայն համաձայնագրի մեծ մասը, Հայաստանի խորհրդարանի հաստատումը ստանալով, կսկսի իրագործվել հունիսի 1-ից․ - «Խոսքը գնում է համաձայնագրի 80 տոկոսի կիրառման մասին, որը շատ հավակնոտ և պարտավորեցնող գործընթաց է լինելու»:

Թե երբ կվավերացմեն փասատթուղթը եվրոպական 28 երկրներն ու Եվրամիությունը, այժմ դժվար է ասել:

«Եվրամիության մեր գործընկերները վստահեցնում են, որ վավերացման գործընթացը տեղի կունենա բավականին արագ», - նշեց փոխարտգործնախարարը:

Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ 2019 թվականին Եվրոպական խորհրդարանի ընտրություններ են․ - «Կարծում ենք, որ մինչև 2019 թվականի ամառը Եվրոպական միության երկրները կվավերացնեն: Նաև մայիսի երկրորդ շաբաթը Եվրոպական խորհրդարանը կանդրադառնա համաձայնագրին»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևորեց համաձայնագրի վավերացումը հնարավորինս սեղմ ժամկետներում․ - «Չենք ուզում, որ Հայաստանի հետ այս համաձայնագիրը վավերացման առարկա դառնա հաջորդ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո: Սա կարևոր է ժամանակային առումով, սա կարևոր է քաղաքական առումով, որովհետև որքան սա հաջողության պատմություն է Հայաստանի Հանրապետության համար, նույնքան հաջողության պատմություն է Եվրոպական միության համար»:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց, թե արդյոք նոր համաձայնագիրը կբարձրացնի Հայաստանի դերակատարությունը Եվրամիության քաղաքականության մշակման գործընթացում: Նա ասաց, որ հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն է վերաբերում․ իրենք տեղյակ են, որ Եվրամիությունը Ադրբեջանի հետ էլ համագործակցության նմանատիպ մի փաստաթուղթ է պատրաստում․ արդյո՞ք դրանում կընդգրկվեն հակամարտության կարգավորմանը վերաբերող այն նույն ձևակերպումները, որոնք կան Հայաստան - Եվրամիություն համագործակցության փաստաթղթում․ - «Արդյո՞ք հստակ մեխանիզմներ դրվելու են հիմքում, որ մենք վստահ լինենք, Եվրամիության քաղաքականությունը, օրինակ, Ղարաբաղի հարցում լինելու է ամբողջապես էն շրջանակներում, որը նախատեսված է մեր այս համաձայնագրով»:

Կարեն Նազարյանն արձագանքեց․ - «Նշեմ, որ այս համաձայնագիրը ունի իրավական պարտադիր ուժ կողմերի համար, և մեր ակնկալիքն է, որ այն կծառայի ուղենիշ Եվրամիությանը և Եվրամիության անդամ երկրներին այս կարևորագույն խնդրում հետագա հայտարարությունների և քաղաքականությունը մշակելու համար»:

Արմեն Աշոտյանը շեշտեց, որ Ղարաբաղի հարցում միասնական դիրքորոշում արտահայտելը կարևոր պետք է լինի նաև Եվրոպական միության համար․ - «Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական հուզականության տեսակետից: Սա նախ և առաջ կարևոր է Եվրամիության համար՝ ընդգծելու, որ այս փաստաթուղթը իրոք ունի ուժ, և ոչ թե սեկտորալ համագործակցության համար փող տալու համաձայնագիր է»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց նաև, որ համաձայնագրի վավերացումը զուգահեռաբար կնպաստի նաև վիզաների ազատականացման գործընթացին:

Վաղը ԵՄ - Հայաստան համաձայնագիրը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում, և ակնկալվում է, որ արդեն այս շաբաթ խորհրդարանը կվավերացնի այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG