Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու գործով մեղադրյալ, «Սասնա ծռերի» անդամ Արմեն Բիլյանի առողջական վիճակը հացադուլից հետո բավարար է գնահատվում, «Ազատությանն» ասաց նրա հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը։
Նա այսօր է տեսակցել դատապարտյալների հիվանդանոցում հացադուլից հետո վերականգնվող Բիլյանին․ - «Այժմ նրա մոտ առողջական ռեաբիլիտացիայի շրջան է: Բնականաբար, այդքան քաղցած մնալուց հետո հատուկ սննդակարգով փորձում են նրա օրգանիզմի ֆունկցիոնալ որոշ հատկանիշներ կարգի գցել: Այսօր է մի փոքր կարողացել սնվել: Վիճակը այս պահին կայուն է, բայց դեռևս թույլ է: Գլխապտույտով էր եկել ինձ հետ տեսակցելու: Այս պահին մեզ համար գլխավորը իր առողջական վիճակն է: Ասեց, որ մի շարք հետազոտություններ են իրականացվել՝ սոնոգրաֆիկ հետազոտություն, թոքերի հետազոտություն և այլն, արյան նմուշներ են վերցրել»:
Բիլյանը հացադուլի մեջ էր դեկտեմբերի 19-ից՝ 25 օր, և այն դադարեցրեց անցած ուրբաթ «Նուբարաշենի» բանտից «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց հետո։
Նրա պաշտպանն ասաց, որ Բիլյանի պահանջը՝ տեղափոխվել Արմավիրի բանտ, ուժի մեջ, իսկ հացադուլից դուրս եկավ, քանի որ առողջական վիճակը վատթարացել էր, բանտում ուշագնաց էր եղել․ - «Միանշանակ պահանջը մնում է ուժի մեջ: Այստեղ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, եթե տեսնենք, որ լրացուցիչ զննությունների, մեր կողմից հրավիրված մասնագետների կողմից նրան զննելու անհրաժեշտություն չկա, նոր արդեն միջոցներ կձեռնարկենք, որպեսզի նրա տեղափոխումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կազմակերպվի»:
Բիլյանը բողոքի ծայրահեղ այդ քայլով պահանջում էր իրեն տեղափոխել Նուբարաշենից համեմատաբար լավ պայմաններ ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ պնդելով, որ Նուբարաշենի խցերում անմարդկային պայմաններ են՝ դրանք խոնավ են, գերբնակեցված են և ցուրտ։
«Փաստորեն Քրեակատարողական վարչությունը իր տարածած հաղորդագրություններում հակասում է ինձ ուղարկած իր գրություններին: Դրանցից մեկի համաձայն, կոնկրետ Արմեն Բիլյանի 10-րդ խցում պահվում է 10-12 հոգի: Բոլորն էլ գիտեն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերը նախատեսված են մոտ 6 հոգու համար: Եվ այն, որ խցերը գերբնակեցված չեն, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Դիտորդական առաքելություն իրականացնող ցանկացած կազմակերպություն իր հաշվետվություններում դրան անդրադարձել է»:
Բիլյանի հանրային պաշպանը փոխանցեց նաև, որ իր պաշտպանյալը որոշ հետազոտություններ է անցել և դրանց պատասխանը ստանալուց հետո արդեն կքննարկի նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտության հարցը։
Մինչ Արմեն Բիլյանը բուժում է ստանում, զինված խմբի մեկ այլ անդամ Սմբատ Բարսեղյանը արդեն 26 օր է նույն պահանջով շարունակում է հացադուլը Նուբարաշենի բանտում։
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է, և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Գոռ Ղլեչյանը այսօր կրկին հայտարարեց, որ Նուբարաշենի եւ Արմավիրի բանտերում բժշկական օգնություն ցուցաբերելու պայմանները նույնն են, իսկ այն առողջական խնդիրները, որոնք լուծելի չեն քրեակատարողական հիմնարկների բուժմասերում, կարող են լուծվել միայն «Դատապարտյալների հիվանդանոցում» կամ քաղաքացիական բուժական հաստատություններում։
Դիտարկմանը, թե «Սասնա ծռերի» անդամները ոչ թե առողջական խնդիրների համար են ուզում են տեղափոխվել Արմավիրի բանտ, այլ Նուբարաշենի վատ պայմաններով և գերբանկեցված խցերի պատճառով, Ղլեչյանն ասաց՝ Նուբարաշենում պայմանները վատ չեն։ Եվ «Սասնա ծռերի» պահանջը անհիմն է․ - «Նուբարաշենը գերբնակեցված չէ արդեն բավական տևական ժամանակ»։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր տեսակցել են «Սասնա ծռերի» անդամներ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին, Արայիկ Խանդոյանին, ստուգել են նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: Այլ մանրամասներ օմբուդսմենի գրասենյակը դեռ չի հաղորդում։
«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավեց Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31 հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։