«Սասնա ծռերի» անդամները կրկին պնդում են, որ «ապստամբելու իրավունք ունեն» 

Արայիկ Խանդոյանը դատարանի դահլիճում, արխիվ:

«Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալների այսօրվա դատավարության ժամանակ զինված խմբի անդամները հայտարարեցին, որ մեղքը չեն ընդունում, ավելին՝ իրենք հանցագործ չեն, այլ ապստամբություն են իրականացրել ընդդեմ իշխանության և հանուն ժողովրդի։

«Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանին դուր չեկան իր մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած որակումները, և նա սկսեց վիրավորական ու քննադատական արտահայտություններ հնչեցնել իշխանությունների հասցեին։

Դատավոր Մեսրոպ Մակյանը մի քանի նախազգուշական սանկցիաներ կիրառելուց հետո նրան հեռացրեց նիստերի դահլիճից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ այս վարույթով անցնող տասը ամբաստանյալները ապօրինի զենքի միջոցով գրավել են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, պատանդ պահել յոթ ոստիկանների՝ պահանջելով իշխանության հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը բանտից:

Մեղադրական եզրակացությունները հրապարակելուց հետո դատավորը հնարավորություն տվեց զինված խմբի անդամներին արտահայտվել։

Պավել Մանուկյանը խայտառակություն որակեց մեղադրական եզրակացությունը։ Նա հայտարարեց՝ ապստամբելու իրավունքն իրենց հենց իշխանությունն է տվել։ Նա քննադատեց նախագահ Սերժ Սարգսյանին, նրա քաղաքականությունը, հարցրեց, թե ինչու մինչև հիմա իրեն չեն ասում, թե ՊՊԾ գնդի տարածքում ինչ զենքով են իր վրա կրակել։

«Դուք դատարանը վերածել են կառափնարանի, արդարության կառափնարանի», - ասաց նա: - «Այս տասնամյակների ընթացքում եթե դուք ցույց տաք գոնե մեկ արդար դատավարություն, ես խոստանում եմ այս դատարանում ձախ ձեռս տանեմ, ձախ աչքս հանեմ: Աջս թողնում եմ, որ հայրենիքիս պետք է գալու․․․Մեղադրական եզրակացությունը ոչ մի հիմք չունի: Դուք ինքներդ էլ գիտեք, որ օդի մեջ նկարված է սա: Որովհետև այն գեղեցիկ բառը, որը կոչվում է ապստամբություն, չկա ստեղ: Չկան հիմքերը մեր ապստամբելու․․․ Մենք մեր ապստամբությամբ մեր ժողովրդից խլած իրավունքն ենք ուզում հետ բերել: Եվ եթե ես իրոք հանցագործ եմ, իմ ժողովուրդը կգտնի, որ ես հանցագործ եմ, ես խոստանում եմ Ազատության հրապարակում առանց աչքերս թարթելու ես խարույկ կբարձրանամ»:

Պավել Մանուկյանն իր խոսքում հիշատակեց ապրիլյան պատերազմը, քննադատեց 800 հեկտար հողի կորուստը, անդրադարձավ դատական համակարգին։

Նա տարակուսեց, թե ինքը, լինելով պատերազմի մասնակից, ինչպես կարող էր պատանդ պահել․ - «Դուք պատկերացնում եք բժշկին պատանդ պահելը, և այն էլ՝ զինվորական տղաները, որ շատ լավ գիտեն բժշկի գերագույն արժեքը: Վարդան Եղիազարյանին ու Օսիպյանին, նրանք, երբ իմ հետ կանգնած զրուցում էին, գնդացիրները, էդ մասին չկա խոսք ստեղ, Բե-Տե-Էռ-ների գնդացիրները ուղիղ մեր վրա՝ իմ ու Վարդանի: Վարդանի գլխավերևում կպավ պատին: Ասում եմ՝ սրանք քեզ էլ են խփելու»:

Իսկ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ այն, որ մեղադրական եզրակացությունում նշված է, որ իրենք հրաժարվել են իրենց պահանջներից, ճիշտ չէ․ - «Դա անհեթեթություն է: Մենք զենքը վայր ենք դրել, դուրս ենք եկել շրջապատված տարածքից, որպեսզի արյունահեղություն չլինի»:

Վարուժան Ավետիսյանը ևս քննադատեց իշխանությանը արտգաղի, ռուսաստանյան իշխանությունների կողմից վերահսկվելու համար։ Անդադրառնալով դատարանին՝ ասաց, որ դատավոր Մեսրոպ Մակյանը ձախողել է դատավարությունը։

Նիստերի դահլիճից հեռացված Արայիկ Խանդոյանը դատարան բերվեց, երբ հերթը հասավ իր ելույթին։ Նա, սակայն, կրկին վիրավորական և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրեց մեղադրող դատախազների և իշխանության հասցեին։

Հիշեցնեմ, «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: