«Սասնա ծռերի» գործով 10 մեղադրյալների դատավարությունն այսօր թևակոխեց դատաքննության փուլ։
Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող զինված խմբի դատավարությունն ավելի քան հինգ ամիս առաջ էր մեկնարկել, բայց գործը տեղից չէր շարժվում ամբաստանյալների, նրանց փաստաբանների և կարգադրիչների ու դատավորի միջև ծագող շարունակական խնդիրների պատճառով:
Դատավոր Մեսրոպ Մակյանը, այսօր հայտարարելով դատաքննության մեկնարկի մասին, խոսքը փոխանցեց մեղադրող դատախազներին։ Արամ Արամյանը սկսեց նկարագրել Պավել Մանուկյանին վերագրվող հանցանքները:
«Պավել Մանուկյանը Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ», ֊ նշեց դատախազը: ֊ «Իրենց հանցավոր մտադրության իրականացման նպատակով ինչպես անձամբ, այնպես էլ ներգրավված այլ անձանց միջոցով Պավել Մանուկյանը 2014 թվականի մայիսից հավաքագրել է անկարգությունների կատարմանը պատրաստ անձանց խմբեր, ինչպես նաև խմբի մյուս անդամների հետ զանգվածային անկարգությունների կատարմանը մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով զանգվածային լրատվամիջոցների, ասուլիսների և հասարակական վայրերում տարբեր պատրվակներով կազմակերպված հավաքների ու երթերի ընթացքում տարաբնույթ սադրիչ ելույթներով, կոչերով մարդկանց տրամադրել»:
Արամ Արամյանը ներկայացրեց, թե ինչպես են «Սասնա ծռերը» զենքի գործադրմամբ մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք և իշխանությանը պահանջներ ներկայացրել․ ֊ «Ապա կազմակերպված խումբը ՊՊԾ գնդի զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ»:
Դատախազը շարունակեց՝ թվարկելով Պավել Մանուկյանի և զինված խմբի մյուս անդամների ձեռք բերած զենքերը, ասաց, որ քննությամբ չի պարզվել, թե ինչ հանգամանքներում են դրանք հայտնվել նրանց մոտ: Արամ Արամյանը, սակայն, չկարողացավ ավարտել մեղադրականի ընթերցումը։ «Սասնա ծռերի» անդամ, «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն ասաց՝ չի կարող լսել այս ամենը և ուզում է դուրս գալ դահլիճից։
«Ես էս բարբաջանքները չեմ ուզում լսեմ․․․ թող էթամ․․․ չեմ ուզում․․․ հիմա ուզում ես՝ սանկցիա կիրառե՞ս․․․ ես եմ ուզում՝ կիրառի, ես ելնեմ, այ մարդ», ֊ դատավորին դիմեց Խանդոյանը: ֊ «Այ ցավդ տանեմ, ես չեմ ուզում էս բարբաջանքը լսել», ֊ պնդեց նա:
Մեսրոպ Մակյանը որոշեց Խանդոյանին երեք ժամով հեռացնել նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
Մեղադրող դատախազներն այսօրվա դատավարության ժամանակ ներկայացրեցին «Սասնա ծռերի» մի քանի անդամի կատարած գործողությունները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում։
Դատախազ Արամ Արամյանն ընթերցեց նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանի մեղադրանքը․ ֊ «Իր մոտ եղած ինքնաձիգից ընդհուպից մինչև 10 սմ հեռավորությունից՝ առջևից ներքև, աջից ձախ ուղղությամբ կրակ է արձակել հերթապահ մասում գտնվող Գագիկ Մկրտչյանի վրա, ով կրծքավանդակ֊որովայնային շրջնում և ձախ վերին վերջույթի ստացած հրազենային թափանցիկ վիրավորումով, ներքին օրգանների տարաբնույթ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած հրազենային վնասվածքներից 2016 թվականի օգոստոսի 13֊ին մահացել է»:
Մինչ դատաքննության մեկնարկը ոստիկաններ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանի փաստաբանը միջնորդեց դատարանին դիմել Սահմանադրական դատարան։ Հայկ Ալումյանը պնդեց՝ պաշտպանյալն ապստամբություն է արել, ասաց՝ քաղաքացու ապստամբելու իրավունքը բխում է Սահմանադրությունից, սակայն Քրեական օրենսգրքում բացակայում է այդ իրավունքի իրացման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու դրույթը։
«Առկա է հակասություն Քրեական օրենսգրքի և Սահմանադրության միջև», ֊ պնդեց փաստաբանը:
Դատավորն ասաց՝ այս միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ։ Սակայն, երբ մեղադրող դատախազները փորձեցին առարկել, «Սասնա ծռերի» անդամները սկսեցին քննադատական խոսքեր հնչեցնել նրանց, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Զինված խմբի անդամները կրկին հիշեցրեցին՝ դեմ են Ղարաբաղի հարցում զիջումների գնալուն։ Պավել Մանուկյանն ասաց՝ ով է տվել իրավունք երկրի սահմանները սակարկելու:
«Ապրիլյան քառօրյայի դավաճանություն ինչո՞ւ չեք բացում», ֊ հարցրեց նա:
Վարուժան Ավետիսյանն էլ կրկին պնդեց՝ իրենք ապստամբել են հանուն Հայաստանի․ ֊ «Քաղաքացին ապստամբության ժամանակ իր իշխանությունը, իր իրավունքը վերականգնելու նպատակով դիմում է բռնության»:
«Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ: