«Սասնա ծռերի» գործով մեղադրյալները չցանկացան լսել մեղադրական եզրակացությունը

«Սասնա ծռեր» զինված խմբի 11 անդամների գործով դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում:

Հրապարակվեցին ամբաստանյալներ Արամ Մանուկյանի և մյուսների մեղադրական եզրակացությունները։

Մինչ դատախազները մեկ առ մեկ ընթերցում էին յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքը, ոտքի կանգնեց զինված խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանն ու շարժվեց դեպի դուռը՝ հայտարարելով․ - «Չեմ կարող մնալ ու լսել այս ամենը, այդքան նյարդեր չունեմ․․․ Սանկցիա կիրառեք, ես չեմ մնալու: Իմ մոտ տենց ա՝ որոշել եմ, անում եմ: Մնացածը ձեր գործն ա: Ես չեմ նստում ձեր նիստերին»:

Դատավոր Արթուր Օհանյանը մի քանի անգամ հորդորեց Հակոբյանին նստել ու լսել, բայց ամբաստանյալը համառում էր։ Օհանյանն ի վերջո սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ դահլիճից հեռացնելով մինչև նիստի ավարտը։ Հակոբյանի այս քայլին հետևեցին նաև Արամ Մանուկյանն ու Արայիկ Հակոբյանը:

Վերջինս ասաց․ - «Ես էլ միանում: Ես դուրս եմ գալիս: Էդքան հավես չունեմ լսելու էս անհեթեթությունը»:

Բորբոքված կրքերը հանդարտեցնելու համար դատավորն ընդմիջում հայտարարեց։ Դրանից հետո, երբ դատախազը պետք է շարունակեր ընթերցել դեռ երրորդ մեղադրականը, ոտքի կանգնեցին նիստերի դահլիճում մնացած մյուս ամբաստանյալները: Խոսեց Վարդան Գերավետյանը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զիջումային քաղաքականությունը դեմ են, այդ մասին տեղեկացել են հեռուստացուցից։

Գերավետյանը շարունակեց․ - «Ձեր եզրակացությունը դուք կկարդաք ինքներդ ձեր համար: Մենք չունենք լսելու ձեր եզրակացությունը: Դուք կարող ա լինեք դատախազ, կարող ա լինեք դատավոր, բայց դուք պարտավոր եք նախևառաջ լինեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Եվ եթե ինչ-որ մեկը կատարում ա պետական դավաճանություն, դուք պարտավոր եք նրան բերել և դատել, և ոչ թե այն մարդկանց, որոնք իրանց իրավունքն են իրականացրել»:

Գերավետյանն իր ելույթում հիշեց Մոնթե Մելքոնյանին, Լեոնիդ Ազգալդյանին։ Դատավորը փորձեց ճշտել՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը: Ամբաստանյալներն արձագաքեցին, թե իրենք անելիք չունեն դատարանում, չեն ցանկանում մասնակցել նիստի։

Ու մինչ Արթուր Օհանյանը «Սասնա ծռերի» անդամներին հորդորում էր նստել ու շարունակել դատավարությունը, նրանց որոշումը հարգելու պահանջով դատարանին դիմեցին պաշտպանները։

Մուշեղ Շուշանյանն ասաց․ - «Դատական նիստին մասնակցելը կամ չմասնակցելը դա մեր պաշտպանյալների իրավունք ա: Որևէ մեկը հարկադրաբար, ստիպողաբար իրենց չի կարող պահել դատական նիստերի դահլիճում»:

«Ես պնդում եմ, որ դա նրանց իրավունքն է, որ իրենց բացակայությամբ ընթերցվի [մեղադրական եզրակացությունը]: Մեզ էլ լիազորել են, որ մենք ներկա գտնվենք», - հավելեց Լուսինե Սահակյանը:

Մեղադրող կողմը առարկեց պաշտպանների միջնորդությանը՝ մեղադրական եզրակացության եզրափակիչ հատվածը հրապարակել ամբաստանյալների բացակայությամբ։ Դատախազ Արթուր Չախոյանն ասաց, թե Քրեական դատավարության օրենսգրքով ամբաստանյալներին նման իրավունք չի տրվում։

Դատավորը, սակայն, բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու դատախազները մյուս 9 մեղադրականները կարդացին միայն պաշտպանների համար։

«Սասնա ծռերի» դահլիճից հեռանալուց հետո, այն լքեցին նաև նրանց աջակիցները։

Դատախազներ մեղադրական եզրակացություն ընթերցելիս հիշատակեցին զինված խմբի կողմից զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո երեք ոստիկանի սպանության, ինչպես նաև 7 ոստիկանների պատանդառման մասին։

Հիշեցնեմ, խմբի անդամները պատանդ էին վերցրել նաև փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, իսկ օրեր անց ազատ արձակել։

Ըստ մեղադրական եզրակացության, «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամները ոստիկանության գունդը գրավել էին և հայտարարել, թե այն կազատեն իրենց պահանջները կատարելու դեպքում՝ այն է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականն ու քրեակատարողական հիմնարկներից Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձնաց ազատելը։