Պարույր Հայրիկյանը դադարեցնում է հացադուլը

Արդեն 5 օր հացադուլ անող Պարույր Հարիկյանը այսօր ԿԸՀ-ի դիմաց հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը և դիմում է Գլխավոր դատախազին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով․ - «Էնտեղ մի հոդված կա, 308 հոդվածը՝ իշխանության չարաշահում և իշխանության պարտավորությունների չկատարում»:

Մինչև դիմումի տեքստը ընթերցելը Հայրիկյանը հայտարարեց, որ քանի որ այսօր Հայաստանը և Եվրամիությունը նոր համաձայնագիր են ստորագրում, պետք է մի քանի րոպե սպասել, որպեսզի իր համակիրները բերեն Եվրամիության դրոշը՝ «որ ֆոնի վրա լինի»:

Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ կիրակի երեկոյան հացադուլ էր սկսել՝ բողոքելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ, որը հրաժարվում է Հայրիկյանին ձևաթուղթ տրամադրել՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով 200 հազար ստորագրություն հավաքելու համար:

Մինչդեռ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հակադարձում է՝ 200 հազար ստորագրությամբ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու դրույթը գործելու է միայն գալիք տարվա ապրիլից:

Այսօր Հայրիկյանը հայտարարեց, որ Մուկուչյանը խախտում է Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը․ - «Եվ քանի որ այդ ամենի հետևանքով տուժում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, ես ստիպված կլինեմ դիմել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին»:

ԱԻՄ առաջնորդը նաև հայտարարեց, որ իր աջակիցների թիվը մեծանում է․ իրեն են միացել Դեմոկրատական և Միավորված կոմունիստական կուսակցությունները, նաև՝ մի շարք հասարակական կազմակերպություններ։ Ասաց, որ այս ընթացքում փորձել է նաև Տիգրան Մուկուչյանի հետ բացատրական աշխատանքներ տանել, բայց ապարդյուն։ Ուստի Մուկուչյանը պետք է պատժվի․ - «Ես քանի որ քրեական կալանավայրերում բավական երկար տարիներ, որևէ մեկի այդպիսի պատիժ չեմ ցանկանում: Էնտեղ կա տուգանք: Պարզապես բոլոր սանձազերծ պետական պաշտոնյաները խելքները գլուխները հավաքեն»:

Տիգրան Մուկուչյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կրկնեց, որ պետք է սպասել մինչև Սահմանադրության այդ դրույթը ուժի մեջ մտնի: Ասաց, որ դա բացատրել են նաև Հայրիկյանին:

Իսկ ինչ վերաբերում է միջազգային պայմանագրերին, ԿԸՀ-ի նախագահն ասաց, որ իրենց պատասխան նամակում, որտեղ մերժել են Հայրիկյանի դիմումը, նաև դրա հետ կապված են բացատրություն են ներկայացրել: Անգամ գրել են, որ եթե համաձայն չեն իրենց որոշման հետ, ապա կարող են այն վիճարկել վարչական դատարանում: Մինչդեռ Հայրիկյանը գլխավոր դատախազին է դիմում Մուկուչյանին պատասխանատվության ենթարկելու դիմումով․ - «Հիմա դիմել են, ինչ ասեմ: Մենք իրավական ճանապարհը գոնե ներկայացրել էինք»:

Ազատության հարցին, թե գիտի արդյոք որ այդ դրույթը դեռ ուժի մեջ չի մտել, Հայրիկյանը պատասխանեց, որ իրենք ձևաթուղթն են ուզում, որի վրա կհավաքեն ստորագրությունները և երբ դրույթը ուժի մեջ մտնի՝ իրենց մոտ ստորագրությունները արդեն պատրաստ կլինեն։ Տիգրան Մուկուչյանը, սակայն, պնդում է, որ նման ձևաթուղթ դեռ չի մշակվել, ուստի իրենք չեն կարող այն տրամադրել Հայրիկյանին։

«Այն առարկությունը, որ օրենքով սահմանված տառը․․․ բառը, ձևակերպումը չկա, դա չի կարող կասեցնել իրավունքը: Այս իրավունքը ամրագրված է», - հակադարձում է Պարույր Հայրիկյանը:

Մինչև Գլխավոր դատախազին դիմելը նա մեկ անգամ էլ ճշտեց ԿԸՀ-ից, թե արդյոք տրամադրելու ձևաթուղթը, և մերժում ստանալուց հետո ասաց, որ ինքը և իր համակիր Գագիկ Սարուխանյանը դադարեցնում են հացադուլը և պայքարի առաջին փուլը:

Հիմա իրավական գործընթաց են սկսում, իսկ պայքարի ապագան պետք է քննարկեն աջակիցների հետ:

Վերջում Հայրիկյանը ասաց, որ հնարավոր է առաջիկա 6 ամիսներին հարցազրույցներ չտա, եթե Հայաստանը ԵՄ-ի հետ այսօր համաձայնագիր ստորագրի։ Նրա խոսքով՝ դա կլինի իր պատիժը, քանի որ ավելի վաղ կանխատեսել էր, թե ստորագրումը կձախողվի: