ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել՝ բողոքելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշման դեմ, որը հրաժարվում է Հայրիկյանին ձևաթուղթ տրամադրել՝ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով 200 հազար ստորագրություն հավաքելու համար:
Մինչդեռ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հակադարձում է՝ 200 հազար ստորագրությամբ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու դրույթը գործելու է միայն գալիք տարվա ապրիլից:
«Ավելին՝ ոչ միայն չեն տրամադրում, այլ ասում են՝ Սահմանադրությամբ այդպիսի իրավունք նախատեսված չէ, որը խայտառակություն է», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Հայրիկյանը:
Այսօր առավոտյան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև, մի քանի համակիրներով շրջապատված, ԱԻՄ առաջնորդը հայտարարեց՝ 2015թ․-ի սահմանադրական փոփոխությունները առնվազն երկու անգամ կրճատել են քաղաքացիների դերակատարությունը հանրային կյանքում: Ուստի Հայրիկյանը, մի քանի փոփոխություններ է առաջարկում, ներառյալ, որ նախագահի ու վարչապետի պաշտոնները պետք է միատեղվեն, և այդ անձին ուղղակի ընտրությամբ ընտրեն քաղաքացիները՝ երեք տարի ժամկետով:
«Որևէ քաղաքացու ձայն անկատար ընտրական օրենսդրության պատճառով պառլամենտից չպետք է դուրս մնա: Այսինքն, եթե ես մասնակցում են ընտրության, ձայնը տալիս եմ Պողոս Պողոսյանին, Պողոս Պողոսյանը չի անցնում, Պողոս Պողոսյանը իրավունք ունի իր ստացած ձայները փոխանցել մեկ այլ պատգամավորի», - իր մյուս առաջարկը ներկայացրեց ԱԻՄ առաջնորդը՝ պարզաբանելով․ - «Դա ինչո՞վ է կարևոր․ պառլամենտում պատգամավորները քվեարկելու են ոչ թե մեկական ձայնով, այլ յուրաքանչյուր պատգամավոր քանի ձայն որ ստացել է, այդքան ձայներով էլ քվեարկում է»:
Հայրիկյանը այլ առաջարկություններ նույնպես ունի: Այսօր ԱԻՄ առաջնորդը իր պահանջի հիմնավորումները փոխանցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի աշխատակազմ:
«Բավական է այն, որ իրենք հարցը լսեցին, հիմա նաև մեկնաբանությունները կլսեն: Այս թղթի մեկ օրինակ կփոխանցեմ որևէ քարտուղարուհու, որ փոխանցի իրենից մի քիչ ավելի բարձր գտնվող քարտուղարի, որ ծանոթանան», - իր գործողությունները մեկնաբանեց Հայրիկյանը:
«Մեր մեջ ասած՝ ես տարեկան 5-6 անգամ հացադուլ եմ անում ինձ համար: Այնպես որ՝ հացադուլը այստեղ տասներորդական է, ես շոումեն չեմ, որ գամ իմ հացադուլով հպարտանամ», - նաև նշեց Պարույր Հայրիկյանը: - «Կարևորը տեղեկատվությունն է, թե ինչի համար է դա արվում: Ես կմնամ, թե չեմ մնա՝ օրինակ, ես հացադուլ եմ անում, բայց ունեմ շնիկներ, փիսիկներ․․․ նրանք էլ հո հացադուլ չեն անում: Պիտի գնամ նրանց կերակրեմ, հո նրանք սրանցից վատը չեն»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում լրագրողներին սպասում էր ԿԸՀ նախագահը:
«[Գործող Սահմանադրությունում] Կա 209 հոդված, որտեղ շատ հստակ նշվում է, որ այդ իրավադրույթները ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը», - պարզաբանեց ԿԸՀ նախագահը:
Իսկ մինչ այդ՝ գործում են 2005թ․ Սահմանադրության դրույթները, ըստ որոնց մայր օրենքում հանրաքվեով կարող են փոփոխություններ նախաձեռնել Հանրապետության նախագահն ու խորհրդարանը: