Էրդողանը կփորձի Սոչիի հանդիպման «օրակարգ բերել» ղարաբաղյան հարցը

Սիրիայի հարցով այսօր բանակցությունների մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական հայտարարությունն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

«Նախորդ այցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել ենք Պուտինի հետ: Պուտինն այն ժամանակ ասել էր, որ ջանում է ամեն հնարավոր բան անել: Ես նշեցի, որ պետք է ավելի զգայուն լինել այդ հինգ շրջանների հարցում, քանի որ գործընթացն արդեն 30 տարի է տևում: Տարածաշրջանում այս խնդրի լուծողը Ռուսաստանն է: Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ առիթ լինելու դեպքում հարցը կրկին օրակարգ կբերեմ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար ևս առանձնահատուկ հարց է», - CNN Turk-ի փոխանցմամբ ասել է Էրդողանը:

Սոչիում այսօր անցնում է Ռուսաստանի Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովը՝ սիրիական ճգնաժամի հարցով։

«Սիրիայում ահաբեկիչների դեմ լայնածավալ ռազմական գործողություններն ավարտվել են։ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Սիրիական ճգնաժամի քաղաքական գործընթացն անցնելու է ժնևյան գործընթացի շրջանակում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո», - հայտարարել է Պուտինը։

Սոչիում, Թուրքիայի նախագահի գնահատմամբ, այսօր անցնում են տարածաշրջանի համար շատ կարևոր հանդիպումներ։ Էրդողանի նախօրեին նաև շեշտել էր, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում որոշ տարաձայնություններ են մնացել։ Խոսքն, իհարկե, նախևառաջ Ասադի ճակատագրին է վերաբերում։

Հիշեցնենք՝ այս հանդիպումների նախօրեին նույն Սոչիում չհայտարարված կամ, ինչպես մեկնաբաններն են որակել, գաղտնի հանդիպել էին Ռուսաստանի և Սիրիայի նախագահները։

Ասադի հետ իր հանդիպման որոշ մանրամասներ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Կրեմլի փոխանցմամբ, Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի հիմնական թեման հենց սիրիական կարգավորումն է եղել: Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշված է․- «Պուտինն ու Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել են, որ հետամուտ են Սիրիայի տարածքային ամբողջականությանը, և որ կարգավորման շուրջ բանակցություններին պետք է մասնակցեն Սիրիան ներկայացնող հնարավորինս շատ ուժեր»:

Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո իր հերթին ասել էր ․ - «Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Պուտինի հետ: Մենք խոսել ենք Սիրիայից, Հյուսիսային Կորեայից»: Թրամփը, ի պատասխան լրագրողների հարցին, ասել է նաև, որ Ուկրաինայի հարցը նույնպես քննարկվել է:

Մեկնաբանելով համացանցում հայտնված Պուտինի և Ասադի լուսանկարը՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին ասել էր․ - «Կարծում եմ, բոլորը տեսել են, թե ինչպես է Պուտինը գրկում Ասադին: Դուք գիտեք, թե մենք ինչպես ենք վերաբերվում քիմիական զենքով հարձակումներին: Կարծում եմ, այդ լուսանկարը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը որոշակի պատասխանատվություն է կրում՝ Սիրիային օգնելու փորձելու համար»: Միևնույն ժամանակ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Սիրիայի հարցով ժնևյան բանակցություններին:

Հավելենք նաև, որ Մոսկվան, Անկարան ու Թեհրանը, չնայած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ապագայի հարցում տարաձայնություններին, անցած տարեվերջին Աստանայում եռակողմ բանակցություններ սկսեցին՝ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու համար:

Հիշեցնենք՝ Մոսկվան և Թեհրանը պաշտպանում են Ասադին, իսկ Անկարան՝ նրա դեմ պայքարող ընդդիմությանը: Այսօր Պուտինը շեշտել է Աստանայի գործընթացի կարևորությունը, և Թուրքիայի ու Իրանի նախագահների դերակատարության կարևորությունն այս գործընթացում։ Սիրիայի կարգավորման բանակցությունները, սակայն, Պուտինի փոխանցմամբ, անցնելու են այսուհետ Ժնևյան գործընթացի շրջանակում, ինչպես ավելի վաղ Վիետնամում կարճ ոտքի վրա հանդիպման ժամանակ պայմանավորվել էին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները։