Դատական նիստը հետաձգվեց Շիրխանյանի առողջական խնդիրների պատճառով

2015-ին Նորք-Մարաշում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց:

Քրեակատարողական հիմնարկից գրություն էին ուղարկել դատարան, որ այս գործով գլխավոր մեղադրյալներից, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ի վճակի չէ մասնակցել նիստին առողջական խնդիրների պատճառով:

70-ամյա Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ թեև իրենք միշտ են բարձրաձայնել, որ Շիրխանյանը պատժի կրման հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի, այդուհանդերձ քրեակատարողական հիմնարկներից միշտ դրանք հերքող գրություններ են ստացել թե՛ իրենք, թե՛ դատարանը:

Ալումյանը մտահոգված է, թե այդ ինչքան է վատացել իր վստահորդի առողջական վիճակը, որ քրեակատարողական հիմնարկն ինքն է դրա մասին գրություն ուղարկել․ - «Այսօր առաջին անգամ է, երբ որ քրեակատարողական հիմնարկից նամակ էկավ, որ պարոն Շիրխանյանը ի վիճակի չէ մասնակցել: Այսինքն, ինչ աստիճանի է սրվել նրա առողջական վիճակը, որ նույնիսկ քրեակատարողական հիմնարկները, որոնք որ երբեք հակված չեն եղել ճշմարտությունը ասել, միշտ հակված են եղել ներկայացնել խնդիրը էնպես, որ պարոն Շիրխանյանի առողջական խնդիրները ավելի քիչ են, քան իրականում կան, նույնիսկ քրեակատարողական հիմնարկը հիմա գրություն է ուղարկել, որ պարոն Շիրխանյանը ի վիճակի չէ ներկայանալ՝ իր առողջական վիճակից ելնելով: Սա մեզ շատ մտահոգում է»:

Ի դեպ, Եվրոպական դատարանն օրերս որոշում էր կայացրել Վահան Շիրխանյանի գործով՝ պարտավորեցնելով պետությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրա առողջական վիճակը ճիշտ գնահատելու և անհրաժեշտ բուժումն ապահովելու համար:

Լրացուցիչ ստուգումների ու ախտորոշման համար Շիրխանյանի ընտանիքը պատրաստվում է մասնագետներ հրավիրել արտերկրից: Ալումյանի փոխանցմամբ, նրանք հիմքեր ունեն չվստահելու տեղացի մասնագետներին, իսկ իրենց կողմից հրավիրված մասնագետների գումարը պետք է վճարի պետությունը:

Փաստաբանը հավելեց, որ մինչև հիմա բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղերի ու հետազոտությունների համար վճարել է Շիրխանյանի ընտանիքը, այնինչ դա պետության պարտականությունն էր․ - «Մենք հասկանում ենք, թե Հայաստանում ինչ լծակներ կան ցանկացած բժշկի նկատմամբ: Դուք լավ ինքներդ էլ պատկերացնում եք, որ ցանկացած բժիշկ էսօրվա դրությամբ որևիցե մի բժշկական կենտրոնում է աշխատում, նաև գիտեք, թե ում են պատկանում այդ բժշկական կենտրոնները: Մեր կողմից ներգրավվելիք մասնագետները պիտի վճարվեն, դա փաստ է: Հիմա ով պիտի վճարի, դա էլ հաջորդ հարցն է: Եթե Եվրոպական դատարանը 39 կանոնը կիրառել է Կառավարության նկատմամբ՝ ասելով, որ դա պիտի արվի, բնականաբար այդ պարտականությունը ամբողջությամբ ընկնում է Կառավարության վրա: Վերջին հաշվով, Կառավարությունը ավելի հարուստ է, քան պարոն Շիրխանյանի հարազատները․․․ Մենք կներկայացնենք էդ մարդկանց, մենք կներկայացնենք իրենց հետ կապված ծախսերը, մնացածը թող Կառավարությունը անի»:

Քրեակատարողական վարչությունից, մինչդեռ, տեղեկացնում են, որ «ՔԿՀ մուտք գործելու պահից առ այսօր Վահան Շիրխանյանը պետության կողմից անվճար բուժօգնության շրջանակներում անցել է շուրջ երկու տասնյակ հետազոտություն: Մինչև կալանավորումն ու քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում էլ վերջինիս կողմից օգտագործված շուրջ 16 անուն դեղամիջոցներից 13-ը Քրեակատարողական ծառայության կողմից է տրամադրվել»:

Ինչ վերաբերում է Շիրխանյանի՝ այսօր դատարան չներկայանալու պատճառին, ՔԿՀ-ից փոխանցում են, թե դա պայմանավորված է եղել նրա արյան զարկերակային ճնշման տատանմամբ: Այս պահին նա ստանում է համապատասխան դեղորայքային բուժում:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Արթուր Վարդանյանը ստեղծել էր 20 հոգուց բաղկացած զինված խումբ և ծրագրել բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանությունը յուրացնել: Նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեղադրվում է այդ խմբավորման հետ համագործակցելու և դրա օգտին գործելու մեջ:

Ըստ մեղադրանքի, զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը ծրագրել էր թռիչքի պահին խոցել երկրի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 հոգու: