Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի դատավարությանը մասնակիցները հարգեցին «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը


Armenia -- Vahan Shirkhanian, Former Deputy Defence Minister in court. 27Oct., 2017
Armenia -- Vahan Shirkhanian, Former Deputy Defence Minister in court. 27Oct., 2017

Դատական նիստի մեկնարկին գլխավոր մեղադրյալներից Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:

Այնուհետև Շիրխանյանը դատարանից պահանջեց հետաձգել նիստը, հայտարարելով՝ այսօր դատարանի առաջ են կանգնած «Հոկտեմբերի 27»-ի զոհերի զինակիցներն ու ընկերները: Դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց այս պահանջը, ինչին ի պատասխան նախկին փոխնախարարը հայտարարեց․ - «Սա «Հոկտեմբերի 27»-ի տրամաբանական շարունակությունն է»:

Շիրխանյանը, հիշեցնենք, մեղադրվում է Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի հետ հանցավոր համագործակցությանը մասնակցելու, իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ:

Այսօր սկսվեց փաստաթղթերի ուսումնասիրման փուլը: Մեղադրող դատախազն ընթերցեց այս գործով անցնող 20 մեղադրյալներից մի քանիսի բնակարանների խուզարկությունների որոշումներն ու արձանագրությունները: Ըստ այդմ՝ Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի վարձակալած առանձնատնից առգրավվել են ինքնաձիգներ, մեկ անօդաչու թռչող նկարահանող սարք, տարբեր տրամաչափի զենք֊զինամթերք: Բացի այդ, Արթուր Վարդանյանի կոստյումի գրանից հայտնաբերվել ու առգրավվել է 1300 դոլար, 3500 եվրո ու 780 հազար դրամ:

Մեղադրող դատախազըն ընթերցեց նաև Հայր Անտոն Թոթոնջյանի տան խուզարկության արձանագրությունը: Ըստ մեղադրանքի, հիշեցնենք, Թոթոնջյանը Նորք-Մարաշի զինված խմբի ստեղծման համար Արթուր Վարդանյանին վճարել է մոտ 60 հազար դոլար:

Ըստ արձանագրությունների, Հայր Անտոնը խուզարկողներին ասել է, որ ինքնակամ կներկայացնի այն, ինչ ունի, և ներկայացրել է 2 համակարգիչ ու նշել, թե դրանց մեջ առկա են իրեն ու Արթուր Վարդանյանին պատկանող ֆայլեր, որոնք պարունակում են նախարարների, իշխանության ներկայացուցիչների և օլիգարխների հարստության մասին տեղեկություններ, որոնք ինքն է հանձնել Արթուր Վարդանյանին:

Թոթոնջյանն ասել է, որ տրամադրում է նաև իր կողմից կազմված ծրագիր, որում նշվում է, թե ինչ պետք է արվեր 2018-ի դեկտեմբերի 1-ին, երբ Արթուր Վարդանյանը դառնար ՀՀ ղեկավար:

Խուզարկողներին հանձնված համակարգչում եղել է մի ֆայլ, որը վերնագրված է եղել «Հովիկ Աբրահամյան»: Առգրավվել է նաև մեկ թերթանոց փաստաթուղթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության ապագա «սև ցուցակը»՝ բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների անուններով, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը:

Առգրավված փաստաթղթերից մեկն էլ հետևյալ բովանդակությունն է ունեցել՝ Պուտինը կարգելի Ռոբերտ Քոչարյանի մուտքը Ռուսաստան:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել երկրի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Աժ-ի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 հոգու:

Դատարանը մյուս ուրբաթ կշարունակի հետազոտել բնակարանների խուզարկությունների որոշումներն ու արձանագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG