Այսօր ևս դատավոր Արտուշ Գաբրիելյանը փորձում էր պետության փաստաբանին ներգրավել գործում, զինված խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանը և Թորոս Թորոսյանը, սակայն, համաձայնություն չտվեցին՝ հեռանալով դահլիճից:
Դատավորը, այդուհանդերձ, հայտարարեց․ - «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ որևէ դիրքորոշում չհայտնեց, դատարանը որոշեց Լիանա Գասպարյանին ներգրավել շահերի պաշտպան»:
Հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը առարկեց․ - «Դա Ձեր միանձնյա որոշումն է, որը որ անօրինական գործողություն է, հարգելի դատարան»:
Հենց հանրային պաշտպանը ներկայացրեց վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը, որին միացան մի շարք փաստաբաններ, այդ թվում՝ Գրիշա Բալասանյանը, Ինեսսա Պետրոսյանը:
«Անընդհատ ոչ մի բան չանելու, բայց ժամավաճառությամբ փոխարեն ի վերջո հստակություն կմտցվի, և կհասկանանք՝ արդյո՞ք այս դեպքում դատարանը ճիշտ է վարվում», - ասաց Բալասանյանը:
«Մեկնարկել են այդ դատական նիստերը արդեն երրորդ ամիսն է, բայց որևէ քայլ առաջ չենք գնացել: Մենք անընդհատ հետ ենք գնում: Եվ պետք է հասկանանք՝ հնարավո՞ր է արդյոք դատական նիստի շարունակություն այն պայմաններում, երբ որ ակնհայտորեն անձը չի տալիս իր համաձայնությունը իրեն հարկադիր պատշպան ներգրավելու համար: Ես արդեն օգտագործում եմ ոչ թե հանրային, այլ երբ որ դատարանը պաշտպանին ասում է՝ հարկադրում եմ, որ դու պետք է մնաս դատական նիստերի դահլիճում՝ իմանալով հանդերձ, որ նա ոչինչ չի անելու: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը պետք է լուծում ստանա: Ուստի գտնում եմ, որ միջնորդությունը պետք է բավարարվի անհապաղ, այս պահին», - հայտարարեց Ինեսսա Պետրոսյանը:
Դատավորը, սակայն, որոշեց միջնորդությունը, «որպես ոչ ժամանակին հարուցված միջնորդություն», քննել հետագայում՝ ՝ հարուցելով փաստաբանների զայրույթը․ - «Հետաձգելը ո՞րն ա, հարգելի դատարան: Էս պահին ա կարևոր էս միջնորդությունը․․․ Էդ ա կարևոր պահը, ի՞նչ «ոչ ժամանակինի» մասին ա խոսքը: Վեր եք Ձեզ դասում ամեն ինչից էս պահին։ Ոչ մի դատավարություն, ոչ մի բան Ձեզ համար գոյություն չունի: Չորս ամիս ա, դեռ ժամանակը չի՞ եկել․․․ Եվ ստեղծել եք մի իրավիճակ, երբ մենք տասնյակ ինքնաբացարկի միջնորդություններ ենք հարուցում, Դուք անօրինական մերժում եք: Մենք առարկում ենք Ձեր անօրինական գործողությունների դեմ, Դուք մերժում եք: Այսինքն Դուք ուզում եք ասել, որ կարող եք ամեն ինչ անե՞լ պաշտպանական կողմի հետ: Մի բան էլ հետո սանկցիաներ կիրառել մեր նկատմամբ․․․ Մենք պարտավոր չենք հանդուրժել Ձեր այսչափ անօրինական գործողությունները»:
«Դուք չեք ուզում օրինական դաշտ գալ: Պաշտպանական կողմը այլևս միջնորդություններ չներկայացնի՞․․․ Լուռ բոլորս նստենք, որպեսզի Դուք ինչպես ցանկանում եք, այնպե՞ս վարվեք», - ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը հավելեց․ - «Իսկ հանրային պաշտպաններին Դուք պատանդի կարգավիճակում եք այստեղ պահում: Նրանք պատանդներ չե՛ն»:
Հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հաջորդ նիստին այնուամենայնիվ կներկայանա՝ նորից պահանջելու, որ դատավորը դիմի Սահմանադրական դատարան՝ գործի վարույթն առայժմ կասեցնելով․ - «Ես գալու եմ, որպեսզի ևս մեկ անգամ ճշտեմ՝ արդյո՞ք ամբաստանյալները ցանկանում են, որպեսզի հանրային պաշտպան ներգրավվի: Որևէ գործողություն չեմ կատարելու իրենց [ամբաստանյալների] կամքին հակառակ»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր մերժեց ինքաբացարկ հայտնելու հերթական միջնորդությունը, որ ներկայացրեց մեղադրյալ Կյուրեղյան եղբայրներից Սերգեյը․ - «Դատարանը չի լսում մեր պատճառները ոտքի չկանգնելու, դատարանը չի ցանկանում մեր արարքները ընդհանուր, ինչի համար էստեղ ենք, խոսել դրդապատճառների մասին, չի ցանկանում լսել մեզ»:
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը կարծում է՝ դահլիճում տապալվում է իշխանությունների սցենարը, դատավարությունը փակուղի է մտել․ - «Հեռացվեին մեր պաշտպանյալները, այնուհետև՝ նրանց ընտրած պաշտպանները: Եվ իրենք մտածում էին, որ կարող էին Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով ապահովել այդ ֆիկտիվ, պատրանքային մասնակցությունը և այդպես արագ-արագ առաջ տանել: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ սցենարը ուղղակի չաշխատի: Դա խայտառակություն է»:
Երկու գործերով դատարանի առջև կանգնած 14 և 18 ամբաստանյալներն իրենց անմեղ են համարում: Մեղադրող կողմը նրանց առաջադրել է շենք գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, սպանության, զինված խմբին օժանդակելու հոդվածներով մեղադրանքներ: