Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» դատավարությանը նոր հանրային պաշտպանի ներգրավման հարցը՝ բանավեճի թեմա


Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է նոր հանրային պաշտպան ուղարկել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի դատավարությանը։ Ամբաստանյալների պաշտպաններն առարկեցին:

«Չի կարող Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը իր ցանկությամբ երկրորդ անգամ պաշտպան նշանակել, քանի որ դուք [դատավորը] չեք դիմել իրենց», - հայտարարեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նախատեսված էր, որ հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը պետք է ստանձներ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպանությունն այն դեպքում, երբ երեքն էլ արդեն հանրային պաշտպան ունեն՝ Արմինե Ֆանյանը։ Դատարանը նոր հանրային պաշտպանի ներգրավումն այսպես բացատրեց՝ հաշվի է առնվել հանգամանքը, որ Ֆանյանը ծանրաբեռնված է կամ գուցե արձակուրդ է ուզում գնալ։ Պաշտպանները կրկին առարկեցին: Իսկ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը անգամ հեգնեց, թե գուցե վտանգ կա, որ ինքը՝ դատավո՞րը ծանրաբեռնվածության պատճառով չկարողանա դատին մասնակցել և անհրաժեշտ լինի լրացուցիչ դատավոր ներգրավել: Եղիազարյանի միջամտությունից հետո դատարանը նրա նկատմամբ նախազգուշացում կիրառեց, իսկ ավելի ուշ հեռացրեց նիստից։

Երեք ամբաստանյալներն էլ նոր հանրային պաշտպանից հրաժարվեցին, սակայն դատարանը հաշվի առավ Արմեն Բիլյանի ցանկությունը, իսկ Բարսեղյանի ու Կյուրեղյանի դեպքում նրանց կամքին հակառակ հանրային պաշտպանն այնուամենայնիվ ներգրավվեց։

«Քանի որ Արմեն Բիլյանի նկատմամբ դատական սանկցիա չի կիրառված և պարտադիր չի մասնակցությունը», - պարզաբանեց դատավորը: Պաշտպաններից մեկի առարկությանը, թե սանկցիայի հանգամանքը ի՞նչ կապ ունի, դատավորն արձագանքեց․ - «Կապ ունի այնքանով, որքանով ես որոշումը կայացրեցի»:

Դատարանը հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանին մեկ շաբաթ ժամանակ տվեց գործին ծանոթանալու համար։ Մարգարյանը, սակայն, հայտարարեց՝ քանի որ դատարանի որոշում կա, նիստերին ներկա կլինի, բայց պաշտպանություն չի իրականացնի։ Նա բացատրեց՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կարգադրությունն ունի՝ ամբաստանյալների կամքին հակառակ պաշտպանություն չիրականացնել։

«Եթե նա արդեն գտնում է, որ ներգրավված պաշտպան է, ապա պետք է պաշտպանություն իրականացնի: Եթե նա ներգրավված պաշտպան չէ և գտնում է, որ ներգրավված չէ, որովհետև չկա համաձայնություն, նա իրավունք չունի գտնվելու դատարանի դահլիճում», - կարծիք հայտնեց պաշտպան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG