Լեռնային Ղարաբաղի հաջորդ նախագահի անունը հայտնի կդառնա հուլիսի 19-ին

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հայտարարեց, որ խորհրդարանը նախագահի ընտրությունը կանցկացնի առաջիկա չորեքշաբթի (հուլիսի 19-ին) հրավիրվելիք հատուկ նիստում:

Այս տարի փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ԼՂ-ում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրությամբ, առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը: 3 տարի տևող անցումային փուլի ընթացքում Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգ է փոխվելու, կարգավորվելու է նոր իրավական դաշտը։ Դրանից հետո՝ արդեն 2020 թվականին, նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

Այս պաշտոնի համար երկու թեկնածու է պայքարելու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, և Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։

Խորհրդարանը հուլիսի 19-ին նախագահ կընտրի։ 33 հոգանոց Ազգային ժողովում 28 մանդատ ունեցող երեք խոշոր խմբակցությունները՝ «Հայրենիք»-ը, «Դաշնակցություն»-ը և «Ժողովրդավարություն»-ը, ինչպես նաև մեկ անկախ պատգամավոր, պաշտպանում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Իսկ 3 մանդատ ունեցող «Շարժում-88» խմբակցությունը պաշտպանում է Էդուարդ Աղաբեկյանին։

Խորհրդարանական 5-րդ ուժը՝ «Վերածնունդ» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել: Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը գործող նախագահի առաջադրումը ողբերգություն է համարում և կարծում է, որ նա անցումային փուլից հետո էլ՝ 2020 թվականին կրկին կցանկանա նախագահ դառնալ․ - «Ժամանակն է, որ Բակո Սահակյանը հստակ հայտարարի, որ ինքը մտադրություն չունի և որևէ կերպ չի առաջադրվելու 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Քանզի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը մեկնաբանում է 20 թվականին առաջադրվելու հարցը այնպես, որ Բակո Սահակյանը նույնպես կարող է առաջադրվել»:

ԼՂ նախագահի պաշտոնը արդեն տասը տարի զբաղեցնող Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը մինչդեռ խորհուրդ է տալիս առայժմ 2020 թվականի մասին չխոսել․ - «20 թիվը ե՞րբ ա գալու, ի՞նչ ա լինելու․․․ Կարծում եմ, ճիշտ չի հիմա դրա մասին խոսել»:

Նախագահի ընտրությունից հետո Ղարաբաղում կվերանա վարչապետի պաշտոնը, այն կփոխարինվի պետական նախարարով։ Կառավարությունը կկազմի և կղեկավարի նախագահը։

Արդեն այս տարվա սեպտեմբերին գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը վայր կդնի լիազորությունները, իսկ ԼՂ Ազգային ժողովի ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն իր պաշտոնը կպահպանի մինչև 2020 թվականի ընտրությունները։

Խորհրդարանում ընտրության օրը նախագահի երկու թեկնածուները ծրագրային ելույթներ կունենան։

Ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք գործող նախագահից դժգոհ են և կարծում են, որ բազմաթիվ խնդիրներ կլուծվեն իշխանափոխության դեպքում։ Չնայած դրան, ընդդիմադիր թեկնածուն գիտի, որ չի ընտրվելու, պարզապես ցանկանում է առիթը օգտագործել և բարձրաձայնել Ղարաբաղի խնդիրների մասին։

Դավիթ Բաբայանը, մինչդեռ, ասաց, որ Բակո Սահակյանը կշարունակի իրականացնել այն ծրագրերը, որոնք վերջին տարիներին արվում էին․ - «Դուք գիտեք, որ անցումային փուլ [է լինելու], և պետք է շարունակականությունը բոլոր ծրագրերի ապահովվի: Բայց ինքը կանդրադառնա բոլոր թեմաներին, ինձ թվում է»:

Նախագահի պաշտոնը արդեն տասը տարի զբաղեցնող Բակո Սահակյանը, ընդդիմախոսների պնդմամբ, իրավունք չուներ այլևս առաջադրվել:

Մինչդեռ նրա թեկնածությունը առաջադրած խորհրդարանական առաջին ուժի՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի խոսքով ամեն ինչ օրինական է․ - «Եթե ընթերցել են Սահմանադրությունը, ապա նրանք իրավունք չունեն [այդպես պնդելու], որովհետև Սահմանադրության մեջ գրված չէ՝ բացառությամբ Բակո Սահակյանի»: