Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահի պաշտոնին առաջադրվել է երկու թեկնածու


Այսօր երեկոյան ժամը 18.00-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։

Մինչև երեկ գործող նախագահ Բակո Սահակյանն այս պաշտոնի միակ թեկնածուն էր, սակայն այսօր առաջադրվելու որոշում է կայացրել նաև ԼՂ խորհրդարանի մեծությամբ չորրորդ ուժի՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։

«Ազատության» հետ զրույցում նախագահի ընդդիմադիր թեկնածուն ասաց, որ գործող նախագահի գործունեությունից դժգոհ են, Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն։

Աղաբեկյանը առաջնային է համարում արտաքին քաղաքականությունը, հատկապես Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ դարձնելը։ Տնտեսական խնդիրներից է խոսում, ինչպես նաև անվտանգությունն է կարևորում։

«Էն, որ խնդիրներ ենք ունեցել․․․ դեռևս հինգ տարի առաջ ասել ենք՝ չի՛ կարելի այսպես: Արդյունքն էլ եղել է ապրիլը: Ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև Երևանի գործողությունների՝ գործունեության կամ անգործունեության», - ասաց Աղաբեկյանը։

Էդուարդ Աղաբեկյանը Ստեփանակերտի նախկին քաղաքապետն է։ 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը։ Վերջինս նախորդ տարվա նոյեմբերին ստանձնեց Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Աղաբեկյանը ասաց, որ առաջադրվելիս Բալասանյանի հետ չի խորհրդակցել․ - «Վիտալի Բալասանյանի՝ անվտանգության համակարգ տեղափոխվելու քայլին ես անձամբ դեմ եմ եղել: Բայց իր որոշումն է եղել, ես հարգում եմ իր որոշումը»:

Այս տարի փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ԼՂ-ում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ:

Նոր Սահմանադրությամբ, առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:

3 տարի տևող անցումային փուլի ընթացքում Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգ է փոխվելու, կարգավորվելու է նոր իրավական դաշտը։ Դրանից հետո՝ արդեն 2020 թվականին, նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

Խորհրդարանական երեք խոշոր խմբակցությունները՝ «Հայրենիք»-ը, «Դաշնակցություն»-ը և «Ժողովրդավարություն»-ը պաշտպանում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Ազատության» հետ վստահություն հայտնեց, որ հենց Բակո Սահակյանն է հաղթելու առաջիկա ընտրություններում։ Անդրառանալով ընդդիմադիր թեկնածուի քննադատությանը՝ իշխող խմբակցության ղեկավարը ասաց, որ իրենք գործող նախագահի աշխատանքից գոհ են․ - «Բակո Սահակյանը ունի հստակ ծրագիր և հստակ թիմ, որով իրագործելու է առաջիկա երեք տարիներին և ապահովելու է ՀՆԱ-ի մոտավորապես 10 տոկոս աճ: Եթե կան թեկնածուներ, որ գտնում են, որ Արցախում հնարավոր է մինչև 50 տոկոս ՀՆԱ-ի աճ, դա աբսուրդ է»:

ԼՂ խորհրդարանի երեք խոշոր խմբակցությունների բոլոր 28 պատգամավորները քվեարկելու են գործող նախագահի օգտին։

Ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության 3 պատգամավորները կպաշտպանեն իրենց թեկնածուին՝ Էդուարդ Աղաբեկյանին։

Թեկնածու չի առաջադրել միայն մեկ պատգամավորական մանդատ ունեցող «Վերածնունդ» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ասաց, որ առաջիկայում կքննարկեն՝ պաշտպանելու է Էդուարդ Աղաբեկյանի՞ն, թե՞ բոլորին դեմ կքվեարկի․ - «Կարծում եմ, բավականին պատկառելի կենսագրություն ունի և մեծ քաղաքական փորձ ունի և արժանի թեկնածում է։ Վստահ եմ՝ մի քանի գլխով բարձր է Բակո Սահակյանից, դրանում կասկած չունեմ: Ես անձամբ դրական եմ վերաբերվում Աղաբեկյանին, սակայն գտնում եմ, որ շանս չունի ընտրվելու: Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել՝ լինելով ընդդիմության թեկնածու: Այդ ժամանակ՝ 2004 թվականին, դա Հարավային Կովկասի համար եզակի երևույթ էր: Եվ ինքը կարճ ժամանակում կարողացել է քաղաքապետարանի սեփական մուտքերը բազմապատկել»:

Ընդդիմադիր թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը համաձայն է, որ ընտրվելու շանսերը քիչ են, բայց առաջադրվել է, որպեսզի օգտագործի հնարավորությունը և բարձրաձայնի Ղարաբաղի խնդիրների մասին։

ԼՂ խորհրդարանից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ արդեն վաղը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարությամբ հանդես կգա և կհրապարակի նախագահի ընտրության օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG