«Սասնա ծռերի» փաստաբանները դժգոհ են ուժի կիրառման փաստով հարուցված քրգործի քննության ընթացքից

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն իրականացնել երկու շաբաթ առաջ դատարանի նկուղում «Սասնա ծռերի» անդամների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ չորս մեղադրյալների դեմքերին, գլխին, որովայնին, մեջքին և ոտքերի վրա հարվածների հետքեր և վերքեր են հայտնաբերվել, որոնք ենթադրաբար հունիսի 28-ին դատարանի շենքում տեղի ունեցած միջադեպի հետևանք են:

«Կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը արգելված է ցանկացած պարագայում: Ներկայացված մեղադրանքի հետ կապված զայրույթի որևէ չափաբաժին կամ դատական նիստի լարվածության աստիճան, չեն կարող արդարացնել պաշտպանյալների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրումը», - հայտարարել է հեղինակավոր կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ի դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկը արգելել էր մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանին գրություն փոխանցել իր փաստաբաններից մեկին: Դրան հետևել էր վիճաբանություն մեղադրյալների և ոստիկանների միջև, ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին:

Ավելի ուշ Կյուրեղյանի, Ավետիսյանի, ինչպես նաև երկու այլ մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել նրանց:

Միջազգային կազմակերպությունը նաև շեշտում է․ - «Քանի դեռ քննություն է իրականացվում, քննության ենթակա որևէ պաշտոնյա չպետք է քրեական գործին և մեղադրյալներին առնչվող որևէ ծառայություն իրականացնի»:

Մինչդեռ, ինչպես պնդում է դատարանում ծեծի մասին բարձրաձայնած «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանի փաստաբան Տիգրան Եգորյանը, այդ օրը բանտից ամբաստանյալներին դատարանի դահլիճ բերած ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը ոչ միայն շարունակում է ծառայությունը, այլև անցած հինգշաբթի «Սասնա ծռերի» անդաներին կրկին ուղեկցել է դատարան։

«Հենց նրա ծառայության անկասելիության արդյունքում նա նաև հաջողացրել է հաշվեհարդար տեսնել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Եվ Գևորգ Սաֆարյանը հնարավոր է վերջին զոհը չի այս փոխգնդապետի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եգորյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի միջազգային կազմակերպությունը Հայաստանի իշխանությանը հիշեցնում է իր իսկ վավերացրած միջազգային փաստաթղթերը՝ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան։

«Այդ պայմանագրերը պահանջում են մարդու իրավունքների լուրջ խախտումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքում իրականացնել արդյունավետ քննություն և պատժել մեղավորներին», - նշում է Human Rights Watch-ը:

Մինչ միջազգային կազմակերպությունը գոհունակություն է հայտնում հարուցված քրեական գործի առկայության համար, «Սասնա ծռերի» փաստաբանները դժգոհ են քննության ընթացքից։

Ծեծի դեպքի առիթով արդեն վեց օր է քրեական գործ է հարուցված, բայց, ինչպես փաստաբաններն են պնդում, որևէ տեղեկություն չունեն, թե արդյոք իրենց պաշտպանյալները տուժող են ճանաչվել և արդյոք դատարանի նկուղում ձեռնաշղթաներով, ոտքերով և ձեռքերով ամբաստանյալներին ծեծի ենթարկած ոստիկանները ներգրավվել են որպես կասկածյալ։

Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ քրեական գործ հարուցելուց մեկ օր անց Հատուկ քննչական ծառայությունը կարող էր և՛ հարցաքննություն անցկացնել, և՛ վնասվածք ստացածներին տուժող ճանաչել, և՛ պարզել կասկածյալների շրջանակը: Իսկ փաստաբաններին էլ պարտավոր էր տեղեկացնել կատարված գործողությունների մասին․ - «Շատ արագ պետք է վերցվեինք ցուցմունքներ, շատ արագ պետք է ներգրավվեին կասկածյալներ, մեղադրյալներ: Շատ արագ, սա օրերի խնդիր է»:

Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը, ով ծեծի մասին հայտարարության հաջորդ օրը բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, պնդեց, թե քննիչն այցելել է Նուբարաշենի բանտում պահվող իր պաշտպանյալին, բայց Խանդոյանը հրաժարվել է առանց փաստաբանի ներկայության հանդիպել քննիչի հետ։

Քրեական գործի մանրամասների մասին Ղարագյոզյանը ևս որևէ տեղեկություն չունի․ - «Մենք մի շարք միջնորդություններ ունենք վարույթն իրականացնող մարմին: Բայց նույնիսկ քննիչի անունը չգիտեմ, թե ով է այդ վարույթն իրականացնում, որ միջնորդություններս ներկայացնեմ: Նախևառաջ ես պետք է Հատուկ քննչական ծառայությանը բացարկ հայտնեմ, քանի որ «Սասնա ծռերի» գործով նախաքննությունը իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը: Դրանից բացի, Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի նկուղում պետք է տեղազննության միջնորդություն անեմ՝ արդյո՞ք այդտեղ տեսախցիկներ եղել են: Մտավախություն կա, որ արդեն իսկ այդ տեսախցիկները հանված լինեն»:

Հիշեցնեմ, «Սասնա ծռերի» ահազանգից հետո ոստիկանությունը շտապեց հերյուրանք որակել նրանց հայտարարությունը, ավելին՝ հավելեց, թե դատական նիստերի դահլիճում «Սասնա ծռերի» անդամները խախտել են հասարակական կարգը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ինչի պատճառով էլ դուրս են բերվել դատարանի դահլիճից: Հետո անհնազանդություն են ցուցաբերել, որը խափանելու նպատակով համաչափ ուժ է կիրառվել։

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է, որ նախաքննությունը շարունակվում է՝ հավելելով, որ միջադեպից հետո քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, ծառայությունում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Իրականացվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ` միջադեպի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե արդյոք «Սասնա ծռերի» անդամները տուժող են ճանաչվել, իսկ ոստիկանները՝ կասկածյալներ: