Մատչելիության հղումներ

«Սասնա ծռերի» նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդումների հիմքով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առիթով:

ՀՔԾ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է. - «Նկատի ունենալով, որ միջադեպից հետո քրեակատարողական հիմնարկներ տեղափոխված կալանավորների մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ վերջիններիս հայտարարության, պատճառվել են ոստիկանների կողմից, դեպքի առթիվ ավելի վաղ նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Իրականացվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ` միջադեպի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Հիշեցնենք` հունիսի 28-ին տեղի ունեցած դատական նիստից հետո փաստաբանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։

«Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռերի» այդ դատավարության 14 անդամները կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են ոստիկանության շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության աշխատակիցներին, շտապ բուժօգնության աշխատակիցներին, գույք են ոչնչացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG