Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են հրաձգային զինատեսակներից և դիպուկահար զենքերից։ Պաշտպանության բանակը կորուստներ չունի։
Հասրաթյանի խոսքով, գիշերը շփման գծում հարաբերական հանգիստ է եղել, Ղարաբաղի զինված ուժերը, ըստ նրա, սահմանում իրավիճակը հսկողության տակ են պահում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր առավոտյան հայտարարեց, որ հայկական կողմն է գիշերը խախտել հրադադարի ռեժիմը՝ մոտ 142 անգամ։ Սենոր Հասրաթյանը պնդեց, որ սա ապատեղեկատվություն է։
Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել էր երեքշաբթի ուշ երեկոյան: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Հայկական կողմը, թեև ափսոսանք է հայտնում զոհերի հետ կապված, բայց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասում է՝ վստահ չեն, որ հայկական կողմի կրակոցից են Ադրբեջանի քաղաքացիները մահացել։ Նրա խոսքով, ադրբեջանցիները իրենց կրակակետերը գյուղում են տեղակայել, այդ պատճառով էլ հայկական կողմի կրակը գյուղի ուղղությամբ է եղել։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակը ասաց, որ անգամ տեսագրություն են հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանական կողմը բնակելի տան կողքից է կրակել․ - «Երբ որ դու ուղիղ տան բակից կամ գոմի պատի տակից հրանոթ ես տեղակայում ու կրակում, տրամաբանական է, որ պիտի հասկանաս, որ պատասխան է լինելու: Էն էլ այս ժամանակ, երբ որ մենք արդեն տեսահսկման բավականաչափ հզոր համակարգեր ունենք թե՛ օդից, թե՛ ուղիղ դիտարկման, որոնցով էդ ամեն ինչը շատ հեշտ երևում է»:
Հովհաննիսյանի փոխանցմամբ, այսօր ցերեկային ժամերին շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել։ Հարցին, թե արդյոք չէր կարող հետախուզությունը իմանալ, որ ադրբեջանական կողմը կրակելու է, Հովհաննիսյանը ասաց, որ հատուկ ծառայությունները կարող էին զինտեխնիկայի սահմանին մոտեցնելը ֆիքսել, մինչդեռ հիմա խոշոր տրամաչափի զինտեխնիկան միշտ էլ շփման գծում է․ - «Առաջնագծում հակառակորդն էլ, մենք էլ, բնականաբար, արդեն կոնկրետ մարտի համար պատրաստ այնքան միջոցներ, ուժեր ունենք, որ էստեղ արդեն հետախուզության խնդիրը չէ»:
Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ առաջիկա օրերին շփման գծում լարվածությունը կարող է աճել։
Այսօր կողմերին խաղաղության կոչ է արել պաշտոնական Մոսկվան։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կողմերին հորդորել է միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման և արյունահեղության դադարեցման համար․ - «Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին, անթույլատրելի ենք համարում հետագա արյունահեղությունը: Կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը կայունացնելու համար: Սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքը, որում ընդգծված է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկվանից հայտարարում է, որ միջադեպի հետ կապված տարբեր միջազգային կառույցների է դիմել։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ անհասկանալի է թե ինչից է բողոքում Ադրբեջանը․ - «Ադրբեջանը բողոքում է մի բանից, որի մեղավորը հենց ինքն է: Ադրբեջանը բողոքում է, որ խախտվել է զինադադարը, կան զոհեր․․․ Բայց հստակ միջազգային հանրությունը առաջարկել է, և Ադրբեջանի նախագահն էլ համաձայնել է սահմանել մեխանիզմներ, որպեսզի նման միջադեպեր չլինեն, զոհեր չլինեն: Ադրբեջանը մեկ տարի շարունակ խոչընդոտում է այդ ամեն ինչի իրականացմանը: Տրամաբանորեն առաջին հերթին մեղավորներին պետք է փնտրել հենց Բաքվում՝ իշխանության բարձրագույն էշելոններում»:
Այսօր Մոսկվայում և Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատների դիմաց բողոքի ցույցեր են եղել։ Ադրբեջանցիները նմանատիպ ցույց ծրագրում են նաև Բեռլինում Հայաստանի դեսպանատան դիմաց անցկացնել։
Այդ առնչությամբ Բալայանն ասաց․ - «Դա հիշեցնում է վատ բեմադրված թատերական ներկայացում: Կարող եմ ասել, որ Մոսկվայում դեսպանության առջև ընդամենը հինգ անձ է ներկայացել, որոնք փորձել են չարտոնված ցույց իրականացնել, ինչը կանխվել է ռուսական իշխանությունների կողմից: Բեռլինի պարագայում նախատեսվում է կիրակի օրը ինչ-որ բողոքի ակցիա անցկացնել: Եվ Վաշինգտոնում, եթե չեմ սխալվում, համանման ինչ-որ ակցիա է տեղի ունեցել»: