Վերաքննիչ դատարանը սկսեց քննել ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի բողոքները

Տոնածառի գործով 2 տարվա ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանն այսօր հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի, սակայն անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում։

Ընդդիմադիր ակտիվիստն այսօր կաղալով ներկայացավ Վերաքննիչ քրեական դատարանում իր բողոքների քննությանը։

Ավելի քան մեկուկես տարի բանտարկված Սաֆարյանը վերաքննիչից պահանջում է բեկանել մեղադրական դատավճիռը։ Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասյօր 4 ժամ շարունակ դատարանում թվարկում էր նախաքննության ու դատավարության ընթացքում թույլ տրված, իր բնորոշմամբ՝ ապօրինություները․ - «Սա նշանակում է սևը սպիտակի փոխարեն մատուցել, սա նշանակում է չեղած բանը եղածի նման մատուցել․․․ Լավ, առաջին ատյանի դատարանը այդ դատավճիռը կայացրեց, անգամ եթե դուք մեր բողոքը մերժեք, ժամանակ է անցնելու, հարգելի դատարան, էս դատական ակտերը հայտնվելու են համապատասխան իրավաբանական գրքերում, որոնց վրա հղումներ պետք ա կատարվի, և ապագա դատավորները, քննիչները, փաստաբանները պետք ա այդ նույն դատական ակտերով սովորեն, թե ինչպես չի կարելի սևը սպիտակի վերածել, սպիտակը սևի վերածել»:

Գևորգ Սաֆարյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել 2016 թվականի Ամանորի գիշերը ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեղադրանքով։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը, մինչդեռ, վերաքննիչ ատյանից այսօր պահանջում էր Գեղամ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկել՝ պնդելով, թե հենց նա է հարվածել իր վստահորդին․ - «Այդ նույն դրվագը տեսել է մարդու իրավունքների պաշտպանը, ասել է՝ ես խնդրում եմ ասեք, թե ինչ ա տեղի ունենում, մի՞թե սա ոստիկանի պահվածք ա: Մարդու իրավունքների պաշտպանին հետո հանեցին աշխատանքից»:

Նախաքննության ու դատավարության «ամենաակնառու» անաչառության փաստը, ըստ պաշտպանի, հենց ոստիկանների կողմից դեպքի օրը նկարահանված տեսանյութն է, որը հերքում է ոստիկանների ցուցմունքները, թե Սաֆարյանը բռունցքով հարվածել է Գեղամ Խաչատրյանին․ - «Այդ երկու դրվագների տեսանյութը կա, ու չկա հարված: Հետևաբար հարված ընդհանրապես չի եղել: Այսինքն՝ դատարանը հիմնավոր ա համարել, որ էս տեսանյութում Գևորգ Սաֆարյանը չի հարվածում Գեղամ Խաչատրյանին: Մինչդեռ քննիչը ասում ա՝ հենց էս դրվագում ա հարվածել: Մենք էլ ասում ենք՝ ահա տեսանյութը, ահա Գևորգ Սաֆարյանի գործողությունները, որտեղ ոչ միայն չի հարվածում, այլ հնարավոր չէր հարվածել»:

Սաֆարյանի դեմ քրեական գործը հարուցվել էր տուժող ճանաչված Գեղամ Խաչատրյանի և նրա ենթակա ոստիկանների ցուցմունքներով։ Բավական ծավալուն իր ճառում, Հայրապետյանն այսօր մեկ առ մեկ անդրադարձավ իրավապահների ցուցմունքՆերին՝ փորձելով ցույց տալ դրանց անարժանահավատությունը․ - «Բոլոր ոստիկան վկաներին քննիչը նախաքննության ընթացքում հարցաքննել ա, տեսանյութը ցույց ա տվել, և ոստիկան վկաները մատնացույց են արել՝ տեսեք, էս դրվագում երևում ա: Էդ նույն ոստիկան վկաների տեսանյութը մենք բազմաթիվ անգամներ դիտել ենք, որտես չի երևում: Այսինքն էդ ոստիկան վկաների ցուցմունքները անարժանահավատ են, մեղադրանքի կողմի կազմած մեղադրական եզրակացությունը՝ անհիմն»:

Մեղադրող կողմի փաստարկները վերաքննիչ ատյանը կլսի հաջորդ շաբաթ։

Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է նաև 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Նույն գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել նաև Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Այդ գործով դատավարությունը մեկնարկել է շաբաթներ առաջ։