Իրավապաշտպանին հասցեագրված սպառնալիքների փաստով հարուցվել է քրեական գործ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատության» ստուդիայում:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ստացած սպանության սպառնալիքներից տասն օր անց Ոստիկանությունում երեկ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի հիմքով:

Հարուցված գործը կուղարկվի Քննչական կոմիտե:

Սաքունցն այսօր առավոտյան բացատրություն է տվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Իրավապաշտպանի խոսքով՝ ինքը նաև գործով տուժող է ճանաչվել․ - «Ոստիկանության աշխատակիցների տրամադրվածությունը ես տեսա, որ կար, որ անպայման պետք ա ամեն ջանք գործադրեն: Բայց, իհարկե, ես միշտ ունեմ վերապահում, որովհետև նախորդած ժամանակաընթացքում էլ դեռևս 2013 թվականին մեր գրասենյակի հրդեհողները մինչև հիմա չեն հայտնաբերվել: Կամ իրավապաշտպանների, լրագրողների նկատմամբ բռնությունները, որոնք չեն բացահայտվում, հիշենք «Էլեկտրիկ Երևանի, հուլիսյան դեպքերի հետ կապված: Այնպես որ, սպասենք»:

Իշխանության հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Սաքունցի քննադատական գրառումից հետո Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը անձնական վիրավորանքներ է ուղղել իրավապաշտպանին և գրել․ - «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ... դու Ալիևի ագենտն ես, քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք, ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»:

Սպառնալից մեկնաբանությունը «Ֆեյսբուքում» 5 օր պահպանվեց, բայց դրա հեղինակն անվանափոխվեց․ արդեն ոչ թե Աշոտ Ավանեսյան անուն ազգանունն ուներ, այլ՝ Նիկոլայ Զախարչենկո: Իսկ հունիսի 7-ին կեսօրից հետո սպառնալիքով մեկնաբանությունն ընդհանրապես հեռացվեց: Օգտատիրոջ էջն էլ այլևս հասանելի չէր:

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ դեռևս չկան:

Արթուր Սաքունցի նկատմամբ սպանության սպառնալիքներն «անհապաղ» հետաքննելու կոչով Հայաստանի իշխանություններին դիմել էր Human Rights Watch միջազգային հեղինակավոր կազմակերպությունը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քննություն նախաձեռնելու անհրաժեշտություն էր տեսել:

«Սա իրենց արժանապատվության հարցն է՝ կկարողա՞ն արդյոք սպառնալիք հղած անձին բացահայտել: Նաև շատ կարևոր է հասկանալ, թե այդ անձը ինչ առնչություն ունի, ինչ հարաբերություն ունի, ովքեր են իր հովանավորները: Ես լուրջ կասկածներ ունեմ դրա վերաբերյալ, որ դա, այնուամենայնիվ, պատահական մեկը չի, որովհետև այն գնահատականները, որ տրվել են, դա այն գնահատականներն են, որ երկար ժամանակ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվողների հասցեին տրվում են, երբ որ նրանք բավական հետևողական քննադատում են իշխանությունների վարքագիծը: Այսինքն, դա պատահական տերմինալոգիա չէր: Սպառնալիքներ հնչեցնողը կոնկրետ նշել էր և սպանության գործիքը՝ ատրճանակ, նաև փամփուշտի տրամաչափը, ինչը խոսում է այն մասին, որ նա բավական լավ տիրապետում է զենքին», - ասաց Սաքունցը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Սաքունցի հասցեին սպառնալիքներ հնչեցնող ֆեյսբուքյան օգտատերը կա՛մ իշխանության պատվերն է կատարել, կա՛մ ցանկացել է դուր գալ իշխանությանը․ - «Լավ տղա կոչված սպառնալիքային մշակույթը ի վերջո ոչ միայն չի կասեցվում, այլ նաև խրախուսվում է՝ եթե նրանք պատիժ չեն ստանում, այդ մարդիկ, այդ բարձրաստիճան պաշտոնյաները: Այսինքն, սա ինչ-որ իմաստով նորություն չի: Կարող եմ ես շատ ավելի օրինակներ բերել, թե ինչպես մեր դիտորդներին են սպառնացել՝ ոտը կպոկեմ, կսատկացնեմ և այլն․․․ որևէ հետևանք չեն ունեցել»:

Իշխանյանը կարծում է, որ հաշվի առնելով նախորդ դառը փորձը, այս դեպքը նույնպես չի բացահայտվի ու պատժվի, կամ պատիժը կկրի ձևական բնույթ․ - «Եթե լինի պատիժ, դա կլինի շատ ձևական պատիժ, որովհետև ամենամեղմ ձևով կլինի պատիժը: Կամ ընդհանրապես կպարզվի, որ, օրինակ, այդ օգտատեր կոչվածը ոչ թե ինքն է այդ գրառումը արել, այլ պատահական․․․ բաց է եղել Ֆեյսբուքի էջը և իր անչափահաս որդին է այդ գրառումը արել, և հանցակազմ չկա: Ես դաժան մարդ չեմ, չեմ ասում՝ խիստ պատիժը լինի չգիտեմ քանի տարով դատապարտման․․․ բայց բավականին խիստ լինի: Նույնիսկ էնպես լինի, որ դա լինի նախադեպ հետագայի համար»: