Մատչելիության հղումներ

Արթուր Սաքունցը պահանջում է գտնել իր հասցեին սպանության սպառնալիք հնչեցրած մարդուն


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իրավապահներից պահանջում է գտնել իր հասցեին սպանության սպառնալիք հնչեցրած մարդուն:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը անձնական վիրավորանքներ է ուղղել իրավապաշտպանին և գրել․ - «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ... դու Ալիևի ագենտն ես, քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք, ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»:

Իրավապաշտպանը այս սպառնալիքները ստացել է հունիսի 2-ին իր արած ֆեյսբուքյան գրառումից հետո: - «Այդ գրառումը վերաբերում էր մարտի 1-ի հանցագործությանը, այսինքն՝ իշխանության գործունեության հետևանքներին: Որ՝ նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ քաղաքականություն է իրականացվում: Այսինքն՝ մեր հիմնական խնդիրների առաջացման պատճառը ինչում է կայանում», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Արթուր Սաքունցը:

Արթուր Սաքունցն ասաց՝ վաղը իրեն հրավիրել են ոստիկանություն:

Ոստիկանության լրատվականից «Ազատությանը» փոխանցեցին, որ ուսումնասիրել են սպառնալիքների մասին լրատվամիջոցներում Սաքունցի հայտարարությունները և ուղարկել ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պարզելու՝ արդյո՞ք բավարար հիմքեր կան քրեական գործ հարուցելու համար:

Սաքունցը երկուշաբթի օրը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, կցելով իր ֆեյսբուքյան գրառման և ստացած սպառնալիքի պատճենները: Ի դեպ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Իրավապաշտպանի գրառմանն արձագանքած օգտատերը այսօր առավոտյան անվանափախվել էր՝ Արթուր Ավանեսյանի փոխարեն դարձել Նիկոլայ Զախարչենկո, իսկ կեսօրից հետո սպառնալիքով մեկնաբանությունն ընդհանրապես ջնջվեց, օգտատիրոջ ֆեյսբուքյան էջն էլ այլևս հասանելի չէր:

Արթուր Սաքունցը ստացած սպառնալիքները կապում է իր իրավապաշտպան գործունեության հետ՝ հավելելով, որ վերջին շրջանում անդրադառնում է նաև իշխանության և քրեական աշխարհի համագործակցությանը:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ նման սպառնալիքներով իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է արվում:

«Կարելի է ենթադրել, որ այն շատ փոքրաթիվ անհատները, որոնք ընդդիմադիր տեսակետ են հայտնում և այնուամենայնիվ շարունակում են հետամուտ լինել ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին՝ փորձ է արվում նրանց լռեցնել», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց նա:

Անցած տարի Զարուհի Հովհաննիսյանը ևս սպանության սպառնալիքներ էր ստացել՝ կրկին Ֆեյսբուքով: Գործը, սակայն, կարճվեց՝ իրավապահները բավարարեցին սպառնալիքներ հնչեցրած օգտատիրոջ հրապարակային ներողությամբ։

«Մենք հոյակապ գիտենք, որ այդ բոլոր ֆեյքերի, տարբեր օգտատերերի հետևում կանգնած են տարբեր խմբավորումներ, որոնք առնվազն խրախուսում և ուղղորդում են, թե ում հանդեպ պիտի հնչի, ինչ տիպի գործունեություն վարող անձանց հանդեպ պիտի հնչեն նմանատիպ սպառնալիքներ», - մեկնաբանեց Զարուհի Հովհաննիսյանը:

Խիստ մտահոգիչ համարելով Արթուր Սաքունցի հրապարակած տեղեկությունները իրեն կյանքից զրկելու սպառնալիքների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածած հայտարարությամբ կարծիք է հայտնել, որ իրավապահ մարմինները պետք է անհապաղ քննություն նախաձեռնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG