Քաղաքագետ․ Եվրաինտեգրման հանձնաժողովի կազմը բացասական ուղերձ է եվրոպացիներին

Ստեփան Սաֆարյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Չնայած աշնանը նախատեսվում է ստորագրել Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը, այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, Հայաստանի իշխանությունները լուրջ չեն վերաբերվում եվաինտեգրման գործընթացին, ինչի մասին վկայում է նոր խորհրդարանում ձևավորված Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի կազմը։

«Եթե Եվրոպայից կամ որևէ մեկից Հայաստանի իշխանություններին որևէ բան հետաքրքրում է, ապա դա միայն փողն է: Արժեքներ, արժեքային կողմնորոշիչներ, պետական խորքային բարեփոխումներ, համակարգային արդիականացում և հասարակության լուրջ տրանսֆորմացիա․ կարծեք թե, էդպիսի ամբիցիաներ չունի: Թերևս Հայաստանի խորհրդարանում ձևավորված և գործող եվրոպական ինտեգրման հանձնաժողովը դրա վառ ապացույցն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Խորհրդարանական նշված հանձնաժողովի գործունեության ոլորտներն են Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապերը, Հայաստանի օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցումը։ Հանձնաժոզովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է (ԲՀԿ)։

«Ես կարծում եմ, Հանրապետական կուսակցությունը ծիծաղում է Եվրոպայի վրա իր առաջարկած թեկնածուներով», - շարունակեց Սաֆարյանը: - «Եվ ոչ միայն Հանրապետական կուսակցությունը, նաև մյուս կուսակցությունները․․․ Ես երբեք չեմ ասի իհարկե, որ «Ծառուկյան դաշինքը» կամ ԲՀԿ-ն մերժել է եվրոպական ինտեգրումը, բայց հաստատապես այն քաղաքական ուժերը չեն եղել, որոնց օրակարգում առաջնահերթություն է, կամ դոմինանտ է, կամ լուրջ է եվրոպական ինտեգրումը»:

Հանձնաժողովի փոխնախագահը Սամվել Ֆարմանյանն է (ՀՀԿ), իշխող կուսակցության մյուս ներկայացուցիչներն են «Ավշարի Արայիկ» մականունով հայտնի Արայիկ Գրիգորյանը, «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի արդեն նախկին տնօրերն Միհրան Հակոբյանը, «Դերժավայի Արկադ» մականունով հայտնի Արկադի Համբարձումյանը և «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանը, ով ապրիլյան ընտրություններից հետո հայտնվեց սկանդալի կիզակետում, երբ հրապարկվեց նրան պատկանող ընկերության՝ ՀՀԿ-ի օգտին սպառնալիքներով ձայներ հավաքագրելու ժողովի ձայնագրությունը:

Ըստ Ստեփան Սաֆարյանի, հանձնաժողովի կազմն արդեն բացասական ուղերձ է՝ հասցեագրված եվրոպացիներին․ - «Եթե Հանրապետական կուսակցության կողմից այդպիսի թեկնածուների նոմինացումը՝ Միհրան Հակոբյանի կամ Արտակ Սարգսյանի, ի՞նչ ուղերձ է իր մեջ պարունակում․․․ որքանով է լուրջ վերաբերվում Հանրապետական կուսակցությունը եվրոպական ինտեգրացիային և Եվրոպային ընդհանրապես»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արձագանքելով քննադատությանը, թե հատկապես ընտրական սկանդալում հայտնված Արտակ Սարգսյանի ներկայությունը այդ հանձնաժողովում կարող է ընկալվել որպես բացասական ուղերձ, նշեց. - «Հանձնաժողովների մեջ տարբերակում չենք դնում: Ցանկացած հանձնաժողովի դեպքում կարող են ցանկացած քննադատություններ վերագրել: Մենք պատգամավորներին դիտարկում ենք իրենց ցանկություններով, իրենց հնարավորություններով, և աշխատանքի ընթացքում, եթե տեսնում ենք, որ ինչ-որ տեղ իրենց չեն արդարացնում, մենք կարող ենք կատարել փոփոխություն»:

«Ազատության» ճշտող հարցին, թե մասնավորապես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամների ցանկությունը, թե ունակությունները հաշվի առնելով են նրանց ընտրել այդ հանձնաժողովի անդամ, Բաղադասարյանն արձագանքեց, թե ասածը պետք չէ մասնավորեցնել և անձնավորել:

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ է նաև ընդդիմադիր «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը, ով նախորդ գումարումների խորհրդարանների փորձից գիտի, որ այս հանձնաժողովը Ազգային ժողովում ծավալուն աշխատանք երբեք չի արել․ - «Փակվելու վտանգ կար այդ հանձնաժողովի համար, բայց մեր այնտեղ ներկայությամբ մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հանձնաժողովը գործի: Քանի եր գլխադասային հանձնաժողով է դարձել, արդեն ի պաշտոնե պետք է շատ ու շատ նոր նախագծեր, օրենքներ գնան այնտեղ»:

Այնուամենայնիվ Գորգիսյանը ևս չի բացառում, որ ՀՀԿ-ի ընտրած կազմը կարող է ստվեր գցել հանձնաժողովի աշխատանքների վրա, թեև ավելացնում է, որ «Ելք»-ն ամեն ինչ կանի, որ նման բան տեղի չունենա․ - «Ես եթե իրենց փոխարեն լինեի, մեր խմբակցությունում նմանատիպ մարդիկ չէին լինի»: