Մատչելիության հղումներ

ԵՄ ներկայացուցիչ․ «Սերժ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրոպական միության հետ»


Եվրամիությունը լիահույս է, որ Հայաստանն այս անգամ կստորագրի՝ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիստերն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց, որ այդ համոզմանն է եկել նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկման արդյունքում:

«Այո, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, գիտենք, թե ինչ կատարվեց 2013 թվականին, բայց այժմ նախագահ Սարգսյանը պատրաստ է հավակնոտ համաձայնագիր ստորագրել Եվրոպական միության հետ և սա կարևոր է մեզ՝ Եվրամիության համար», - նշեց Մաքալիստերը: - «Հույս ունեմ, որ այս մանրակրկիտ և բարդ բանակցային գործընթացը կհասնի ավարտին, քանի որ դա շահեկան կլինի Հայաստանի ժողովրդի և բիզնեսի համար», - հավելեց նա:

Եվրամիությունը, հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի հետ բանակցում էր մեկ այլ՝ Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ։ 2013 թվականի սեպտեմբերին, սակայն, մոտ երեք տարվա բանակցություններից հետո շատերի համար անսպասելիորեն նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միությունը։ Հայաստանի և Բրյուսելի միջև նոր շրջանակային համաձայնագիրն, ըստ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչի ամենայն հավանականությամբ կստորագրվի նոյեմբերին։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այսօրվա ասուլիսին, անդրադարձավ նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։ Մաքալիստերի գնահատմամբ, եղել են թերացումներ, բայց ընտրությունները ընդհանուր առմամբ լավ են ընթացել։

Հայաստան կատարած երկօրյա այցի ընթացքում, Մաքալիստերը Եվրոպայի խորհրդարանի 7 պատգամավորների հետ հանդիպել է նաև քաղհասարակության ներկայացուցիչների ու իրավապաշտպանների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG