Շենգավիթի վարչական շրջանի դատարանի ապակեպատ դահլիճում առանց բարձրախոսի հնարավոր չէր լսել դատավորին ու մյուսներին, ինչը հարուցեց ապակու մյուս կողմում գտնվողների դժգոհությունը:
Միայն դատական նիստի ավարտին բարձրախոսի ձայնը կարգավորվեց, երբ դատավորն արդեն հաջորդ դատական նիստի օրվա մասին պայմանավորվում էր փաստաբանների ու դատախազների հետ։
Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանն ու փաստաբանները շարունակում են հայտարարել, որ նա որևէ հանցանք չի գործել, և ճաղերի հետևում է հայտնվել բացառապես իր քաղաքական հայացքների համար։ Դատական նիստից հետո Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հիշեցրեց Սեֆիլյանի քննադատությունը ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հեկտար հողատարածքը կորցնելու մասին․ - «Դրանից հետո հարձակումներ եղավ Ժիրայր Սեֆիլյանի վրա ամենատարբեր աստիճաններով»:
Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով․ ըստ մեղադրանքի, նա մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրել մայրաքաղաքում՝ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով։ Դրա կազմակերպման համար նախապատրաստական գործողություններ է կատարել։
Բայց այս, ըստ մեղադրանքի, Սեֆիլյանը 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ։ Բայց, ինչպես նշվում է մեղադրականում, նա չի հասցրել ավարտել այս գործողությունները։
Տիգրան Հայրապետյանն ուշադրություն է հրավիրում զանգվածային անկարգությունների մեղադրանքի վրա՝ շեշտելով, որ Սեֆիլյանին պատժում են հանրահավաքների կազմակերպման համար․ - «Առաջին մեղադրանքը զուտ քաղաքական մեղադրանքն է, որ նա հանրահավաքներ է կազմակերպել, ցույցեր է կազմակերպել, որ նա փորձել է ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնել և անօրինական հավաքներ կազմակերպել ապրիլի 24-ին»:
Ինչ վերաբերում է մյուս հոդվածին՝ ապօրինի զենքի հետ կապված, Հայրապետյանը հիշեցրեց հայտնի ավտովթարը, որտեղից զենք էր հայտնաբերվել։
Հայրապետյանն ասաց, որ նախաքնական մարմինը չկարողացավ ապացուցել, որ Սեֆիլյանն իսկապես կատարել է այդ գործողությունները․ - «Իբրև թե Ժիրայր Սեֆիլյանը բազմաթիվ ենթախմբեր է ունեցել, բազմաթիվ խմբեր է ունեցել: Եթե էդպես էր, պետք է էդ խմբերը բացահայտվեին: Ասում են՝ 200-300 զինված խմբեր է ունեցել Ժիրայր Սեֆիլյանը․․․ Էդ դեպքում պետք է Հայաստանը բեռնաթափել 200-300 զինված խմբերից, որովհետև ընդամենը, համաձայն մեղադրանքի, 5-6-ն են բացահայտվել»:
Փաստաբանի համար ևս զարմանալի է, որ նախաքննական մարմինը սկզբում հայտարարել էր, որ Սեֆիլյանը Երեւանի հեռուստաաշտարակը ծրագրել է զավթել 2015-ի դեկտեմբերի 1-ին, բայց հիմա արդեն նշվում է, որ զավթումը պետք է իրականացվեր 2016-ի մայիսին: Նրա խոսքով՝ Սեֆիլյանի «գլխին սարքել են»․ - «Երկու զենք է հայտնաբերվել պատահական ավտովթարի ժամանակ․․․ Ավտովթարի ժամանակ վարորդը հանել է, էդտեղ ստվարաթղթի արկղ ա եղել, ցանկացել է դնել գետնին, էդ ժամանակ ավտոմատ է ընկել գետնին: Եվ հենց էդ պահին ՊՊԾ գնդի համապատասխան ոստիկանները կանգնած են եղել, միանգամից հայտնաբերել են, և ցուցմունք ա եղել, որ դա Ժիրայր Սեֆիլյանինն ա»:
Ըստ փաստաբանի, Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել գործով մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը։ Նա, ըստ մեղադրանքի, հրազեններն ու ռազմամթերքը Ժիրայր Սեֆիլյանին վերդարձնելու ժամանակ ենթարկվել է ավտովթարի, բացահայտվել ու բերման ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված Պետրոսյանը հրաժարվել է մասնակցել հեռուստաշտարակի եւ այլ շինությունների գրավմանը։
«Մի պահ ենթադրենք էդպես ա, և պետք ա հարձակում լիներ, և Ժիրայր Սեֆիլյանը էդ խմբի ղեկավարն էր: Իսկ մնացածների վրա ինչո՞ւ չի դրվել այդ մեղադրանքը: Նույն Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տվողների վրա ինչո՞ւ այդ մեղադրանքը չի դրվել», - տարակուսում է փաստաբա Տիգրան Հայրապետյանը:
Ընկերոջ դատական նսիտին ներկա էր նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամ, Ալեք Ենիգոմշյանը: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ դատարանից ակնկալիք չունի, բայց ներկա գտնվողների ոգին նրան հույսեր է ներշնչում․ - «Պետք է գրանցեն բոլորը, և առաջին հերթին հենց այս համակարգը, որ ժողովրդի մոտ տրամադրությունները երբեք անկումային չեն, այլ վճռականությունը, բարձր ոգին շարունակվում է»:
Սեֆիլյանի հետ այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը․ նա մեղադրվում է 2015-ի ապրիլի 24-ին ծրագրավված զանգվածային գործողությունների նախապատրասման մեջ։
Սաֆարյանը նաև 2016-ի հունվարին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելուց հետո ոստիկանին հարվածելու մեղադրանքով 2 տարով ազատազրկվեց։
Սեֆիլյանից ու Սաֆարյանից բացի, ևս 5 մեղադրյալ կա, որոնք, ըստ մեղադրանքի, ներգրավված են եղել Սեֆիլյանի ձևավորված զինված խմբում։