Շուրջ 5 ժամ տևած քննությունից հետո Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունն ու երկու ամսով կալանավորեց «Նոր Հայաստան» քաղաքական շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:
Մեկնաբանելով դատարանի որոշումը, Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց՝ որպես կալանավորման հիմնավորում քննիչը նշել է, որ ազատության մեջ մնալով՝ Սեֆիլյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին, սակայն որևէ ապացույց չէր բերել:
«Նման պարագաներում դատարանը հարց է ուղղում քննիչին, ասում է՝ ո՞րն է այն նյութը, որով Դուք հիմնավորում եք, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քննությանը: Քննիչը որևէ բան չէր նշել: Հետևաբար այս պայմաններում դատարանը չէր կարող խափանման միջոց ընտրել», - հայտարարեց Տիգրան Հայրապետյանը՝ շարունակելով․ - «Ուղղակի ի զորու չէր դատարանը արդար դատական ակտ կայացնելու»:
Նրա խոսքով, Ժիրայր Սեֆիլյանը ճանաչված քաղաքական գործիչ է, և նրան կալանավորելու համար բավականին խիստ ու ծանրակշիռ փաստարկներ պիտի լինեին, մինչդեռ այս դեպքում «անգամ սովորական չափանիշը չէր բավարարվել»։
«Նման որոշումները ավելի շատ քաղաքական որոշումներ են», - ասաց Տիգրան Հայրապետյանը:
Պաշտպանական կողմը նաև առաջարկել էր 10 միլիոն դրամի և երկու բնակարանի չափով գրավի դիմաց ազատել Սեֆիլյանին, սակայն դա ևս մերժվել էր: Փաստաբան Հայրապետյանը նաև պատմեց, որ Սեֆիլյանը քննության ամբողջ ընթացքում լուռ է մնացել՝ տեղի ունեցողը համարելով քաղաքական հալածանք:
«Սեֆիլյանը որևիցե ձևով չէր մասնակցում [դատավարությանը]: Նա հայտարարել է, որ այս ամենը բեմադրություն է, և չի ուզում դեր վերցնել այս բեմադրությունում: Հարցեր չէր տալիս, հարցերի չէր պատասխանում»:
Կալանավորման որոշումից ժամեր առաջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք:
Սեֆիլյանի կինը, մեկնաբանելով անկախ Հայաստանում իր ամուսնու արդեն երրորդ կալանավորումը, կարծիք հայտնեց, որ այս անգամ ազատամարտիկին անազատության մեջ ավելի երկար կպահեն:
«Էս 26 տարիների ընթացքում մենք ունեցել ենք երեք նախագահներ: Առաջինի ժամանակ էլ ենք հալածվել որպես դաշնակցական, երկրորդի ժամանակ հալածվել ենք որպես ազատագրված տարածքների պաշտպանության կազմակերպող, երրորդի ժամանակ էլ չգիտեմ որպես ինչ, քաղաքական մեր հայացքների համար: Մենք եկել էինք Հայաստան՝ իմանալով, որ Արցախում թուրքերը հայերին նեղում են, հասնելու մեր ժողովրդին: Դժբախտաբար այնպիսի կացություն ստեղծվեց, որ մենք դարձանք հալածյալ մեր հայրենիքում: Եթե մենք ուզում ենք մեր Սփյուռքը բերենք և Սփյուռքի հայրենասեր հայերը գան և հաստատվեն Հայաստանում, սա մեծ հարված է իրենց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նանոր Սեֆիլյանը:
«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, ձերբակալվել է հունիսի 20-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: