Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը մտահոգել է Ավետիսյանների հարազատներին

Գյումրիում երեք տարի առաջ դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների պաշտպանները տարակուսած են Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության բովանդակությունից։

Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով, գերատեսչությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ Վալերի Պերմյակովի գործով աշխատանք է տարել և հիմա էլ ցմահ դատապարտյալին հանձնում է ռուսական կողմին։ Բայց, փաստաբանի կարծիքով, ո՛չ նրա գործը, առավել ևս ռուս զինծառայողը չեն պատկանել Հայաստանին, այնպես որ փոխանցումը հիմնավորել 1998 թ. Մոսկվայի կոնվենցիային, լուրջ իրավական սխալ է․ - «Նախ և առաջ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է նախարարությունը ձևական ցույց տալիս, թե իբր իրենք ինչ-որ գործընթաց են իրար հետ արել, իբր հայկական կողմն է փոխանցում իրականացրել: Սա ինձ համար անհասկանալի է: Միգուցե կան ինչ-որ խնդիրներ, որոնց ուժով նրանք ցանկանում են այսպիսի ձևական տեսք ստեղծել, փոխանցման տեսք ստեղծել, բայց ասեմ, որ սա իրավաբանության հետ որևէ աղերս չունի»:

«Ազատությունը» փորձեց գործի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ճշտել Արդարադատության նախարարությունից։ Սակայն կառույցից հրաժարվեցին հարցազրույց տալ՝ նշելով, որ հաղորդագրությունից դուրս ասելիք չունեն։

Ու թեև այդ հաղորդագրության մեջ գրված է, որ ՌԴ դատարանը երաշխավորել է անցած տարի Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Պերմյակովի դատավճռի անվերապահորեն ու լիովին կատարումը, Ավետիսյանների հարազատներին դա չի սփոփում։

Ընտանիքի ազգականներից Արթուր Կոշտոյանն ասում է, որ լավագույն երաշխիքը կլիներ այն, որ յոթ հոգու սպանության համար մեղավոր ճանաչված Պերմյակովը պատիժը կրեր Հայաստանում․ - «Հույս ունեինք, որ գոնե վերջում մեր կառավարությունը, իրավասու մարմինները և այլն, և այլն կգտնեին որոշում, որ գոնե այդ ամեն ինչը՝ դատավարությունը, մնացած պրոցեսները, շատ-շատ բաներ մեր սրտով չէին, բայց գոնե վերջում էդ մի բանը մեր սրտով կլինի, որ իրան թողնեն Հայաստանում, պատիժը կրելու, ու ինչ-որ չափով գոնե պրոցեսից տեղեկություններ ունենանք, գոնե համոզված լինենք, որ ինքը պատիժը կրում ա»:

Լուսինե Սահակյանի փոխանցմամբ՝ հարազատներին տեղյակ էին ու զգուշացված, որ Պերմյակովին տեղափոխելու էին Ռուսաստան։ Հարցին նայելով իրավական տեսանկյունից՝ փաստաբանը վստահ է, որ հայրենիքում Պերմյակովն ազատ չի արձակվի։ Ռուսաստանի դատարանը ճանաչել է Հայաստանի կայացված դատական ակտը․ - «Ճիշտն ասած, ես դա բացառում եմ, սակայն հարազատներին էլ եմ հասկանում: Որովհետև հարազատները տեսել են, թե ինչպես ութ անգամ հոգեբուժարանում բուժում ստացած անձը, որը Ռուսաստանի Դաշնությունում զենք կրելու իրավունք չի ունեցել, և օրենքով չէիր էլ կարող պատկերացնել, որ նրա ձեռքում կարող է զենք հայտնվել, համենայն դեպս զենքը նրա ձեռքում հայտնվել է և փաստորեն յոթ հոգու կյանք է խլվել»:

«Պերմյակովը գնաց, բայց գործն այսքանով չի փակվելու», - ասաց Սահակյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունից ոչ-նյութական վնասի փոխահատուցման 450 հազար եվրոյի պահանջով իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ - «Նաև փորձ ենք անելու Ռուսաստանի Դաշնություն համապատասխան հայցեր ներկայացնել, որպեսզի լուծվի փոխհատուցման հարցը: Եվ այդ փոխհատուցման հարցի լուծումը ձևական բնույթ չի կրում: Խնդիրը նա է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է հասկանա, որ իր զինվորների համար և՛ բարոյական, և՛ նյութական պատասխանատվություն է կրում»:

Եվրոպական դատարան ևս մեկ հայց կգնա Պերմյակովի գործով։ Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը Ստրասբուրգում կփնտրեն նախաքննության ու դատաքննության ընթացքում չստացած հարցերի պատասխանները։

«Ազատության» հետ զրույցում Զալյանն ասաց, որ հանցագործության դրդապատճառներն այդպես էլ մնացին չբացահայտված․ - «Բազմաթիվ նորմեր են խախտվել թե՛ գործի դատական քննության, թե՛ նախնական քննության ժամանակ, որոնք հենց կոնվենցիոն նորմեր են: Եվ այդ կոնվենցիոն նորմերի խախտման հիմքով մենք պետք է դիմենք Եվրոպական դատարան: Նույնիսկ էն հիմքով, որ քննությունը չի հանգեցրել մեղավորների բացահայտմանը և պատշաճ պատժի նշանակմանը»:

Եվրոպական դատարան դիմելու համար Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները 6-ամսյա ժամկետ ունեն։ Նրանց խոսքով, ներպետական դատական ատյանների անգործության պատճառով ՄԻԵԴ-ը կարող է պատասխանատվության ենթարկել նաեւ Հայաստանի Հանրապետությանը։