Փաշինյան․ «Ուզում են 122 հազար 49 մարդու քաղաքացիական հավատը ոչնչացնեն»

Երբ պարզ դարձավ, որ երեք կուսակցություններից բաղկացած «Ելք» դաշինքը ապրիլի 2-ի ընտրություններում բավարար թվով ձայներ է հավաքել խորհրդարան անցնելու համար, ընդդիմադիր դաշտի մեկ այլ հատվածից սկսեցին կարծիքներ հնչել, թե «Ելք»-ը «կառավարելի ընդդիմություն» է: Մասնավորապես, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներ Հովսեփ Խուրշուդյանն ու Արմեն Մարտիրոսյանը կասկածի տակ դրեցին «Ելք» դաշինքի ընդդիմադիր լինելու հանգամանքը, Մարտիրոսյանը անգամ հայտարարեց, թե դաշինքի թիկունքում կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:

«Ելք» դաշինքի ցուցակով Ազգային ժողով անցած Նիկոլ Փաշինյանը, ով «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 9-ի թողարկման հյուրն էր, վիրավորական է համարում այս կարծիքները և ևս մեկ անգամ բացառում է դաշինքի կապը իշխանության հետ:

«Կան մարդիկ, ովքեր չեն ուզում հավատալ, որ էս ուժը ստացել է քվե, ստացել է իր աշխատանքի արդյունքում: Ես էս նախընտրական արշավի, չգիտեմ, չեմ էլ հաշվել՝ քանի օրը, չի եղել մի օր, չի եղել մի ժամ, որ ես աշխատանքով չզբաղվեմ: Եվ ես շատ ուրախ եմ, որ բազմաթիվ մարդիկ ասում են էդ խոսքերը, ասում են՝ կատարվել է աշխատանք, որը բերել է արդյունք: Եվ ընդ որում, էլի եմ ասում, ես, օրինակ, երբ որ հիմա մեզ ասում են՝ «ա՛յ, էս մեկի հետ է կապված, էն մեկի հետ», ընդդիմադիր պարտված ուժերը, ինձ համար ինչի՞ է դա անընդունելի՝ մեզ հետ չի խնդիրը, պրոբլեմը մեզ հետ չի․ նրանք ուզում են, էդ մարդիկ, որոնք իրենց քաղաքական գործունեությամբ ջարդուփշուր են արել իրենց քաղաքական էլեկտորատը և մսխել են ամբողջը, նրանք ուզում են էս ձևավորված հույսի կղզին քարուքանդ անեն, նրանք 122 հազար մարդուն են վիրավորում, երբ որ ասում են՝ «Սերժ Սարգսյանի հետ կապ ունի, Սերժ Սարգսյանի ախպոր հետ կապ ունեն, Սերժ Սարգսյանի փեսայի հետ կապ ունեն», - հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ես էս ամեն ինչի հետ խնդիր ունեմ առաջին հերթին էդ պատճառով: Նրանք ուզում են էդ մարդկանց՝ 122 հազար 49 մարդու քաղաքացիական հավատը ոչնչացնեն, ու դա ավելին է, քան՝ սխալ, դա հանցագործություն է, դա սրիկայություն է սովորական, սրիկայություն, մելկի ժուլիկի սրիկայություն ուղղակ»:

«Բացարձակապես ղալաթ են անում բոլոր ասողները, Վատիկանում էլ, բոլոր մնացած տեղերում էլ էն դեսպանները, որոնք կարող են որևէ բան... Ես ասել եմ՝ այստեղ այդ հարցերին չեմ անդրադառնալու, ուրեմն, ես ցանկացած դեպքում շատ կոշտ հակազդելու եմ դրա հետ կապված որևէ հարցի, որովհետև հիմա եթե էդ ժանրով գնանք, կարող ենք լրիվ ուրիշ դաշտում հայտնվել», - ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:

«Ես ուրիշ բան եմ ուզում ասել: Ես 95 թվականից ինձ Հայաստանում հետապնդումների են ենթարկել: Երբ որ ինձ համալսարանից հեռացնում էին, թերթեր կան՝ գրում էին՝ հեռացրել են իրեն, որ փիառ լինի: Հետո դատում էին՝ ասում են՝ դատում են, որ փիառ լինի: Բանտում հարձակվում էին մասկեքով գիշերը վրաս՝ ասում են՝ դա արվում է, որ ... Ես էդ մարդկանց ասում եմ՝ բա դուք էլ նենց արեք, որ ձեզ էլ փիառ լինի»», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 9-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․