Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանն ընդդիմադիրներին կոչ է անում չշոշափել իր անունը


Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյան, արխիվ
Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյան, արխիվ

Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանին և «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով նրանց «դադարեցնել անիմաստ բանավեճը», որում շրջանառում են իր անունը։

«Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է: Մենք անձնապես ծանոթ չենք՝ ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։ Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է: Այն ոչ միայն տհաճ է, այլև վնասակար՝ իմ աշխատանքային գործունեության տեսանկյունից», - եզրափակում է Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

Նշենք, որ Մինասյանի այս հայտարարությունը հետևեց Փաշինյան-Մարտիրոսյան երեկվանից ծավալված սուր բանավեճին։ Նախ երեկ հրավիրած ասուլիսում ՕՐՕ դաշինքի անդամներ Հովսեփ Խուրշուդյանն ու Արմեն Մարտիրոսյանը կասկածի տակ դրեցին «Ելք» դաշինքի ընդդիմադիր լինելու հանգամանքը։ Մարտիրոսյանն անգամ շեշտեց, թե դաշինքի թիկունքում կանգնած է նախագահ Սերժ Սարգսյանի փեսա՝ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը։ «Իշխանությունը 100 տոկոսանոց իր համար խորհրդարան ստեղծեց՝ բառիս բուն իմաստով: Այս պահին մենք ունենք երեք անձի կողմից ձևավորած խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան», - հայտարարել էր Մարտիրոսյանը:

Այսօր արդեն «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Արմեն Մարտիրոսյանին և Հովսեփ Խուրշուդյանին՝ ֆեյսբուքյան իր էջում սուր քննադատության ենթարկելով նրանց։ Ինչպես որ Մարտիրոսյանը, Փաշինյանն էլ իր հերթին շոշափեց Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի անունը։ «Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարել են, թե «Ելք» դաշինքի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: «Ելք» դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող և դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության և քնքշանքի ակնհայտ պակաս ունի», - գրել է Փաշինյանը։

«Միքայել Մինասյանը, նրա աները կամ նրանց նման որևէ մեկը մեր թիկունքին չեն կարող կանգնել, կարող են կանգնել միայն մեր ստվերում», - շարունակել է Փաշինյանն՝ անելով հետևյալ հարցադրումը, թե ինչու՞ է օրինակ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը մինչև հիմա բանտում, իսկ ցույցերն առաջնորդող Մարտիրոսյանն ու Խուրշուդյանը՝ ազատության մեջ։ «Մի՞թե այն պատճառով, որ իրենց թիկունքին Միքայել Մինասյանը ամենևին կանգնած չէ, կամ իրենք Սարի թաղում ժողովրդի ջարդը կազմակերպելու գործում ընդհանրապես չեն աջակցել աներոջը և փեսային», - գրել է Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG