«Ազատություն»․ - Այսօր կրակոցներ են հնչել Ջրառատ գյուղում: Ըստ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ներգրավված են եղել Հանրապետականի և «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի կողմնակիցները: Ըստ Օհանյանի, պատճառը եղել է այն, որ դաշինքի անդամները քարոզչական նախընտրական հավաք են անցկացրել, ինչը դուր չի եկել Հանրապետականներին: Գյուղապետը Հանրապետական է, գյուղապետի բարեկամը, կարծես թե, քեռին բոլորին հայտնի Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանն է: Ինչպե՞ս եք գնահատում այս միջադեպը՝ հաշվի առնելով, որ իշխող Հանրապետականի նախընտրական կարգախոսը հենց այդպիսին է՝ «Անվտանգություն և առաջընթաց»:
Արմեն Աշոտյան․ - Խնդիրը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների իրավական, օրենսդրական կարգավորումների դաշտում: Քաղաքական տեսակետից, բնական է, որ Հանրապետականը դատապարտելի է համարում Ընտրական օրենսգրքի ցանկացած խախտում և առհասարակ օրենսդրության ցանկացած խախտում: Հանրապետականը կարիք չունի օրենքների խախտումով իրականացնելու քարոզարշավ և գնալու ընտրությունների: Բուն միջադեպի հետ կապված պատճառահետևանքային կապերը, կարծում եմ, հետաքննությունը ցույց կտա, և քաղաքական գնահատականներ հնչեցնելու կարիք այս պահին բացարձակապես չկա, քանզի հարցը բացառապես իրավապահ մարմինների լիազորությունների ներքո է: Քանիցս հնչել է Հանրապետականի կողմից հորդոր և՛ իր կողմնակիցներին, և՛ մնացած բոլոր ուժերին՝ զերծ մնալ այն գործողություններից, որոնք կարող են ստվեր գցել քաղաքական այս գործընթացի վրա: Միաժամանակ մի հանգամանք էլ հաշվի առնենք․ բացարձակապես չեմ ուզում շեշտադրել տվյալ դեպքը, բայց առհասարակ չի կարելի բացառել, որ համայնքներում կան տարբեր բնակիչների, քաղաքացիների միջև վաղուց կուտակված որոշակի խնդիրներ, որոնք կարող են ընտրությունների առիթով ևս մեկ անգամ սրվել: Եվ այդ սրացումները կապել քաղաքական գործընթացների հետ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ: Բոլոր դեպքերում սպասենք իրավապահների գնահատականին: Այս դեպքից սարքել քարոզչական կամ հակաքարոզչական ինչ-որ արտառոց դեպք, կարծում եմ, ճիշտ չէ, որովհետև, այո, դեպքը արտառոց է, բայց քարոզչության մեջ օգտագործվելիք չէ, որովհետև բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև:
«Ազատություն»․ - Հենց օրենքի առջև հավասարության մասին եմ ուզում հարցնել․ երեկ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ բերման են ենթարկվել միայն իրենց դաշինքի համակիրները: Նա ասաց, որ եթե չլինեն կոնկրետ գործողություններ, ապա այդ դեպքում իրենք են կոնկրետ գործողությունների դիմելու:
Աշոտյան․ - Ես չեմ ուզում մեկնաբանել Սեյրան Օհանյանի տվյալ միտքը: Ե՛վ Սեյրան Օհանյանին, և՛ լրագրողներին, մնացած բոլորին, ում այս դեպքը հետաքրքրում է, մնում է մեկ բան՝ զինվել համբերությամբ և հետևել հետաքննության, ուսումնասիրությունների ընթացքին:
«Ազատություն»․ - Քանի որ իշխող Հանրապետականը բազմիցս է այդ մասին խոսել, նաև Սերժ Սարգսյանն է ասել, որ այս ընտրությունները պետք է շատ լավ կազմակերպվեն, պետք է համապատասխանեն բոլոր ստանդարտներին, պետք է ազատ և արդար անցնեն, ինչպես Սերժ Սարգսյանը նշեց՝ վստահություն ներշնչեն: Ձեր մրցակիցներից, կոնկրետ Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը և անձամբ Պաշտպանության նախկին նախարարը խոսում են ճնշումների մասին, որ տարբեր ճնշումներ են բանեցվում իրենց կողմնակիցների նկատմամբ: Բացի այդ, հավաքներից մեկում նա հավաքի սակավամարդությունը հենց ճնշումներով և «վախի մթնոլորտով» բացատրեց: Դուք կիսո՞ւմ եք, որ նման մտահոգություններ կան:
Աշոտյան․ - Որոշ լրատվամիջոցներ ցանկանում են այս ընտրություններին քարոզչական մի սյուժե հորինել, սարքել՝ հակադրելով ՕՐՕ-ն ՀՀԿ-ին: Նման հակադրությունների կարիք բացարձակապես չկա: Ես հասկանում եմ, որ քարոզչական տեսակետից դա գուցե ձեռնտու է նաև ՕՐՕ-ին, որովհետև, հակադրվելով քաղաքական ամենամեծ և հավակնություններ ունեցող իշխանական ուժին, շանս են տեսնում իրենց ռեյտինգի բարձրացման, բայց մենք այդ խաղը չենք խաղալու: